×


«Չեմ բացառում, որ մի օր կարող է մտափոխվեմ»․ Լիդուշիկ

2013 թվականից Լիդուշիկը Նոր տարին տատիկի հետ դիմավորում է Միացյալ Նահանգներում: Ձեւավորված ավանդույթի, նաեւ նոր տեսահոլովակի մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին:

«Ճիշտ է՝ այցի բուն նպատակը հանգստանալն է, բայց հասցնում եմ նաեւ մի շարք համերգների եւ կոորպորատիվ երեկույթների մասնակցել։ Մեր ընկերները, որոնց հետ երկար համագործակցելու առիթներ եմ ունեցել, անպայման գեղեցիկ միջոցառումների են հրավիրում, որոնց էլ մեծ սիրով եմ ներկա լինում։ Նման միջոցառումներից մեկի ժամանակ էլ հանդիպեցի իմ հին ընկերներից Հակին։ Ինքն էլ ինձ վաղուց չէր տեսել ու բոլորի պես զարմացավ, որ երբեմնի փոքրիկ երգչուհին այդքան մեծացել է:): Մեր զուգերգի գաղափարը նրանն է»,- պատմել է Լիդուշիկը։



«Մամա» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Հակն է․«Առաջին անգամ է, որ այսքան արագ նոր գործ ստեղծեցինք։ Երգը մի քանի ժամում է գրվել, հոլովակն էլ շատ հանպատրաստից ու արագ ենք նկարահանել. իմ՝ Երեւան գալուց մեկ օր առաջ։ Շնորհակալ եմ ռեժիսոր Գալուստ Հակոբյանին եւ «Բարեկամություն» համույթին՝ ուրախ ու պարային բեմականացման եւ հոլովակում նկարահանվելու համար»,- նշել է երգչուհին:

Լիդուշիկը


ԱՄՆ-ում ամեն տարի նոր վայրեր է բացահայտում․«Տարին տարվա վրա մեծացած եմ լինում, Կալիֆորնիայում ապրող ընկերներս՝ նույնպես, մեր հետաքրքրությունների շրջանակը փոխված է լինում, ու ամեն այցի ժամանակ այլ բաներ են մեզ հետաքրքիր լինում։ Գնալը, շրջելը, միջավայրը փոխելը շատ լավ է, բայց չեմ պատկերացնում ինձ այնտեղ ապրելիս։ Բացի դա, Հայաստանում դեռ շատ անելիքներ ունեմ, պետք է ուսումս շարունակեմ մագիստրատուրայում։ Ստուդիայիս աշխատանքներն են ակտիվ փուլում, շատ աշակերտներ ունենք արդեն, չեմ կարող կիսատ թողնել ու ամեն բան այնտեղ զրոյից հիմնել։ Իհարկե, չեմ բացառում, որ մի օր կարող է մտափոխվեմ»,- եզրափակել է Լիդուշիկը։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լիդուշիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին