×


Ֆիլհարմոնիկը, Ազնավուրի երգերն ու Նունե Եսայան-Ավո Խալաթյան զույգի խոստովանությունը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ երեկ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Շառլ Ազնավուրի երգերն էին հնչում «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած նվագախմբին ձայնակցում էին Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Գոռ Սուջյանը, Իլոնա Սագիեւան, Նավասարդ Հակոբյանը, Տիգրան Հակոբյանը եւ Հայկ Պետրոսյանը։ Վերջինս նաեւ վարում էր համերգային երեկոն, որին ներկա է եղել BRAVO.am-ը, լուսանկարել է դահլիճում ու ետնաբեմում, ինչպես նաեւ զրուցել մասնակիցների հետ։


Տոնական միջոցառման մեկնարկը վստահված էր «Only Girls» վոկալ խմբին, որը ներկայացնելու էր երաժշտական ղեկավար Նաիրա Գյուրջինյանի հեղինակած ստեղծագործությունը՝ «Քեզ համար, Ազնավուր»։ Մեզ հետ զրույցում տիկին Գյուրջինյանը խոստովանեց՝ հուզված է, որ իր երգով է բացվելու համերգը, ինչպես նաեւ պատմեց, որ երգը գրել է տարիներ առաջ՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Ազնավուրին նվիրելու համար։ Սակայն, ցավոք, չհասցրին այն կատարել շանսոնյեի ներկայությամբ, հետագայում նվիրեցին Ազնավուրի ընտանիքին։


Ետնաբեմում հանդիպեցինք նաեւ Նունե Եսայանին ու Ավո Խալաթյանին։ Նրանք պատրաստվում էին իրենց առանձին ելույթներին, ինչպես նաեւ զուգերգին, որ Էդուարդ Թոփչյանն էր առաջարկել միասին կատարել։ Մեր զրույցում նրանք նկատեցին՝ Ազնավուրի երգերը հավիտենական են եւ միշտ էլ տեղին է դրանք կատարելը:

«Ազնավուրի երգերը կարծես գալիս են դարերի խորքից ու գնում են դեպի հաջորդ դարեր, դրանք այնքա՜ն երաժշտական են։ Այսօր բեմում ե՛ւ սեր կլինի, ե՛ւ մայրություն, ե՛ւ գեղեցկություն՝ այն ամենը, ինչի մասին միշտ երգել է Ազնավուրը։ Հատկանշական է, որ այդ երգերը կատարելու ենք Ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, քանի որ Ազնավուրի երգերը գրված են հենց այդպիսի նվագախմբերի համար։ Հետաքրքիր է, որ մաեստրոն էլ երգիչների է ներառել. դասականն ու էստրադայինը հիմնականում զուգահեռ են քայլում, չեն հատվում, բայց այսօր միասին են»,- ընդգծեց Նունե Եսայանը։


Ինչպես ետնաբեմում, այնպես էլ դահլիճում չէին դադարում շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Ապրիլի 7-ի առիթով։ Արտիստներն ու երաժիշտները հույս հայտնեցին, որ նման ձեւաչափի համերգներ առաջիկայում ավելի հաճախ կկազմակերպվեն, իսկ Ազնավուրի երգերը կշարունակեն հնչել տոնական ու ոչ տոնական օրերին՝ սեր փոխանցելով բոլորին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW