×


Դիանա Բարնատոն

Bentley Girls․ ռեկորդներ ցամաքում, ջրում եւ օդում

Մերի Փիթեր Բրյուսը, Դորոթի Փեյջեթը եւ Դիանա Բարնատոն կարեւոր դեր են խաղացել Bentley-ի լեգենդար պատմության ստեղծման մեջ:

Bentley Boys-ի լեգենդար տղամարդ մրցարշավորդները, գուցե, սահմանել են տեմպը, սակայն Bentley Girls-ի աղջիկներն էլ հրաժարվել են պարզապես նստել հետեւի նստատեղին ու իրենց ներդրումն են ունեցել Bentley-ի յուրահատուկ ոճի զարգացման գործում:

Մերի Փիթեր Բրյուս. արագության համար ծնվածը

Մերի Փիթերն ի ծնե պաշտում էր արագությունը եւ չէր զիջում Bentley-ի այլ մրցարշավորդներին: 15 տարեկանում նա դարձել է առաջին բրիտանուհին, որին տուգանել են արագությունը գերազանցելու համար:

1926 թվականին նա ամուսնացել է Վիկտոր Բրյուսի հետ, որը նույն տարեսկզբին հաղթել էր Մոնտե Կառլոյի ռալիում։ Մրցակցության ոգին նրա արյան մեջ էր, եւ հաջորդ տարի նա եւս մասնակցել է ռալիին։ Առանց քնելու 72 ժամում 2700 կմ անցնելուց հետո նա ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է վեցերորդ տեղը եւ նվաճել Կանանց գավաթը: Նա կանգ չի առել եւ 1928 թվականի մրցարշավում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հետագա տարիներին ամուսինները սահմանել են մրցարշավների հեռավորության բազմաթիվ ռեկորդներ՝ 6500-ից մինչեւ 24 000 կմ:  

Մերի Փիթեր Բրյուսը


Արտասովոր խնդրանք

1929 թվականին Մերին որոշում է փորձել իր բախտը բաղձալի C դասում՝ 24-ժամյա մրցարշավում: Նրա AC մեքենան, սակայն, բավականաչափ հզոր չէր: Նա հանդիպում է Ուոլթեր Օուեն Բենթլիի հետ եւ խնդրում իրեն տրամադրել Bentley 4 ½ Litre-ը: Երբ Բենթլին հարցնում է՝ ով է իր թիմակիցը, նա պատասխանում է. «Ես թիմակից չունեմ: Մենակ եմ վարում»: Երկար լռությունից հետո Բենթլին դիմում է Վուլֆ Բարնատոյին ու ասում. «Ես հավատում եմ նրա ուժերին»։ Բենթլին Մերիին է տրամադրում Թիմ Բիրքինի Bentley 4 ½ Litre-ը:

Ռեկորդներ ցամաքում, ջրում եւ օդում

Մինչ ռեկորդ սահմանելու փորձի օրը Մերին երբեք չէր նստել Bentley-ի ղեկին․ ոտնակներին հասնելու համար նա ստիպված էր բարձ օգտագործել: Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ նա 24 ժամում 145 կմ/ժ միջին արագությամբ անցել է մոտ 3500 կմ եւ սահմանել նոր ռեկորդ։ Այս նվաճման շնորհիվ նա ցմահ դարձել է Բրիտանական մրցարշավորդների ակումբի անդամ:

Նույն թվականին արագընթաց մոտորանավակով նա սահմանել է Լա Մանշի ամենաարագ հատման ռեկորդը՝ երկու ուղղությամբ: Նա նաեւ գնել է ինքնաթիռ ու սովորել վարել այն ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, որից հետո միայնակ մեկնել է շուրջերկրյա թռիչքի՝ մեկը մյուսի հետեւից ռեկորդներ սահմանելով: Մերին դարձել է առաջին կինը, որը միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն է իրականացրել: 81 տարեկանում նա վերապատրաստվել է եւ 37 տարի չթռչելուց հետո առաջին իսկ փորձի ժամանակ կատարել բարձրագույն պիլոտաժի «Նեստերովի հանգույց»-ը:

Մերի Փիթեր Բրյուսը


Վայրէջք կատարելուց հետո նա բացականչել է. «Հիանալի՜ է, կարծես, 50 տարով երիտասարդացա»։

Դորոթի Փեյջեթը եւ Blower Bentley-ն

Bentley-ի ամենահայտնի մեքենաներից մեկի՝ Bentley-4 ½ Litre տուրբո լիցքավորվող մեքենաների ստեղծման գործում մեծ դեր է ունեցել Դորոթի Փեյջեթը: Նա անասելի հարուստ եւ չափազանց էքսցենտրիկ կին էր, ուներ շատ տարօրինակություններ: Օրինակ՝ իր սպասավորներին անվանափոխում էր ու կոչում ծիածանի գույներով: Նա գիշերներն անցկացնում էր մոլախաղերով ու քնում ցերեկը՝ ձեւավորելով պրագմատիկ ու վճռական կնոջ համբավ։ 1920-ականներին, երբ այլ տիկնայք զբաղված էին փեսացու փնտրելով, Փեյջեթին հետաքրքրում էին միայն արագությունն ու հզորությունը: Ավտոմոբիլային մրցարշավների նկատմամբ նրա հետաքրքրությունը ծնվել է Brooklands ավտոդրոմ այցելության ժամանակ, որտեղ նրան վարել էր սովորեցնում Bentley Boys-ի մրցարշավորդ սեր Թիմ Բիրքինը: Վերջինս Դորոթիին բնութագրում էր որպես երբեւէ հանդիպած ամենահմուտ կին վարորդ, որ կարողանում է վարել ցանկացած մրցարշավային մեքենա:

Հոր քաջությունը ժառանգած դուստրը

Լե Մանի եռակի հաղթող Վուլֆ Բարնատոյի դուստր Դիանա Բարնատո Ուոլքերը ժառանգել էր հոր ունակություններն ու քաջությունը։ Նա հմուտ ձիավարում էր եւ վարում սեփական արծաթամոխրագույն Bentley 4 ¼ Litre Park Ward սեդանը, որն իր 21-ամյակին նվիրել էր հայրը:

Թռչող տիկին Bentley-ն

Երկինքը Դիանայի մեծագույն սերն էր: Առաջին ինքնուրույն թռիչքը նա կատարել է 1938 թվականին՝ Brooklands աերոակումբի հրահանգչի հետ ընդամենը վեցժամյա դասից հետո: 1941 թվականին նրան նշանակել են ստորաբաժանման օդաչու, որը մարտական ինքնաթիռները գործարաններից տեղափոխում էր առաջնագծի օդանավակայաններ:

Ծառայությունը շատ վտանգավոր էր. նա ստիպված էր ինքնաթիռը վարել միայնակ՝ առանց ցամաքի հետ որեւէ կապի, քանի որ բոլոր ռադիոհաճախականությունները ծառայում էին առաջնագծի զորքերի կարիքներին: Իր նրբագեղ արտաքինով բոլորին հիացնող, «աս օդաչու» Դիանան մինչեւ պատերազմի ավարտ առաջնագիծ է հասցնում 260 «Սպիթֆայեր» կործանիչ եւ մեծ թվով այլ ինքնաթիռներ:  

Դիանա Բարնատոն


Աշխարհի ամենաարագ կինը

1962 թվականին Դիանան արժանացել է Բրիտանական կին օդաչուների ասոցիացիայի հեղինակավոր մրցանակին, իսկ մեկ տարի անց մտել ավիացիայի պատմության մեջ։ English Electric Lightning T14 կործանիչը վարելով՝ նա կարողացել է հասնել 2031 կմ/ժ անհավանական արագության, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է ձայնի արագությունը։

Bentley-ն ամեն դետալում

Երբ 2003 թվականին Bentley թիմը հաղթում է Լե Ման ավտոմոբիլային մրցարշավում, Դիանա Բարնատոն այն քչերից էր, ով անձամբ տեսել էր առաջին Bentley Boys-երին: Savoy հյուրանոցում Bentley-ի գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունենում իմպրովիզացված «Փիթ-սթոփ» մրցույթ։ Ըստ կանոնների՝ հաղթող կճանաչվեր նա, ով բոլորից արագ կմտներ Speed 8 հաղթող մեքենայի խցիկը եւ կփակեր դուռը: 85-ամյա Դիանա Բարնատո Ուոքերն անմիջապես հանում է կոշիկները, վազում դահլիճով մեկ ու բուռն ծափահարությունների ներքո մտնում մեքենան ու փակում դուռը:


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին