×


Vanity Fair-ի նրբաճաշակ երեկույթն ու կանոններին չենթարկվող աստղերը

«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո ավանդաբար տեղի է ունենում Vanity Fair ամսագրի երեկույթը: Հյուրերն արագ հասցնում են փոխել իրենց զգեստները, ոչ պակաս շլացուցիչ տեսք ունենալ եւ ավելի ուրախ ժամանակ անցկացնել:

«Օսկար»-ի բուն արարողության դեպքում հստակ դրես-կոդ կա եւ ամեն ինչ չէ, որ կարելի է կրել, սակայն այն բոլորի վրա չէ, որ ազդում է: Օրինակ՝ «Լավագույն դերասանուհու» անվանակարգում ներկայացված Քրիստեն Ստյուարտը կարմիր գորգին հայտնվեց կիսատաբատով: Համարձակ խառնվածքով դերասանուհին չի վախենում չենթարկվել կանոններին: Vanity Fair-ի ժամանակ նա արդեն կիսաթափանցիկ զգեստով էր:


Ամեն ինչ արել էր յուրահատուկ տեսքով առանձնանալու համար Անյա Թեյլոր-Ջոյը: Նա գրեթե կիսամերկ էր Dior-ի զգեստով, իսկ կերպարն ավելի արտահայտիչ էր դարձնում գլխին ամրացված ցանցը:


Միջոցառումը չէր կարող բաց թողնել Քիմ Քարդաշյանը: Balenciaga-ի դեմքը բրենդի բաց երկնագույն զգեստ էր կրում ու ակնոց: Ի տարբերություն Met Gala-ի՝ այս անգամ նա որոշել է դեմքը լիովին չփակել, սակայն այդ միջոցառումից հետո միայն Balenciaga-ի զգեստներով է ներկայանում, որոնց օգնությամբ ընդգծում է իր կյանքի նոր փուլն ու Քանյե Ուեսթից ամուսնալուծությունը:


Քանի որ խոսք եղավ Ուեսթից, երեկույթին եկել էր նաեւ նրա նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը: Թեեւ նրանց սիրավեպը կարճ էր, բայց բավական բուռն ու շատ քննարկվեց: Նաեւ դրա շնորհիվ էր, որ դերասանուհին արագ հայտնիություն ձեռք բերեց: Ֆոքսը միջոցառմանը եկել էր պայուսակով, որի վրա ամրացված էին իսկական մազեր:


Ինչպես միշտ, անկրկնելի էր «Լավագույն դերասանուհի» տիտղոսին արժանացած Ջեսիկա Չեսթեյնը: Նա սովորաբար իր զգեստներն ընտրում է մեծ ուշադրությամբ, որոնք ընդգծում են կազմվածքի առավելություններն ու գեղեցկությունը: «Օսկար»-ի իր արձանիկը ձեռքին նա ուղղակի փայլում էր Gucci-ի կանաչ զգեստով:


Վերջին շրջանում փետուրներով զգեստներով է ներկայանում Դակոտա Ջոնսոնը, այս անգամն էլ բացառություն չէր: Իր ամեն միջոցառումը յուրահատուկ զգեստների ցուցադրություն է դարձնում նաեւ Մեգի Ջիլենհոլը: Սեւ ու մուգ կապույտ զգեստներով էլեգանտ տեսք ունեին Քեթի Հոլմսը, Քեյթ Հադսոնը, Ջեսիկա Ալբան, Ալեքսանդրա Դադարիոն:


Ինչպես եւ բուն «Օսկար»-ի ժամանակ, զգեստի ընտրությամբ կրկին չէր փայլել Բիլի Այլիշը, սակայն կարեւորը՝ նա իր արձանիկին էր բերել հետը: Սոֆի Թյորները երեկույթին եկել էր ամուսնու՝ երգիչ Ջո Ջոնասի հետ: Դերասանուհին իր հղիությունն ընդգծել էր Louis Vuitton-ի գեղեցիկ կարմիր զգեստով:


Ալեքսիս Օհանյանն ուղեկցում էր կնոջը՝ Սերենա Ուիլյամսին: Քորթնի Քարդաշյանն եկել էր ապագա ամուսնու՝ Թրեւիս Բարքերի հետ: Նրանք, ինչպես միշտ, չէին թաքցնում միմյանց զգացմունքները, համբուրվում էին տեսախցիկների առաջ ու գրկախառնվում:


Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին