×


Մահացել է Ռազմիկ Դավոյանը

Այսօր Երեւանում կյանքից հեռացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Նա հուլիսին կդառնար 82 տարեկան:

«Ես այնպես երիտասարդ եմ, ինչպես ամենագեղեցիկ ցանկությունն իմ սրտում, եւ այնպես ծեր, ինչպես իմ կյանքի բոլոր չիրականացած երազանքները»,- ասում էր Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանը ծնվել է Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, որտեղ 1958 թվականին ավարտել է բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ սովորել Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։

1989 թվականին եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թվականներին` Հայաստանի գրողների միության վարչության նախագահ:

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թվականին՝ Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին։

Հրատարակվել են նրա «Իմ աշխարհը» (1963թ.), «Ստվերների միջով» (1967թ.), «Ռեքվիեմ» (1969թ., 1998թ.), «Խաչերի ջարդը» (1972թ.), «Մեղրահաց» (1973թ.), «Կեղեւդ բաց արա» (1975թ.), «Ինչ էր եղել» (1977թ.), «Պոեմներ» (1980թ.), «Տաք սալեր» (1983թ.), «Թորոս Ռոսլին» (արձակ, 1983թ.), «Բանաստեղծություններ» (1984թ.), «Պղնձե վարդ» (1985թ.), «Տխուր փիղը» (1985թ.), «Հանճար եւ հիշողություն» (արձակ, 1986թ.), «Ընտիր երկեր» (1987թ.), «Քարե բարձ» (1989թ.), «Կենսական էներգիայի ուսմունքը» (տեսական, 1998թ.), «Ոգեղեն հաց» (2001թ.) եւ այլ գրքեր:

1998-ին արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2011-ին՝ Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2010-ին՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2015-ին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին