×


Արեւիկ Սիմոնյանի «H20» խորհրդանշական ցուցադրությունն ու հյուրերը

Նորաձեւության տարրերով համեմված ինտերակտիվ էքսպոզիցիան երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում յուրահատուկ մթնոլորտ էր ստեղծել: «H20» խորագրով ցուցադրության հեղինակը դիզայներ Արեւիկ Սիմոնյանն է: Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն է, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը:

Ազգային զարդանախշեր, քրիստոնեական ոճ, կորսված հայրենիք ու խաչի զորություն՝ հենց այս միաձուլմամբ «Kivera Brand»-ը պատերազմի ցավը արվեստի է վերածել եւ ստեղծել մի միասնություն, որը մտորելու ու կյանքը վերարժեւորելու տեղիք է տալիս:


«Մենք կորցրել ենք մեր մշակութային կոթողները, եկեղեցիները, արցախյան եդեմական հողերը: Մտածում էի՝ ինչպես կարող եմ աշխարհին ցույց տալ մեր բազամադարյա մշակույթը: Գուցե զարմանալի լինի, թե ինչպես կարող ենք նորաձեւության միջոցով մեր ձայնը լսելի դարձել, բայց ես հավատում եմ դրան, որ եթե ամեն մեկս մեր գործով պայքարենք, ինչ-որ բան կարող ենք փոխել: Ես կարող էի միայն մշակույթով ու իմ գործով պայքարել»,- ասում է Արեւիկ Սիմոնյանը:


Դիզայները Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»: Պատկերավորության շնորհիվ հանդիսատեսը, մուտք գործելով սենյակներ, միանգամից ընկալում էր, թե որ սրահում է: Խորհրդավոր լուսավորությունը, հոգեւոր երաժշտությունն ու ներկայացված զգեստներն իրենց գունային, դիզայներական տարբեր լուծումներով ամբողջացնում էին հոգեւորի ու նյութականի միաձուլումը եւ դիզայների հոգեվիճակը:


«Մեր նպատակը հավաքածուի հանրայնացումը կամ նոր գաղափարների տարածումը չէր: Մեր նպատակի հիմքում մեր հավատքն է: Ուզում էինք ցույց տալ, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք ու դա պատահական չէ: Ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս, ոչ թե ասի՝ հետաքրքիր էր, այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժեւորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- նշում է Արեւիկը:

Ցուցահանդեսը կրում է «H20» խորագիրը. ջուր, որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում արցունք, ուրախանում ենք՝ արցունք: Մենք կնքվում ենք ջրով... Իսկ այս հավաքածուն ստեղծելիս փորձում էինք հասկանալի մատուցել գաղափարը: Սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան՝ հագուստային»,- ասում է ցուցադրության համակազմակերպիչ, «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը:


Դիզայներ Արեւիկ Սիմոնյանը 4 տղաների մայր է եւ շատ լավ գիտի խաղաղության գինը: Ու քանի որ հավաքածուի գաղափարը ծագել է հենց հետպատերազմյան շրջանում, պատերազմի թեման չէր կարող չընդգրկվել այս ցուցադրությունում:


«Ցանկացել եմ ցույց տալ ոչ թե պատերազմը, այլ դրա հետեւանքով մարդու ունեցած կորուստները: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու անցնելիք ճանապարհը. ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Ու մենք պետք է ընտրենք բարին, լինենք մեր եկեղեցու, հավատքի կողքին, այդպես կարող ենք շատ մեծ ու լուսավոր ճանապարհ ունենալ»,-ասում է դիզայները:

Այս ցուցադրությունը պատրասվում են ներկայացնել 7 երկրներում:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին