×


Ֆարել Ուիլյամսին պաշտոն են տվել Louis Vuitton-ում

Louis Vuitton նորաձեւության տունը հայտնել է տղամարդկանց հագուստի գծով ստեղծագործական նոր տնօրենի անունը: Եվ նա երգիչ Ֆարել Ուիլյամսն է: Բրենդի համար նրա առաջին հավաքածուն կներկայացվի հաջորդ հունիսին Փարիզում կայանալիք տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում:

Ստեղծագործական տնօրենի պաշտոնը թափուր էր 2021 թվականի նոյեմբերին Վիրջիլ Աբլոյի մահից հետո: Հավաքածուների համար պատասխանատու էր ապրանքանիշի դիզայնի թիմը:


Թեեւ Ուիլյամսն ավելի շատ հայտնի է որպես երգիչ, բայց նորաձեւության նկատմամբ էլ մեծ սեր ունի: Նա մինչ այդ էլ համագործակցել է Louis Vuitton-ի ու Adidas-ի հետ, ինչպես նաեւ ստեղծել հատուկ հավաքածու Chanel-ի համար, 2005 թվականից ունի հագուստի սեփական Billionaire Boys Club բրենդը, որը ստեղծել է ճապոնացի դիզայներ Նիգոյի հետ:

Ուիլյամսի հետ համագործակցել շատ էր սիրում Կարլ Լագերֆելդը. 2013-ին նա երգչին հրավիրել է նկարահանվել իր «Ռեինկարնացիա» մինի ֆիլմում, խաղընկերուհին դիզայների եւս մեկ մուսա Կարա Դելեւինն էր: 2017-ին երաժիշտն առաջին տղամարդն էր, որը դարձավ Chanel պայուսակի դեմքը: Աշխատել է նաեւ Marc Jacobs, Uniqlo ու G-Star RAW բրենդների հետ:



Հագուստի ու նորաձեւութլան նկատմամբ իր հետաքրքրության մասին ավելի վաղ Ուիլյամսն այսպիսի խոստովանություն էր արել. «Մանկուց ցանկացել եմ կրել այնպիսի հագուստ, որը ոչ մի տեղ չեն վաճառում: Դրա համար էլ երբ մեծացա, որոշեցի ինքս այն ստեղծել: Նորաձեւությունը շատ զիլ բան է, տարբեր հագուստներ եմ կրել բեմի վրա ու ինձ այդ աշխարհի մի մասը զգացել: Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ հագուստի միջոցով կարողանում են ընդգծել իրենց անհատականությունը: Հաճելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ կերպարներ ստեղծում կամ կրում իմ արտադրած գլխարկն՝ այն համադրելով այլ դիզայներների աշխատանքների հետ: Նման պահերին ես հասկանում, թե որքան ոգեշնչող ու ուժեղ գործիք է նորաձեւությունը»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW