×


«Մեյրոնը» ներկայանում է նոր գինիով. «Meyron Rose»-ի շնորհանդեսը

«Եթե չգիտես ինչ գինի խմել՝ սպիտակ, թե կարմիր, ապա ընտրիր վարդագույնը. այն ամենաունիվերսալ գինիներից մեկն է»,- այս համոզմանն է «Meyron» (Մեյրոն) գինիների բրենդ ամբասադոր Վլադ Խաչատրյանը, որը երեկ «Ջելիֆիշ Երեւան»-ում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց իրենց նոր, վարդագույն գինին՝ «Meyron Rose»-ը։ Նորաստեղծ ընկերությունը, որ հասցրել է շուկայում հայտնի դառնալ իր կարմիր եւ սպիտակ գինիներով, այժմ գինեսերներին ներկայանում է նոր արտադրատեսակով։

BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի ընթացքը, ինչպես նաեւ ծանոթացել նոր գինու ստեղծման առանձնահատկություններին, պատմությանը եւ «Meyron»-ի առաջիկա ծրագրերին։


«Ցանկանում էինք արտադրել լավ գինի, որում կպահպանվեին ավանդական նրբերանգները, բայց նաեւ ներդրված կլինեին նորագույն տեխնոլոգիաները՝ նոր չափանիշներով։ Եվ քանի որ մեր խաղողի այգիները գտնվում են Վայոց ձորում, մեծապես հողն է թելադրել, թե ինչպիսի գինի կստանանք արդյունքում։ Այս շրջանը հայտնի է իր Արենի եւ Ոսկեհատ խաղողներով, եւ մենք որոշել ենք օգտվել այդ այցեքարտերից։ Նոր վարդագույն գինին պատրաստված է հենց Արենի խաղողի տեսակից։ Մեզ մոտ լավ է ստացվել օգտագործել այդ վառ համն ու գույնը»,- մեր զրույցում նշեց Վլադ Խաչատրյանը։


Նա նկատեց, որ վարդագույն գինիների պահանջարկը Հայաստանում տարեցտարի մեծանում է, եւ այդ առումով իրենց արտադրանքը հետաքրքիր նորություն է շուկայում. «Թեեւ մեր գինիներն առայժմ ներկայացված են միայն հայկական շուկայում (ընկերությունը շատ երիտասարդ է. մոտ ութ ամիս է՝ «Մեյրոնը» ներկայացել է սպառողին), բայց հասցրել ենք ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Եվրոպայում մասնակցել տարբեր ցուցահանդեսների, հանդիպումների, որտեղ մեր վարդագույն գինին բավական լավ արձագանքների է արժանացել։ Օրեր առաջ էլ Մոսկվայում էինք՝ մասնակցելու հայկական գինիների ցուցահանդեսին, որտեղ մեր սպիտակ գինին լավագույնը ճանաչվեց Ոսկեհատ խաղողից պատրաստված գինիների շարքում։ Այնպես որ, կարծում եմ՝ այս անգամ էլ մեզ հաջողվել է հետաքրքիր համ եւ բույր ստանալ նոր արտադրանքում»։


Գինիների բրենդ ամբասադորը միջոցառման ընթացքում հյուրերին էլ ներկայացրեց «Meyron Արենի վարդագույնը», ինչպես նաեւ մասնագիտորեն օգնեց ճիշտ համտեսել գինին՝ ծանոթացնելով տեխնիկային, համային ու բույրային նրբություններին:


«Խմելուց առաջ մի շտապեք, թույլ տվեք, որ գինին արթնանա ու բացահայտի իր արեւահամ, նրբագեղ, հասած մրգերի համային գաղտնիքները՝ ներդաշնակ տտիպությամբ, հաճելի հետհամային զգացողություններով»,- հուշում էր նա։


«Մեյրոն» գինիների հիմնադիր Մհեր Տերտերյանն էլ իր խոսքում նշեց, որ տարվա ընթացքում դեռ պարբերաբար առիթներ կունենան գինեսերների եւ իրենց գործընկերների հետ հանդիպելու, նոր գինիներ ներկայացնելու. «Սա մեզ համար նաեւ առիթ է, որ մենք մեր համայնքն ավելի լավ ճանաչենք, իրար մոտ լինենք, շփվենք ու կարծիքներ փոխանակենք՝ թե՛ մեր արտադրանքը, եւ թե՛ հայկական գինեգործության ոլորտն ավելի զարգացնելու, ընդլայնելու նպատակով»։


«Meyron» գինիների նորություններին կարող եք հետեւել https://meyron.wine/ կայքում եւ սոցցանցերի էջերում՝

https://www.facebook.com/meyronwine

https://www.instagram.com/meyronwine/


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին