×


Անի Խաչիկյանի, Հայկ Հովհաննիսյանի, Զիրոյանի մասնակցությամբ նոր սերիալի թեման ու առաջին լուսանկարները

Հայկական հեռուստանախագծերի շարքը համալրելու է գալիս «Ապրիր ինձ հետ» 24 մասանոց նոր սերիալը: Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ նկարահանումներն արդեն մեկնարկել են, սերիալը կցուցադրվի «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ:

«Սա իմ եւ պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանի թիմի երկրորդ համատեղ աշխատանքն է։ «Կհանդիպենք անտառի տնակում» նախագծի հաջողությունից հետո պարզ էր, որ պետք է շարունակենք միասին աշխատել։ Սերգեյն առաջարկեց այնպիսի թեմա ընտրել, որին դեռ չեն անդրադարձել, կամ չեն արել այնպես, ինչպես միայն մենք կարող ենք։ Արդյունքում ծնվեց նոր դրաման»,- նշեց Անին:


Ներկայացնելու են կյանքի ու մահվան սահմանագծին հայտնված մարդուն.«Գուցե շատ դրամատիկ է հնչում, ծանր, բայց միեւնույն ժամանակ հեռուստադիտողին սպասվում է տեղ-տեղ ուրախ, տեղ-տեղ հուզիչ, հումորով համեմված պատմություն կյանքը սիրելու, ամեն րոպեն գնահատելու մասին»։

Նախագծի ռեժիսորը Հայկ Վարդանյանն է, օպերատորը՝ Վարդան Ուռումյանը: Դերասանական կազմում են Անի Խաչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը, Զիրոյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը եւ այլք:


«Դերասաններից մեծ մասի հետ աշխատել եմ տարբեր նախագծերի շրջանակում։ Ուրախ եմ Անի Խաչիկյանի հետ առաջին համագործակցությանս համար։ Հրաշալի դերասանուհի է, տաղանդավոր մարդ, որի հետ մի քանի բառ խոսեցինք սցենարի վերաբերյալ, ու հասկացա, թե որքան խորքային է տեսնում կերպարը եւ ինչ հետաքրքիր շերտեր է գտել իր կերպարի մեջ»,-նշել է սցենարիստը:


Անին ներկա է եղել առաջին նկարահանմանը.«Որքան էլ տարօրինակ թվա, բայց իմ 12 նախագծերից ոչ մեկի առաջին նկարահանումներին ներկա չեմ եղել, երբեք չի հաջողվել ժամանակ գտնել այդ օրը նկարահանման հրապարակ գնալու համար։ «Ապրիր ինձ հետ»-ն առաջինն է, որի ափսեի վրա ինքս ստորագրեցի, ոչ թե իմ փոխարեն ուրիշ մեկը գրեց անունս»:


Խոսելով սցենարի մասին՝ ասել է, որ Անի Խաչիկյանի եւ Հայկ Հովհաննիսյանի մարմնավորած կերպարները հանդիպում են ճակատագրական պատահականության շնորհիվ, ինչից հետո կյանքն ամեն անգամ նրանց կրկին իրար առաջ է կանգնեցնում. «Սա պատմություն է դիմացինի կյանքը փոխելու, նրա ներքին ապրումները վերհանելու ու նրա մեջ կյանք արթնացնելու մասին։ Կլինեն սիրային մի քանի սյուժետային զարգացումներ, բայց առանցքը կյանքը գնահատելու մասին է»։

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է սերիալի անձնակազմը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին