×


120 ռուբլին, կեղտոտ շորերն ու Սամսոնի կոտրած ճյուղը. «Թթենի» ֆիլմի Գասպարի «ավագ որդու» հուշերն ու ճակատագիրը

Առաջին անգամ էր, որ հարցազրույցի էի պայմանավորվել՝ իմանալով, թե ինչու, բայց չիմանալով, թե ում հետ։ «Թթենի» ֆիլմի երեխաներին փնտրել էի երկար, վերջապես գտա նրանցից մեկին։ Հարցազրույցիս առաջին հարցը տարօրինակ ստացվեց. «Ներողություն, Դուք ո՞ր մեկն էիք»։ Պարզվեց՝ զրուցակիցս Գասպարի հինգ որդիներից ավագին մարմնավորված Տիգրան Նուրբեկյանցն է։ Ի դեպ, հենց նրա «թթային» հարվածից հետո է սկսվում հարեւանների հայտնի վեճը։

Դպրոցական Տիգրանի «կորսված» ամառը

«Անսովոր էր, անգամ ինչ-որ տեղ ձանձրալի. առավոտ գնում էի, իրիկունը հոգնած գալիս։ Գիտեի, որ բոլորը ցերեկը դուրսն են եղել, ֆուտբոլ են խաղացել։ Էն ժամանակ ասում էինք ՝ամառը վարի գնաց, երբ պիտի վերջանա։ Երեխա էինք, էդքան չէինք գիտակցում։ Հետո՝ հասուն տարիքում, հասկացանք, թե դա ինչ հետաքրքիր կուլտուրա էր մտցրել մեր կյանք»,-հիշում է զրուցակիցս։


Նկարահանումները տեւել են մեկուկես ամիս, որից հետո մասնակցել են ձայնագրման աշխատանքներին, թեեւ իրականում ֆիլմում երեխաների ձայները չեն հնչում։ Օրինակ՝ քեռի Սասմսոնից թութ ուտելու թույլտվություն խնդրող տղային կին է կրկնօրինակում։ «Հաջորդ տարի կանչեցին Կինոյի տուն՝ պրեմիերայի, դահլիճը լիքն էր»,-մտովի անցյալ է տեղափոխվում Տիգրան Նուրբեկյանցը։ Իսկ անցյալը 1980 թվականն էր, երբ ֆիլմը հայտնվեց էկրաններին։

Նկարահանման առաջարկ 13-ամյա Տիգրանը ստացավ, երբ սովորում էր Երեւանի թիվ 76 դպրոցում։ Մի քանի փուլ անցնելուց ու երկու փորձնական նկարահանումներից հետո ընդգրկվեց կազմում: «Ես թիվը լավ հիշում եմ. մեզ ասացին, որ 5 հազարի միջից 8 երեխա են ընտրել՝ 5 տղա, 3 աղջիկ»,- նշում է զրուցակիցս:

Խաղընկերների մասին Տիգրան Նուրբեկյանցը շատ տեղեկություններ չունի։ Նրանցից մեկի՝ իրեն գրեթե տարեկից Վահե Անանյանի հետ որոշ ժամանակ ընկերություն են արել.«Կոնդում էր ապրում, իրար տուն գնալ, քաղաքում ման գալ։ Մեզ հաճախ միանում էր նաեւ ռեժիսորի օգնականը, Ալբերտ էր անունը, 20-21 տարեկան տղա էր»։

Տիգրան Նուրբեկյանցը


Մյուսների մասին տեղեկություններն ավելի կցկտուր են։ Եղբայրներից մեկին՝ Արտակին, որը մաքսատանն էր աշխատում, գործի բերումով մի քանի անգամ տեսել է։ Պարզվում է՝ վերջերս մահացել է։ Եղբայրներից կրտսերն Արթուր Աճեմյանն է, որի հետ ֆիլմից հետո չի հանդիպել։ Սամսոնի աղջիկների հետ եւս կապ չի ունեցել։

Սամսոնի կոտրած ճյուղի գաղտնիքը

«Մենք հետո իմացանք, որ այդ ընտանիքներն իրոք այդպիսի մրցակցութան մեջ էին, թե ով առաջինը ծառը թափ կտա։ Իրենք էլ ծիծաղում էին, ասում էին՝ ամբողջ կյանքում իրար հետ վիճում էին, եկանք, պատմությունը ջրի երես հանեցինք»,-պատմում է զրուցակիցս։ Նա ասում է, որ այսօր դժվար թե գտնի թթենին, բայց հիշում է, որ տունը Երեւանի Այգեստան թաղամասում էր։ Նկարահանման հրապարակից հիշողությունները քիչ չեն։ Տիգրան Նուրբեկյանցը նշում է, որ ֆիլմը թեեւ կարճամետրաժ էր, սակայն դրվագները մի քանի անգամ էին նկարում, քանի որ երեխաների հետ աշխատելը դժվար էր.«Բոլորով իրար խելքի էինք ընկնում, մեկ էս մի երեխան չկար, մեկ մյուսն էր ընկնում, ոտքը ճղում, լացուկոծ»։


Զրուցակցիս խոսքով՝ ծառ բարձրանալը, հատկապես թթենի, իր համար շատ հեշտ էր. մանկության տարիներին որոշ ժամանակ Նորք-Մարաշում է ապրել, որտեղ թթիները շատ էին։ Բացի դրանից, իրենց շենքի բակում էլ, որտեղ հիմա սրճարաններ են, շատ ծառեր կային։

Տիգրան Նուրբեկյանցը լավ է հիշում նաեւ Սամսոնի՝ հսկայական ճյուղը կոտրելու դրվագը. Ռազմիկ Արոյանը պնդում էր, որ ինքը պետք է ամբողջական, հսկա ճյուղ կոտրի։ Նկարանման մի ամբողջ օր այդ դրվագի համար է ծախսվում։ «Ճյուղը գտնում, դնում են, որ Ռազմիկը պիտի ջարդի։ Չի ջարդվում... Նորից, նորից։ Ասում էր՝ սա ինչ է, որ չջարդի։ Մենք էլ երեխաներով ծիծաղում էինք, քարը վերցնում, իբր մեզ էր խփում»,-պատմում է զրուցակիցս։ Ի վերջո, ճյուղը կոտրում են, մեխով ամրացնում մինչեւ Սամսոնի ձեռքին հայտնվելը։


Պակաս զվարճալի չէր նաեւ մեքենան հրելը։ Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ հարեւանի երիտասարդ աղջկա հետեւից սիրած տղան է մեքենայով գալիս.«Էդ մեքենան «խոդ չէր ընկնում»։ Մենք էինք բրթում։ Այդ կադրը քանի՜ անգամ նկարեցին։ Բրթում էինք, մեկ էլ՝ հո՛պ, ձեռքը երեւաց,  նորից՝ երեքույոչորս»։

Ի դեպ, աղջկա հետ կապված հիշարժան պատմություն կա նաեւ նկարահանման հրապարակից դուրս։ Նրան համակրում էր նկարահանող խմբի անդամներից մեկը։ Մի օր որոշում են ընդմիջմանը զբոսանքի գնալ։ «Ժամն անցավ, չկան սրանք, մեկ էլ էս տղան եկավ՝ շորերը ճղճղված։ Պարզվում է՝ շներն էին վրա տվել»,-ծիծաղում է զրուցակիցս։

Տիգրան Նուրբեկյանցը


Տիգրան Նուրբեկյանցը ուշադրություն է հրավիրում եւս մի փաստի վրա. ֆիլմում երեխաների շորերը կեղտոտ են։ Ռեժիսորը՝ Գենադի Մելքոնյանը, չէր թողնում լվալ դրանք, որպեսզի ամեն ինչ բնական ու իրական լիներ։

Հիշողությունները թարմացնում են նաեւ լուսանկարները՝ նկարահանման հրապարակում ու դրանից դուրս։ Իսկ նկարահանման մյուս իրեղեն ապացույցը՝ 120 ռուբլի աշխատավարձը, բնական է՝ վաղուց չկա։

Մերժված երկրորդ առաջարկը

Ֆիլմում նկարահանվելու առաջարկ Տիգրան Նուրբեկյանցը մի անգամ էլ է ստացել։ Ֆիլմը կոչվում էր «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա»։ Նկարահանումները պետք է լինեին դասերի ժամանակ.«Հայրս քանի որ շատ խիստ էր, ասաց՝ ոչ մի դեպքում, այդ էր պակաս՝ դերասան դառնա»։ Հոր մասին խոսելիս Տիգրան Նուրբեկյանցը շեշտում է նաեւ՝ շատ հայրենասեր էր․«Ես ծնվել եմ Ռուսաստանի Օրջոնիկիձե քաղաքում, հիմա կոչվոմ է Վլադիկավկազ։ Հայրս, որը մշեցի գաղթականի զավակ էր, շատ էր ուզում հայրենիքում ապրել, եւ 1973թ-ին մենք տեղափոխվեինք Երեւան»։


Տիգրան Նուրբեկյանցը չդարձավ մարզիկ, թեեւ 5 տարի զբաղվել է ձյուդոյով, չդարձավ նաեւ բժիշկ, ինչպես որոշել էր։ Վերջին պահին մտափոխվեց ու ընդունվեց Պոլիտեխնիկ, որտեղ սովորել էին նաեւ ծնողները։

Մեքենաշինական ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Նուրբեկյանցը չորս տարի է աշխատել իր մասնագիտությամբ, հետո տարբեր ընկերություններում՝ առաքիչից մինչեւ բիզնեսի զարգացման մենեջեր։ Հիմա Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի կոմերցիոն տնօրենն է։

Տիգրան Նուրբեկյանցը


Նա, ի դեպ, ընտանիքի միակ անդամն է, որն առնչություն է ունեցել կինոյի հետ։ Մեծ քույրը՝ Գոհարը, բժշկուհի է, մյուսը՝ Իրինան՝ կենսաբան։ Երեք դուստրերից եւս ոչ մեկն այդ ուղղությունը չի ընտրել, թեեւ կրտսեր դուստրը մի պահ մտածում էր դերասանուհի դառնալու մասին։ 14-ամյա Յանան հիմա բժիշկ դառնալու մասին է մտածում։ Ավագ քույրերն արդեն ընտրել են մասնագիտությունները. Աննան իրավաբան է, Դիանան՝ դիզայներ։

Անահիտ Փիլոսյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին