×


Coca-Cola Music Fest. Մինելլիի հայերեն կենացը եւ Ուիլլի Ուիլյամի անհավանական էներգետիկան՝ երեւանյան երաժշտական տոնին

Վաղուց «Սպարտակ» արենան այսքան մարդաշատ չէր եղել, սակայն պատճառը ոչ թե սպորտային էր, այլ երաժշտական: Առաջին անգամ Հայաստանում կայացավ «Coca-Cola Music Fest Yerevan»-ը, որի շրջանակում հնչեցին սիրված երգեր, նոր կատարումներ ու համաշխարհային հիթեր:

8 ժամ շարունակ Երեւանի կենտրոնում ելույթ ունեցան հայտնի երգիչներ ու խմբեր (Արամ MP3, Իվետա Մուկուչյան, «Նեմրա», «Բամբիռ», «Լավ էլի», «Ռեինկարնացիա», Brunette, Yellowheart), DJ-ներ ու հրավիրված աստղեր: Աշնանային չափազանց շոգ եղանակն ու անգամ արենայի հողոտ դաշտը չխանգարեցին փառատոնի մասնակիցներին վայելել երաժշտական տոնը:


Ելույթները տեղի էին ունենում երկու բեմերի վրա, որոնք տեղադրված էին միմյանց դիմաց, մեկում ելույթներն ավարտվելուն պես, հանդիսականները տեղափոխվում էին մյուսի մոտ:

Ռոք բեմում նոր կատարումներով հանդես եկավ «Բամբիռ» խումբը:

Նարեկ Բարս. «Երբ մեզ զանգեցին ու առաջարկեցին 20 րոպե նվագել, որոշեցինք նոր ալբոմի կատարումներով ներկայանալ: Վերջերս անգլերենով շատ հանդես չենք գալիս, պատեհ առիթ էր, որ չկատարենք մյուս համերգների երգերը, ինչը շատ լավ է: Առաջին փառատոնն է, որ նշանակված ժամին սկսվել ու վերջացել է. ոչ մի ուշացում չի եղել: Բացի այդ էլ, այս ձեւաչափով՝ 2 բեմի վրա, ավելի դինամիկ է, ժողովուրդն էլ՝ ինտերակտիվ»:


Արիկ Գրիգորյան. «Մեզ էլ էր հետաքրքիր, թե մարդիկ ոնց կընդունեին մեզ: Սա աշխարհում բավական հայտնի ֆեստ է, ու լավ է, որ այս տարի Երեւանում եղավ, նման առիթները միշտ էլ հիանալի հնարավորություն են նաեւ նոր արտիստների համար»:


Իսկ կատարումներն այդ երեկո իսկապես շատ էին, բոլորն էլ հիմնականում ընտրել էին այնպիսի երգեր, որոնք լավ ծանոթ են մարդկանց ու փառատոնային են՝ պարային ու տրամադրություն բարձրացնող:

«Լավ էլի» խումբն էլ կատարեց իր տարիներ շարունակ սիրված հիթերն ու մարդիկ էլ հաճույքով ձայնակցեցին իրենց:

Մհեր Մանուկյան. «Բավական լայնածավալ փառատոն է ստացվել, ու մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվել: Մեր ելույթի համար ընտրել էինք հնարավորինս աշխույժ ու սիրված երգեր, որ ակտիվ պահենք հանդիսատեսին, կարծում եմ՝ ստացվեց: Եթե մեր երգերն ուզում են լսել, պարտքի պես մի բան է հանդես գալը, որը մենք անում են մեծ սիրով ու նոր լիցքեր ստանում: Շատ զարմանալի է, որ նման աջակցություն ունենք, որովհետեւ նոր խումբ չենք. 1995 թվականից ենք երգում, բայց նման լայն ժողովրդկանություն չենք ունեցել, մեզ հիմա լսում են ոչ միայն երիտասարդները, այլ նաեւ՝ երեխաները»:


Երեկոն սակայն նախատեսված էր ոչ միայն լավ երաժշտություն լսելու համար, կարելի էր սնվել ու խմիչք համտեսել, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, ինչպես նաեւ անսպասելի ուղեւության տոմսեր շահել: Նման անակնկալ արել էր Fly Arna Հայաստանի ազգային ավիաընկերությունը, որը խաղարկեց 2 անձի համար նախատեսված 3 ուղեւորություն դեպի Թբիլիսի, Սոչի եւ Շարմ էլ Շեյխ: Հաջողակների թվերը գրված էին նրանց ձեռքերին ամրացված թղթե թեւնոցների վրա:


Խաղարկությունից հետո երեկոն էլ ավելի ոգեւորված շարունակվեց, քանի որ բեմահարթակը տրամադրվեց Minelli-ին: Նա շատ ուրախ էր առաջին անգամ Հայաստանում գտնվելու ու փառատոնում ելույթ ունենալու առիթով.

«Մի քիչ նյարդային եմ, բայց ուրախ, որ այսքան մարդ կա, անկասկած հիանալի երեկո ենք անցկացնելու: Այսօր մի քիչ քաղաքն ենք բացահայտել, «Արարատ» թանգարանում եղել. կոնյակի սիրահար եմ, ավանդական հայկական ռեստորանում ենք եղել ու լավ ժամանակ անցկացրել: Ուրախ եմ նման էներգիա տեսնելու համար: Հայաստանի մասին այնքան էլ շատ բան չգիտեի, տեղյակ էի, որ այստեղ բավական շոգ է, ու այսօր զգացի դա:


Դժվար է իմ կատարումներից որեւէ մեկը նշել, գուցե, «Rampampam»-ն առանձնացնեմ, բոլորն էլ իմն են ու կարեւոր: Սիրում եմ զգացողությունները կիսել բիթի հետ ու երաժշտություն ստանալ: Բայց երբ նոր երգ ես ձայնագրում, դժվար է հասկանալ, թե այն արդյոք հիթ կդառնա»:

 

Բեմի վրա երգչուհու անհանգստությունն ընդհանրապես անցավ ու նա իր լիցքերով կիսվեց հանդիսականների հետ, Հայաստանին սեր խոստովանեց, շնորհակալություն հայտնեց նման մթնոլորտի համար ու ներկաների հետ սելֆի արեց իր հայտնի հիթի ակապելա կատարման ներքո:

Երեկոյի եզրափակիչ ելույթը Ուիլլի Ուիլյամինն էր, որը Հայաստան է եկել իր համաշխարհային շրջագայության շրջանակում: Մինչեւ բեմ բարձրանալը խոստովանեց, որ իրեն լավ է զգում այստեղ ու անհամբեր է, թե երբ է ելույթ ունենալու ու խոսելու մարդկանց հետ.


«Իսկապես հուզված եմ, կուզեի ավելի երկար ժամանակ ունենալ ու երկիրը վայելել, վաղն արդեն մեկնելու եմ, բայց կվերադառնամ: Ուզում եմ մյուս անգամ ավելի շատ մնալ: Հույս ունեմ՝ երեկոն էլ լավն է անցնելու, մարդիկ երգելու են ինձ հետ ու պարելու: Հայերեն բառեր դեռ չեմ սովորել, ոչ մեկն ինձ չի օգնել դրանում»:


Ու անմիջապես լրագրողների օգնությամբ մի քանի բառ է սովորում՝ «բարեւ», «ո՞նց ես», «ջան»: Նշում է, որ սիրում է ստեղծագործել ու մարդկանց համար նոր երաժշտություն ստեղծել: Իսկ իր երգերից յուրահատուկ համարում է «Ego»-ն, որն ասես երեխա լինի իր համար:


Ապա Ուիլյամը բեմ է բարձրանում ու շուրջն ամեն ինչ տոնի վերածում: Նրա ռիթմիկ ու դինամիկ կատարումները, ակտիվ պարն ու դեմքից չանցնող ժպիտը մարդկանց էլ են փոխանցում այդ տրամադրությունը:


Երեկոն ավարտին է մոտենում, ու հանդիսականները հեռանում են՝ փառատոնից ստացած տպավորություններով կիսվելով ու իրենց համար առանձնահատուկ պահերի մասին խոսելով:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW