×


Porsche 718 Spyder RS-ը ճանաչվեց լավագույնը

Boxster կոնցեպտային մեքենայի շնորհանդեսից երեսուն տարի անց Porsche-ն թողարկում է շարժիչի միջնամասային տեղակայմամբ ռոդսթերի ամենահզոր տարբերակը՝ նոր Porsche 718 Spyder RS-ը: Առաջին անգամ 911 GT3 մոդելի բարձր ընդհատիչ կետով շարժիչը տեղադրվել է բաց տանիքով, շարժիչի միջնամասային տեղակայմամբ սպորտային ավտոմեքենայում:

Porsche-ն համալրում է 718 մոդելային շարքը նոր սպորտային ավտոմեքենայով, որը ստեղծված է վարելու ընթացքում առավելագույն հաճույք ստանալու համար: Նոր 718 Spyder RS-ը 718 Cayman GT4 RS-ի բաց տանիքով տարբերակն է: 911 GT3 մոդելի` 368 կՎտ (500 ձ. ու.) հզորությամբ վեց մխոցանի մթնոլորտային շարժիչն առաջին անգամ է օգտագործվում բաց տանիքով, շարժիչի միջնամասային տեղակայմամբ սպորտային ավտոմեքենայում: 911 GT3 Cup մրցարշավային ավտոմեքենայում տեղադրված է հենց նույն թեթեւացված, բարձր ընդհատիչ կետով ուժային ագրեգատը: 718 Spyder RS մոդելի մեխանիկական ծալումով թեթեւ եւ գրավիչ բացվող տանիքի շնորհիվ շարժիչի տպավորիչ ձայնն էլ ավելի շատ հուզական պահեր է առաջացնում: Վառ տպավորություններն ավելի են ուժեղացնում չժանգոտվող պողպատից պատրաստված ստանդարտ թեթեւացված արտանետման համակարգը եւ գլխակալների հետեւում ներկառուցված կողային օդամուղները:


Բարձր ընդհատիչ կետով մթնոլորտային շարժիչ եւ անհամեմատ թեթեւացված կոնստրուկցիա

Նոր 718 Spyder RS-ի ուժային ագրեգատը նույնական է 718 Cayman GT4 RS Coupe-ի ուժային ագրեգատին: 4.0 լ աշխատանքային ծավալով վեց մխոցանի օպոզիտային շարժիչը զարգացնում է մինչեւ 9,000 պտ/ր եւ 368 կՎտ (500 ձ. ու.) հզորություն, իսկ առավելագույն ոլորող մոմենտը կազմում է 450 Նմ: Յոթաստիճան, կարճ փոխանցումային հարաբերակցությամբ PDK փոխանցման տուփի հետ համակցված վեց մխոցանի շարժիչը երկտեղանի ռոդսթերին մինչեւ100 կմ/ժ թափ է հաղորդում 3.4 վայրկյանում եւ թույլ է տալիս զարգացնել այն մինչեւ 200 կմ/ժ արագության նշագիծը ընդամենը 10.9 վայրկյանում: Համեմատած առանց «RS» տարբերանշանի 718 Spyder-ի հետ՝ նոր առաջատարը ոչ միայն ունի հավելյալ 59 կՎտ (80 ձիաուժ) հզորություն, այլեւ կես վայրկյանով ավելի արագ է զարգացնում մինչեւ 100 կմ/ժ արագությունը: Առավելագույն արագությունն այժմ կազմում է 308 կմ/ժ՝ 300 կմ/ժ-ի փոխարեն: Ինչպես եւ բոլոր նոր RS մոդելները՝  718 Spyder RS-ը հասանելի է միայն Porsche բազմակի կցորդմամբ փոխանցման տուփի (PDK) հետ համակցված: Այս փոխանցումատուփը փոխանցումները փոխարկում է կայծակնային արագությամբ եւ երաշխավորում է առավելագույն արդյունավետություն: Ենթաղեկային փոխարկիչները թույլ են տալիս վարորդին ձեռքերը մշտապես պահել ղեկանվի վրա՝ անգամ փոխանցումների մեխանիկական փոխարկման ժամանակ: Որպես ալտերնատիվ տարբերակ՝ վարորդը կարող է օգտվել կենտրոնական վահանակի վրա տեղակայված՝ էրգոնոմիկ դիզայնով սելեկտորի լծակից: Ի լրումն ավելի հզոր շարժիչի՝ նոր մոդելի ավելի ցածր քաշը նույնպես նպաստում է ավելի բարձր կատարողականությանը. ավտոմեքենայի ընդհանուր քաշը կազմում է 1,410 կգ, այսպիսով՝ Spyder RS-ը 40 կիլոգրամով ավելի թեթեւ է, քան 718 Spyder-ը՝ համակցված PDK փոխանցման տուփի հետ, եւ հինգ կիլոգրամով ավելի թեթեւ է, քան փակ տանիքով 718 Cayman GT4 RS-ը: Spyder RS-ը 2016 թվականից թողարկվող մոդելային շարքի գլխավոր ձեռքբերումն է:

Բալանսավորված աերոդինամիկա

Նոր Porsche 718 Spyder RS-ի դիմային հատվածը գրեթե նույնական է 718 Cayman GT4 RS դիմային հատվածին: Ստանդարտ առջեւի կապոտը պատրաստված է ամրացված ածխապլաստիկից (CFRP) եւ ունի լայն օդամղիչ թափարգելի վերին հատվածում: Երկու NACA օդամղիչներն ուժեղացնում են արգելակների հովացումը՝ առանց Cd ցուցանիշի վրա բացասաբար ազդելու: Թափարգելի արտաքին վերջնահատվածների կողային սայրերը մեծացնում են կցորդումը ճանապարհածածկի հետ: Առջեւի սփոյլերը մի փոքր ավելի կարճ է, քան 718 Cayman GT4 RS մոդելինը: Համակցված ավելի մեծ հետեւի թեւի հետ՝ այն ստեղծում է ավելի մեծ սեղմումային ուժ Cayman-ի վրա եւ, այդպիսով, պահանջում է ավելի մեծ սփոյլեր՝ աերոդինամիկ հավասարակշռություն ստեղծելու համար: Թեւի փոխարեն 718 Spyder RS-ը առանձնանում է բադի պոչի ձեւ ունեցող՝ աչքի ընկնող կողահատ եզրով: Բոլոր աերոդինամիկ բաղադրիչները վարպետորեն համակարգված են: Դրանք պահպանում են մեքենայի աերոդինամիկ հավասարակշռությունը եւ ապահովում են առավելագույն կայունություն բարձր արագությամբ վարելիս:    

Գրավիչ փափուկ տանիք

Նոր 718 Spyder RS-ն ունի մեխանիկական ծալումով աշխատող մեկ շերտանի թեթեւ փափուկ տանիք: Կառուցվածքը բավականին պարզ է՝ բաղկացած է երկու մասից. արեւապաշտպան առագաստ եւ եղանակային շեղիչ: Երկուսն էլ լիովին շարժական են, կարող են հանվել եւ պահվել ավտոմեքենայի մեջ առանձին կամ միասին: Արեւապաշտպան առագաստը կարելի է օգտագործել նաեւ որպես «Բիմինի ծածկ», որը կպաշտպանի վարորդին եւ առջեւի ուղեւորին արեւից: Այս պարագայում սրահի ուղեւորների հատվածը հիմնականում բաց է մնում ուղեւորների հետեւում եւ կողքերից: Եղանակային շեղիչի հետ մեկտեղ դրանք ստեղծում են լիարժեք տանիք, որն ապահովում է արդյունավետ պաշտպանություն անձրեւից՝ կողային ապակիները բարձրացված լինելու պարագայում: Ողջ տանիքը, ներառյալ մեխանիկական մասերը, կշռում է ընդամենը 18.3 կգ: Այն 7.6 կիլոգրամով ավելի թեթեւ է, քան 718 Spyder-ի տանիքը, եւ 16.5 կիլոգրամով ավելի թեթեւ՝ քան 718 Boxster մոդելինը: Այն վարորդները, ովքեր ցանկանում են «ազատվել ավտոմեքենայի ավելորդ ութ կիլոգրամներից», կարող են տանիքը թողնել տանը, եթե եղանակային պայմանները թույլ են տալիս:


Սպորտային կախոց՝ բարձր ճշգրտությամբ եւ շարժունակությամբ

718 Spyder RS-ի հենասարքում օգտագործվել են բաղադրիչներ 718 Cayman GT4 RS 718 Spyder մոդելներից: Այն նախատեսված է ոլորապտույտ ճանապարհների վրա վարելիս առավելագույն հաճույք ստանալու համար: Այն ներառված է ստանդարտ համալրման մեջ՝ համակցված սպորտային թյունինգով Porsche Active Suspension Management (PASM) համակարգի հետ: Հենասարքի գետնահեռությունը նվազեցված է 30 միլիմետրով: Այն նաեւ ունի Porsche Torque Vectoring (PTV) համակարգ՝ ներառյալ մեխանիկական ինքնաբլոկավորվող դիֆերենցիալը, գնդաձեւ հոդակապերով կախոցի առանցքակալները եւ 20 դյույմանոց կռածո անվահեծերը: Հենասարքի վարքագիծը բնութագրվում է ղեկակառավարման բարձր ճշգրտությամբ, ինչպես նաեւ ճկուն եւ չափազանց բնական կառավարմամբ: Գետնահեռությունը, բացքը, անվածիրը եւ լայնական կայունության կայունարարը կարող են կարգավորվել առանձին: 718 Cayman GT4 RS-ի համեմատ զսպանակների եւ ցնցամեղմիչների կոշտությունը նվազեցված է՝ ավելի հանգիստ, կաբրիոլետին հարմար կարգավորումներ ապահովելու նպատակով:  

Կատարողականության վրա կենտրոնացած սրահ

Մոդելի սպորտային բնույթը արտացոլվում է նաեւ մեքենայի ներսում. սրահում առկա են միայն ֆունկցիոնալ եւ էրգոնոմիկ տարրեր: RS սպորտային ղեկանիվը հարդարված է Race-Tex կտորով, փոխարկման սխեման դեղին գույնի է: Ստանդարտ սպորտ պլյուս նստատեղերը պատրաստված են ամրացված ածխապլաստիկից (CFRP)՝ կարբոնե մանրաթելերով հարդարմամբ եւ ապահովում են տպավորիչ կողային աջակցություն: Նստատեղերը երեսպատված են սեւ գույնի կաշվով, իսկ ծակոտկեն Race-Tex կտորից կենտրոնական հատվածը հակադիր գույնի է՝ սեւ ֆոնի վրա: Հակադիր գույները մոխրագույնն են (Arctic Grey) կամ կարմիրը (Carmine Red): Գլխակալների վրա ասեղնագործված է համապատասխան գույնի «Spyder RS» տարբերանշանը: Ցուցիչների վահանակն ու դեկորատիվ ներդիրները հարդարված են կաշվով: Թափքի համար հասանելի են չորս ոչ մետալիկ եւ երեք մետալիկ գույներ, որոնց թվում են նոր Vanadium Grey Metallic-ը, ինչպես նաեւ Arctic Grey, Shark Blue եւ Ruby Star Neo հատուկ գույները:


Օպցիոնալ Weissach փաթեթ եւ համապատասխան քրոնոգրաֆ

Weissach փաթեթը նույնպես հասանելի է Spyder RS-ի համար՝ որպես օպցիա: Բացառիկ թեթեւ օպցիոնալ կռածո մագնեզիումային անվահեծերը հասանելի են պատվերով՝ համակցված արդյունավետության վրա կենտրոնացված սարքավորումների փաթեթի հետ: Սպորտային արտանետման համակարգի խողովակները տիտանից են: Արտաքին տեսքը ստեղծվել է՝ ոգեշնչված 2018 թվականի սահմանափակ թողարկման 935 մոդելից: Մեքենայի ներսում տեսողականորեն գրավիչ շեշտադրում է ցուցիչների վահանակի վերին հատվածը, որը ծածկված է Race-Tex հակացոլքային ծածկույթով: Porche 718 Spyder RS-ի գնորդներին բացառիկ կերպով հասանելի է Porsche Design Timepieces-ի՝ ձեռքով պատրաստված քրոնոգրաֆը՝ Շվեյցարիայի Զոլոտուրն քաղաքում գտնվող Porsche-ի սեփական ժամացույցների արտադրության պրեմիում դասի ժամացույցը: Այն նախագծված է մեքենայի կոնֆիգուրացիային համապատասխան, առանձնակի թեթեւ կորպուսը պատրաստված է տիտանից, թվատախտակը՝ կարբոնից, իսկ գոտին՝ ավտոմեքենայի նույն կաշվից։ Հետեւի ռոտորը համահունչ է 718 Spyder RS անվի եզրագծի համապատասխան դիզայնին:


«718 Spyder RS-ը նոր մակարդակի է բարձրացնում բաց տանիքով ավտոմեքենա վարելու հաճույքը», - ասում է GT Cars-ի ղեկավար Անդրեաս Պրյունինգերը. «Մեր անսխալական GT3 շարժիչի, կարճ փոխանցումային հարաբերակցությամբ փոխանցման տուփի, կոմպակտ չափսերի, ցածր քաշի, ճանապարհների համար օպտիմալացված մրցարշավային  կախոցի եւ առավելագույնս բաց լինելու համադրությունը ապահովում է մեքենա վարելու չափազանց տպավորիչ փորձառություն»:


Porsche 718 Spyder RS-ը կներկայացվի հանրությանը հունիսին Շտուտգարտ-Ցուֆենհաուզենում՝ Porsche սպորտային ավտոմեքենաների 75-ամյակին նվիրված տոնակատարությունների ընթացքում: Կարճ ժամանակ անց այն կներկայացվի Անգլիայում՝ «Goodwood Festival of Speed» փառատոնի շրջանակում:

Նորություններին ծանոթանալու համար կարող եք հետեւել «Պորշե կենտրոն Երեւան»-ի պաշտոնական էջերին՝

https://dealer.porsche.com/am/yerevan/hy-AM

https://www.facebook.com/porschecenteryerevan

https://www.instagram.com/porschecentreyerevan/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW