ՌԴ-ում Կորեայի Հանրապետության դեսպանատանը կից գործող Կորեական մշակույթի կենտրոնն արդեն 5-րդ անգամ Հայաստանում իրականացնում է Կորեական մշակույթի փառատոն: Այս տարի այն ընթացավ մայիսի 19-21-ը:
Փառատոնը Կորեան ներկայացրեց աշխարհում մեծ տարածում ստացած K-pop-ի, ֆիլմերի, թաեքվոնդո մարտարվեստի եւ կորեական խոհանոցի միջոցով՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ:
Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած բացման արարողության ժամանակ ցուցադրական համարներով ներկայացան նախորդ տարի K-pop cover պարային մրցույթի հաղթող «MICHYOS» ստուդիան, Երեւանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները, ինչպես նաեւ ներկայացվեց կորեական ազգային երաժշտությունը: Պաշտոնական մասին հաջորդեց կինոդիտում. հայերեն ենթագրերով ցուցադրվեց «K խուզարկուն. անհետացած կղզու գաղտնիքը» արկածային կատակերգությունը:
Մոսկվայում Կորեական մշակույթի կենտրոնի տնօրեն Պարկ Ջունգ Գոնի խոսքով՝ կորեական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում տարեցտարի աճում է:
«Մենք շատ ուրախ ենք, որ հայերը սիրում են մեր մշակույթը: Հարավային Կորեայում եւս այժմ սկսել են շատ հետաքրքրվել Հայաստանով, այն հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն է դառնում կորեացի ժողովրդի համար՝ որպես Կովկասում թաքնված թանկարժեք քար: Շատ գեղեցիկ բնություն ու լեռներ ունեք, հրաշալի է Սեւանա լիճը, խոհանոցը եւս շատ համեղ է, սակայն ամենակարեւորը ջերմ սրտեր ունեցող հայ մարդիկ են: Կարծում եմ, որ առաջիկայում ավելի շատ կորեացիներ կայցելեն Հայաստան, եւ հույս ունեմ, որ նման մշակութային փոխանակումները կնպաստեն հայ-կորեական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, կխորանա երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը եւ Հայաստանն ու Հարավային Կորեան կաջակցեն միմյանց ապագա ներուժը զարգացնելու հարցում»,- Bravo.am-ի հետ զրույցում հավելել է նա:
Պարկ Ջունգ Գոնը
Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաեւ Հարավային Կորեայում ամենատարածված ուտեստներից կիմպաբի պատրաստման վարպետության դաս, անցկացվել է հայ-կորեական բարեկամության թաեքվոնդոյի մրցաշար եւ K-pop cover պարային մրցույթ: Վերջինս փառատոնի՝ հայ երիտասարդների շրջանում ամենասիրված ու սպասված միջոցառումն է: Այս տարի մրցույթին նախապես գրանցվել էր 24 խումբ: Նախնական ընտրական փուլից հետո մայիսի 21-ին Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում ներկայացավ 15 խումբ, որոնց շարքում հաղթող ճանաչվեց MDS-ը:
K-pop cover պարային մրցույթը Հայաստանում անցկացվում է 2015 թվականից: Մրցույթի առաջին մասնակիցներից Անի Հարությունյանը այս տարի արդեն ժյուրիի կազմում էր կորեական պատվիրակության հետ:
«Երբ մրցույթը նոր էր մեկնարկել, այս ոճում պարողները քիչ էին, մասնակից խմբերն էլ հիմնականում 1-2 հոգուց էին բաղկացած: Տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է, խմբերում էլ 5-6 ու ավելի պարողներ են լինում: Բացի այդ, պարի որակը եւս կատարելագործվում է՝ ավելի բարդ ու ռիթմիկ շարժումներ, հանդիսատեսի հետ ճիշտ տեսողական կապ, համապատասխան ընտրված հագուստ եւ այլն: Այդուհանդերձ, աշխատելու տեղ դեռ շատ կա. թիմերը պետք է շատ աշխատեն շարժումների հավասարության վրա»,-ասել է Անի Հարությունյանը:
Անի Հարությունյանը
Մրցույթին ներկայացող խմբերից 8-ը, այդ թվում հաղթող MDS-ը, «MICHYOS» պարային ստուդիայի սաներն էին: Ստուդիայի ղեկավար Անի Հովհաննիսյանի խոսքով՝ պարողներից յուրաքանչյուրը կարողացավ իր ուժերի չափով էներգիա փոխանցել հանդիսատեսին:
«Պարային համարները պատրաստել էինք՝ ընտրելով այն K-pop կատարումները, որոնք սիրված են, ակտիվ, բեմին համապատասխան եւ մրցութային: Այժմ մեր ստուդիան մասնագիտացած է հենց K-pop պարերի ուղղությամբ, բայց մտածում ենք նաեւ ընդլայնվելու մասին»,- հավելել է Անի Հովհաննիսյանը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: