×


Sports Illustrated Swimsuit-ի շապիկին, այն էլ՝ 41 տարեկանում. Քարդաշյանի գայթակղիչ լուսանկարները

Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հայտնվել է հեղինակավոր ամսագրի շապիկին, այս անգամ՝ Sports Illustrated Swimsuit-ի: Ֆոտոշարքի համար նա ընտրել է սեփական SKIMS ապրանքանիշի լողազգեստ: Լուսանկարների հեղինակը Գրեգ Սուելսն է:

«Լուսանկարահանում իրականացրել ենք դեռ հունվարին, ու այնքան դժվար էր այն գաղտնի պահել: Նկարել ենք իմ ամենասիրելի վայրերից մեկում՝ Դոմինիկյան Հանրապետությունում: Մեծ պատիվ ու երազանք է Sports Illustrated Swimsuit-ի շապիկին  հայտնվել»,- Ինստագրամում գրել է Քարդաշյանը:

Նա նշել է, որ բազմաթիվ աղջիկների պես ինքն էլ տարված է եղել այս ամսագրով, բայց երբեք չի մտածել, որ ինքն էլ կարող է շապիկին հայտնվել, այն էլ՝ 41 տարեկանում.«Ամեն անգամ, երբ տեսնում էի նման շապիկ՝ հատկապես 90-ականներին, միշտ հիանում էի բարձրահասակ, նիհար ու գեղեցիկ կանանցով, իսկ ես այդպիսին չէի: Հիշում եմ Թայրա Բենքսին ու փարթամ մարմիններով այլ մոդելների: Շապիկին հայտնվելու համար պետք էր պրոֆեսիոնալ մոդել դառնալ, բացի այդ բոլորն էլ երիտասարդ աղջիկներ էին: Չեմ ուզում ծեր թվալ, բայց խելագարություն է»:


Քիմը նաեւ պատմել է իր մանկության ու մեծ ընտանիքի մասին.«Տանը 6 երեխա էինք, բայց դա զվարճալի քաոս էր: Ամենալավ մանկությունն եմ ունեցել, այնպես որ հիմա ուրախ եմ տեսնել, որ նման խառնաշփոթ էլ իմ տանն է կատարվում: Նման անհանգիստ ու ակտիվ կյանքն իսկապես սիրում եմ»:

Քարդաշյանը խոստովանել է, որ ինքն ու ընտանիքի անդամներն ապրում են նույն համայնքում, ինչը միանշանակ օգնում է: Նա հիշել է, թե ինչպես է ուշ երեկոյան երեխաներից մեկն իրեն վատ զգացել ու ջերմություն ունեցել, զանգահարել է Քլոեին, որը 3 րոպեից արդեն իր կողքին է եղել:


«Գիտեմ, որ ամեն հարցում ընտանիքիս անդամներն օգնության կհասնեն: Նաեւ զվարճալի է, որ բոլոր քույրերս նույն տարիքի երեխաներ ունեն, այնպես որ միանժամանակ նմանատիպ ապրումներ ենք ունենում: Ընտանիքն ամենալավ բանն է»,- անկեղծացել է Քիմը:


Քարդաշյանը 4 երեխայի մայր է՝ Նորթի, Սեյնթի, Չիկագոյի եւ Փսալմի: Նա պատմել է, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքն ու երեխաների խնամքը.«Եթե դուք էլ ծնող եք, ինձ շատ լավ կհասկանաք: Լինում են գիշերներ, որ ասում ես. «Էլ չեմ կարող, չեմ ուզում մեծ լինել»: Իսկապես բարդ է, երբ բոլոր երեխաներն արտասվում են ու չեն ուզում քնել: Ամենալարվածն ինձ համար համատեղ ֆոտոշարք իրականացնելն է: Ամեն անգամ Ամանորի բացիկի համար նկարվելուց հետո մտածում եմ, որ էլ նման բան չեմ նախաձեռնելու: Բայց հետո, միեւնույն է, նորից եմ անում»:


Sports Illustrated Swimsuit ամսագրի 2022 թվականի շապիկը Քարդաշյանից բացի, զարդարում են նաեւ Սիարան, Յումի Նուն եւ Մեյ Մասկը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին