×


Օրրանի 22-ամյակը՝ աջակիցների ու շահառուների հետ

Աջակցել սոցիալապես անապահով, խոցելի երեխաներին ու միայնակ ծերերին՝ այս առաքելությամբ «Օրրան» բարեգործական կազմակերպությունն արդեն 22 տարի օգնության բազմաթիվ ծրագրեր է իրագործում տարբեր ուղղություններով։ Ապրիլի 30-ին ծանոթ ու հարազատ հարկի տակ՝ ընկերության գլխավոր գրասենյակում, հավաքվել էին Օրրանի աջակիցները, մեծ ու փոքր շահառուները՝ նշելու կազմակերպության հիմնադրման տարեդարձը։

«Դժվար է ասել՝ որն է մեր գլխավոր ձեռքբերումը, բայց կասեմ՝ հատկապես ինչն եմ սիրում․ Օրրանը միայն օրվա հացի խնդիրը չի լուծում, այլ ունի երկարաժամկետ ծրագիր, թե տվյալ երեխան ապագայում ինչ պիտի անի, որտեղ եւ ինչ պիտի սովորի։ Մենք փորձում ենք ոչ միայն օգնության ձեռք մեկնել այսօր, այլեւ ընդհանրապես փոխել երեխաների կյանքը։ Մեր շահառու երեխաներն արժանապատիվ են մեծանում, լավ քաղաքացի են դառնում, եւ ես շատ ուրախ եմ դրա համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ երկու պատերազմները ստիպեցին ընդլայնել շահառուների շրջանակը․«Մեծ օգնությամբ սնունդ, ձմեռային կոշիկներ, բաճկոններ ու այլ տաք հագուստ ենք բաժանել արցախցի երեխաներին, ընդ որում՝ բոլոր գնումներն արել ենք Հայաստանում, որպեսզի նաեւ այդ օգուտը մեր երկրում մնա։ Եթե մեր բոլոր ծրագրերի թվերը գումարենք, 22 տարվա մեջ մոտ 100 հազար շահառուի օգնություն ենք հատկացրել»,- ընդգծեց տիկին Հովհաննիսյանը։


Օրրանի իրագործած ծրագրերը տարեցտարի փոխվում են՝ նոր բովանդակություն ստանալով ու նոր ոլորտներ ընդգրկելով։ Կազմակերպության հիմնադիրը նկատում է՝ դա կապված է հատկապես նրա հետ, որ Հայաստանում առաջնահերթությունները շուտ են փոխվում, իսկ իրենք պիտի պատրաստ լինեն այդ փոփոխություններին՝ չմոռանալով, որ իրենց առաքելությունը երեխաներին ու տարեցներին օգնելն է․«Ես իսկապես երազում եմ այն օրվա մասին, որ մարդիկ այլեւս չունենան Օրրանի կարիքը, որ հանգիստ կյանքով ապրեն, բայց քանի դեռ կան կարիքավոր մարդիկ, մենք կլինենք նրանց կողքին»։


Հիմնադրման 22-ամյակն Օրրանում նշում էին երգով, պարով, արտասանությամբ, որ ներկայացնում էին շահառու երեխաներն ու տարեցները՝ իրենց կազմած փոքրիկ խմբակներով։ Միջոցառման ավարտին նախատեսված էր նաեւ համեղ հյուրասիրություն, որ պատրաստել ու մատուցում էին Օրրանի նախկին ու ներկա շահառուները։ Խոհարար տղաները Քառօրյա եւ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ են, որ այժմ քաղաքի կենտրոնում միասին հիմնադրել են իրենց սրճարանը՝ հեղինակային խոհանոցով։


Արմինե Հովհաննիսյանն ընդգծում է՝ որոշել են նշել, փոքր-ինչ ուրախանալ, որովհետեւ իսկապես հպարտանալու տեղ ունեն․«Ուզում եմ՝ օրինակ ծառայենք նաեւ այն մարդկանց, որոնք սիրում են օգնել, որովհետեւ օգնությունը շատ վարակիչ է․ երբ դու օգնում ես մեկին, նա էլ անպայման ուզում է ուրիշին ձեռք մեկնել, եւ այս շղթան շարունակվում է։ Ուրեմն պահենք այդ շղթան»։

Աջակցման ծրագրերին ծանոթանալու եւ նվիրատվություններին միանալու համար կարող եք այցելել Օրրանի պաշտոնական կայքէջ՝ https://orran.org/ ։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին