×


81-ամյա Մարթա Ստյուարտը Sports Illustrated-ի շապիկին հայտնված ամենատարեց կինն է

Ամերիկացի գրող ու գործարար Մարթա Ստյուարտը հայտնվել է հայտնի Sports Illustrated-ի շապիկին՝ դառնալով ամսագրի ամենատարեց դեմքը:

81-ամյա Ստյուարտին Դոմինիկյան Հանրապետության ծովափին լուսանկարել է Ռուվեն Աֆանադորը: Ամսագրի նոր համարը նվիրված է 28 կանանց: Մինչ այդ ամսագրի շապիկին 74 տարեկանում հայտնվել էր Իլոն Մասկի մայրը՝ մոդել Մեյ Մասկը:


«Յուրաքանչյուրին նկարել ենք անհավանական վայրում, որտեղ նրանց բնական գեղեցկությունը կարող էր փայլել, իսկ ոճը՝ համապատասխանել անհատականությանը»,- նշված է Sports Illustrated-ի կայքում:

Ստյուարտը խոստովանել է, որ ցանկանում է ոգեշնչել մյուս կանանց ու շատ ուրախ է, որ իր լուսանկարները հայտնվել են ամսագրում. «Հաճախ չեմ մտածում տարիքի մասին, բայց սա ինչ-որ առումով մեծ իրադարձություն է, ու պետք է լավ տեսք ունենայի: Իմ կարգախոսը միշտ եղել է. «Փոփոխություններն ավարտվում են, երբ ավարտվում է կյանքը»: Դրա համար էլ մտածեցի՝ ինչու չօգտվել այս բացառիկ հնարավորությունից, որն ինձ տվել է կյանքը: Հույս ունեմ՝ այս շապիկը ձեզ կօգնի ինչ-որ նոր բան փորձել՝ անկախ նրանից, թե կյանքի որ փուլում եք: Անվախ լինելը, փոփոխվելն ու զարգանալը շատ լավ է»:

Մարթա Ստյուարտն ԱՄՆ-ում հայտնի ու ազդեցիկ կանանցից է, հիմնադրել է Martha Stewart Living Omnimedia մեդիաընկերությունը, հաղորդավար է: Կարիերան սկսել է պատանեկան տարիքում ու մոդել եղել:


Այս տարի ամսագրի ղեկավարությունը հրաժարվել է հստակ թեմայից՝ հուսալով, որ կանայք կարող են ապրել աշխարհում, որտեղ նրանք ոչ ներքին ու ոչ էլ արտաքին սահմանափակումներ չունեն:

«Թեմաների բացակայությունը չի նշանակում, որ մեր հերոսուհիներն ընդհանրություններ չունեն: Նրանք անդադար զարգանում են»,- ասել է գլխավոր խմբագիր Էմ Ջեյ Դեյը:

Ստյուարտից բացի, ամսագրի համար նկարվել են դերասանուհի, մոդել Մեգան Ֆոքսը, գերմանացի երգչուհի ու երգերի հեղինակ Քիմ Պետրասը, մոդել ու ինֆլյուենսեր Բրուքս Նեյդերը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW