72 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից, որտեղ երկար տարիներ աշխատել է դերասանը:
«Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին եւ երկրպագուներին»,- նշված է հաղորդագրությունում:
Վրույր Հարությունյանը ծնվել է Վանաձորում: 1998թ. ընկերների հետ հիմնել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որտեղ մինչ 2001թ. եղել է դերասան եւ գլխավոր բեմադրիչը: 2003թ-ից հանդես է եկել Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան: Կերտել է շուրջ 50 թատերական դեր:
Խաղացած ներկայացումներից են` Վ. Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Հորեղբայր Յորգ), Ա. Չեխովի «Երեք քույր» (Սալյոնի), Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը եւ նրա զավակները» (Քահանա), Ա. Շիրվանզադեի «Քաոս» (Նիսամիձե), Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորները» (Մուռով), Ն. Գոգոլի «Ամուսնություն» (Անուչկին), Ա. Էդարի «Մեր մեղքը» (Հանգուցյալ) եւ այլն: Խաղացել է նաեւ Սամվել Խաչատրյանի «Սիմոն թագավոր» մոնոներկայացման մեջ:
Նկարահանվել է «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Անավարտ ղարաբաղյան օրագիր» (1995թ.), «Մի վախեցիր» (2007թ.), «Ընդհատված մանկություն» (2012թ.), «Ելք չկա» (2014թ.), «Սուպեր մամա» (2015թ.) եւ այլ ֆիլմերում:
Նկարահանվել է նաեւ մի շարք հեռուստասերիալներում, հեռուստաֆիլմերում՝ «Մեր գյուղը», «Բացի՛ր աչքերդ», «Անատոլիական պատմություն», «Հերոսական նովելներ» եւ այլն:
«Դորիանս» ռոք-խմբի «Ես կուլամ» երգի տեսահոլովակը էլ ավելի տպավորիչ է դարձել նրա դերակատարմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: