×


Ինչպիսին էր այս տարվա Վենետիկի կինոփառատոնը

Վենետիկի Լիդո կղզում ավարտվել է 83-րդ միջազգային կինոփառատոնը, եւ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», «Անհայտ կինը» ֆիլմի շնորհիվ իր հետ տուն է տարել եգիպտական ծաբմամբ դանիացի ռեժիսոր Մայ էլ-Թուխին: 

Նա այս տարվա գլխավոր մրցույթում ֆիլմ ներկայացրած միակ կին ռեժիսորն էր, որն աշխատել էր առանց համառեժիսորի։ Էլ-Թուխին կինոփառատոնի պատմության մեջ «Ոսկե առյուծ»-ի արժանացած ութերորդ կին ռեժիսորն է։ 


Դրամայի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Դանիայում: Ֆիլմը պատմում է երիտասարդ Մարիի մասին, որին մարմնավորել է Մաթիլդա Արսելը: Մարին դայակ ու տնային տնտեսուհի է, որը պատրաստվում է ամուսնանալ իր հարուստ գործատուի հետ։ Սակայն նա գաղտնիք ունի՝ պատերազմի տարիներին սիրավեպ է ունեցել գերմանացի զինվորի հետ, եւ այդ կապը մեծ հարված կարող է հասցնել նրա հեղինակությանը։ Արսելը Մարիի դերակատարման համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Վոլպիի գավաթին»:

Իր նշանակությամբ երկրորդ ամենաբարձր մրցանակին՝ Գրան Պրիին արժանացել է հարավկորեացի ռեժիսոր Լի Չան-Դոնգի «Հնարավոր սեր» ֆիլմը։ «Դաու» ֆիլմի համար լավագույն ռեժիսոր է ճանաչվել Իլյա Խրժանովսկին, իսկ ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվել է իսրայելցի ռեժիսորներ Յուվալ Աբրահամին ու Ռեյչել Շորին՝ «ՆԱԶԱ» վավերագրական ֆիլմի համար, որը պատմում է Գազայի պատերազմի մասին:

Ջոն Մալկովիչը լավագույն դերասանն է: Նա Վոլպիի գավաթը ստացել է Մարտին Մաքդոնայի «Իններորդ վայրի ձին» ֆիլմի համար: Դերասանը կինոփառատոնի փակմանը ներկա չի եղել, քանի որ Մոնրեալում ֆիլմում է նկարահանվում, բայց տեսաուղերձով է հանդես եկել:


«Ինձ համար մեծ պատիվ է արժանանալ այսպիսի մրցանակի, որը շնորհվել է այնքան հրաշալի դերասանների», - ասել է Մալկովիչը, որն այս տարվա Վենետիկի կինոփառատոնի ամենաոճային հյուրերից էր:

Նրա մասնակցությամբ կատակերգությունը Վենետիկում շատ ջերմ են ընդունել՝ մոտ 10 րոպե հոտնկայս ծափահարությունների արժանացնելով: Ֆիլմը պատմում է ԿՀՎ-ի երկու գործակալների մասին, որոնք 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից կարճ ժամանակ առաջ մեկնում են Զատկի կղզի: 


Այս տարի կինոփառատոնն իր շուրջն էր հավաքել բազմաթիվ հայտնի դեմքերի ու կինոգործիչների: Վենետիկ են այցելել Ջորջ Քլունին, որը պատվավոր «Ոսկե առյուծ» մրցանակին արժանացավ՝ կինոարվեստում ունեցած իր նվաճումների ու ավանդի համար, եւ կինը՝ Ամալը, Լորա Դերնը, Ռունի եւ Քեյթ Մարաները, Մարիոն Կոտիարը, Սեմ Ռոքուելը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Իրինա Շեյքը եւ ուրիշներ: 

Լուսանկարները՝ Just Jared-ի, La Biennale di Venezia-ի, Getty Images-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW