×


Տասնամյակի հարսանիքն արժեցել է 3,6 մլն դոլար. Բեքհեմն ու Պելտցն ամուսնացել են

Ֆլորիդայում կայացել է Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի հարսանեկան արարողությունը: Լրատվամիջոցներն այն արդեն հասցրել են անվանել տասնամյակի հարսանիք:

Բրուքլինի կինը միլիարդատեր Նելսոն Պելտցի դուստր, դերասանուհի Նիկոլան է: Միջոցառումն անցկացվել է Պելտցերին պատկանող կալվածքում, որը գտնվում է  Մայամիում:


Հյուրերի թիվը հասել է 300-ի. հարսանիքին մասնակցել են արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը, Եվա Լոնգորիան, Էլիզաբեթ Հարլին, Գորդոն Ռամզին, Սերենա եւ Վենուս Ուիլյամսները, Ջիջի Հադիդն ու էլի շատ աստղեր:

Նելսոն Պելտցը դստեր՝ Նիկոլայի հետ


Sky News-ը գրում է, որ հարսանիքը կազմակերպելու համար ծախսվել է մոտ 3,6 մլն դոլար: Հյուրերին արգելվել է որեւէ տեսակի նկարահանում անել, լուսանկարելու բացառիկ իրավունք է տրվել Vogue ամսագրին:

23-ամյա Բրուքլինը, որը շեֆ-խոհարարի որակավորում ունի եւ սիրում է լուսանկարչությամբ զբաղվել, եւ 27-ամյա Նիկոլան ամուսնացել են հրեական ավանդույթով:

Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմները


Հարսը կրել է Valentino-ի զգեստ, որը ստեղծել է բրենդի ստեղծագործական տնօրեն Պիերպաոլո Պիչոլին: Վիկտորիա Բեքհեմը եղել է սեփական բրենդի արծաթագույն զգեստով:

Նիկոլա Պելտցի մայրը


Երեկոյի դիջեյի պարտականությունները կատարել է անձամբ Սնուփ Դոգը: Նախատեսվում է, որ եւս մեկ հարսանեկան միջոցառում էլ անցկացվելու է Մեծ Բրիտանիայում՝ Կոտսուոլդ-Հիլս կալվածքում:

Բրուքլի Բեքհեմը եւ Նիկոլա Պելտցը


Զույգի սիրավեպի մասին տեղեկություններ առաջին անգամ հայտնվել են 2019 թվականին: Բրուքլինն ու Նիկոլան ծանոթացել են դրանից 2 տարի առաջ` Կալիֆորնիայում անցկացվող «Կոաչելլա» երաժշտական փառատոնի ժամանակ:

Ամուսնության առաջարկություն անելիս Բրուքլինը նրան նվիրել է ադամանդներով ու զմրուխտներով 325 հազար դոլար արժողությամբ մատանի, իսկ հետո սոցցանցերում գրել է, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն է դարձել:

Բրուքլի Բեքհեմը եւ Նիկոլա Պելտցը


«Խոստանում եմ ամենալավ ամուսինն ու հայրը դառնալ»,- ասել է նա:

Պելտցն էլ անկեղծացել էր, որ ինքն է ամենաերջանիկն ու անհամբերությամբ է սպասում, թե երբ են միասին անցկացնելու ողջ կյանքը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին