×


«Մենամարտ անապատում». ԱԱ-ի գեղեցիկ եզրափակչի հյուրերը եւ սերը ֆուտբոլի ժամանակ

Երեկոյան Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը Աշխարհի առաջնության ամենադիտարժան ու գեղեցիկ եզրափակիչներից մեկում հաղթեց Ֆրանսիային ու 3-րդ անգամ տիրացավ չեմպիոնի կոչմանը:

Հանդիպման լրացուցիչ ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ եղան արգետինացիներն ու 1978 եւ 1986 թթ. հետո նորից աշխարհի չեմպիոն դարձան:


Արգենտինայի ավագ Լեո Մեսսին իր կարիերայի 42-րդ՝ ամենասպասված եւ կարեւոր տիտղոսին արժանացավ: 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ֆրանսիան էլ շատ մոտ էր հաջողությունը կրկնելուն, սակայն այս անգամ շատ քիչ չբավականացրեց:

Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականների եզրափակչին հետեւելու էին եկել հայտնի մարզիկներ, քաղաքական գործիչներ ու աստղեր:

Աշխարհի գավաթը Կատարի «Լուսիալ» ստադիոն բերելու պատիվն այս տարի ընձեռվել էր 2010-ի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իկեր Կասիլիասինն եւ հնդիկ մոդել, դերասանուհի Դիպիկա Պադուկոնեին:


Տրիբունաներում ներկա էր ու իր երկրի հավաքականին աջակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիտի հետ: Նրանք 2018-ին էլ Ռուսաստանի Մունդիալում էին երկրպագում ֆրանսիացիներին: Ողջ խաղի ընթացքում Մակրոնը լարված հետեւում էր, իսկ վերջում տխրեց պարտության պատճառով: Նա սփոփեց ֆրանսիացիներին ու պատմեց, թե ինչ է անձամբ ասել Կիլիան Մբապեին, որը եզրափակչում 3 գոլ է խփել ու դիպուկ իրացրել 11-մետրանոց հարվածը:

«Մբապեն շատ լավ խաղացող է ու բավական երիտասարդ: Իրեն էլ ասացի, որ դեռ ընդամենը 24 տարեկան է: Նա այս առաջնության լավագույն ռմբարկուն է, արդեն հաղթել է Աշխարհի առաջնությունում, հիմա էլ հասել է եզրափակիչ: Ինձ համար ցավալի էր տեսնել, թե նա ինչպես է տխրում: Ասացի, որ բոլորիս ստիպել է հպարտանալ»:


Եզրափակչին հետեւելու համար Կատար էր մեկնել նաեւ ամերիկացի միլիարդատեր ու գործարար Իլոն Մասկը: «Մենամարտ անապատում: Ավելի լավ խաղ հնարավոր չէր ցանկանալ: Ֆրանսիայի ու Արգենտինայի անհավանական պայքարը»,- եզրափակչից հետո գրել է նա:


Ամբող առաջնության ընթացքում մրցաշարին հետեւել է Դեւիդ Բեքհեմը, նա նախ երկրպագել է իր երկրի՝ Մեծ Բրիտանիայի հավաքականին, ապա հիացել մյուս ուժեղ ընտրանիների ելույթներով: Եզրափակչում Բեքհեմին միացել է որդին՝ Քրուզը:

Արգենտինայի հաղթանակից հետո Բեքհեմը հրապարակել է Մեսիի տարբեր տարիների նկարներն ու գրել. «Արքան»:


Կատար է մեկնել ու եզրափակչին հետեւել նաեւ Գարիկ Պապոյանը: Նա փոքրիկ տեսանյութ է ներկայացրել ու պատմել, որ հյուրանոց է ժամանել գիշերը ժամը 5-ին, իսկ գրանցվել կարող կարող էր լինել միայն 15:00-ին: «Ի՞նչ անեմ, Մեսսին քնած կլինի՞, որ զանգեմ»,- կատակել է նա:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)


Եզրափակչի հյուրերի թվում են եղել հայտնի մարզիկներ՝ աշխարհի չեմպիոններ Յուրի Ջորկաեֆը, Կաֆուն, Ռոբերտո Կառլոսը, Ֆրանչեսկո Տոտտին, Պոլ Պոգբան ու էի շատերը, ինչպես նաեւ Ֆիգուն, Զլատան Իբրահիմովիչը, Նովակ Ջոկովիչը, Էմմա Ռադուկանուն, Հաբիբ Նումագոմեդովը:


Ու դե ինչ ֆուտբոլ, առանց սիրո, քանի որ բոլորի ուշադրության կենտրոնում Լեո Մեսսին էր, հենց նրա ու սիրելիին էլ կանդրադառնանք: Նրա կինը՝ Անտոնելլա Ռակուցոն, ողջ առաջնության ընթացքում որդիների՝ Տիագոյի, Մատեոյի եւ Չիրոյի հետ Կատարում է եղել ու աջակցել նրան:


Եզրափակչից հետո էլ այսպիսի հուզիչ գրառում է կատարել. «Մենք քեզնով շատ ենք հպարտանում, Լեո: Շնորհակալ ենք, որ սովորեցրիր մեզ երբեք չհանձնվել ու պայքարել մինչեւ վերջ: Վերջապես դու աշխարհի չեմպիոն դարձար: Գիտենք, թե որքան ես տառապել ու սպասել այս տիտղոսին»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW