×


Կաննի հյուրերը. անկրկնելի ֆրանսուհիները, կիսամերկ Շեյքն ու գրավիչ Հայեկը

Կաննի կինոփառատոնը միշտ առանձնանում է ֆիլմերի ընտրությամբ, հյուրերի ոճով ու նրբաճաշակությամբ: Այս տարի եւս կարմիր գորգը գեղեցիկ զգեստների ու ճաշակի պակաս չուներ:

Կաննը վաղուց աստղերի համար դարձել է լավագույն կերպարները ցուցադրելու, ամենաթանկարժեք ադամանդները կրելու ու իրենց ցույց տալու վայր: Ներկայացնում ենք ամենաոճայիններին ու առանձնացողներին:

Նատալի Փորտմանը Dior-ի զգեստով շատերի սրտերն է գերել: Հատուկ նրա համար նորաձեւության տունը վերստեղծել է 1949 թվականի «Յունոնա» հայտնի զգեստը, որի հեղինակը հենց Քրիստիան Դիորն է եղել: Բնօրինակը պահվում է Նյու Նորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Կերպարը նա ամբողջացրել է Chopard ականջօղերով:


Իրինա Շեյքի հայտնվելուն շատերն են սպասել, եւ ահա նա Armani Prive-ի մուգ կապույտ թափանցիկ զգեստով իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշիի հետ եկել էր դիտելու Մարտին Սկորսեզեի «Ծաղկային լուսնի սպանողները» ֆիլմը: Նորաձեւության քննադատները կարծում են՝ դա ակնարկ է, որ Armani նորաձեւության տան ստեղծագործական նոր տնօրենը հենց Տիշին է լինելու:

Սա Շեյքի միակ կերպարը չէր. նա այս տարվա մերկ զգեստների անվանակարգում անկասկած լավագույնն է: Երեկույթներից մեկին ներկայացել է Gucci-ի նոր հավաքածուի ներքնազգեստ հիշեցնող հագուստով, ապա կաշվե տոպ ու երկար կիսաշրջազգեստ կրել:


Մարիոն Քոտիարը ներկայացրել է «Կապույտով փոքրիկ աղջնակը» ֆիլմն ու նորից շլացրել իր գեղեցկությամբ: Ի տարբերություն Met Gala-ի, որտեղ նա կարճ վարդագույն վարսերով էր, այս անգամ հիացրել է երկար ու գեղեցիկ սանրվածքով: Նա կարմիր գորգին հայտնվել է երկու անգամ ու ցուցադրել սլացիկ ոտքերը. առաջին անգամ եղել է կիսատաբատով, ապա կրել 2024 թվականի Chanel Resort հավաքածուի հագուստ:


Այն, որ ֆրանսուհիներին տարիքն ավելի հմայիչ ու գեղեցիկ է դարձնում, մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Այդ կանոնն առավելապես գործում է 59-ամյա Ժուլիետ Բինոշի դեպքում: Նա Բենուա Մաժիմելի հետ նկարահանվել է «Դոդեն Բուֆանի կիրքը» ֆիլմում ու դերասանի հետ էլ փայլել տեսախցիկների առաջ: Բինոշը Dior Haute Couture սեւ ու սպիտակ զգեստի ու ձեռնոցների շնորհիվ մեզ տեղափոխել է 1947 թվական:


Վերջին շրջանում գրեթե չկա միջոցառում, որին Սալմա Հայեկը չհայտնվի ու իր մասին խոսելու առիթներ տա: Նա ընտրում է գեղեցիկ ու կազմվածքն ընդգծող զգեստներ եւ հիացնում իր յուրահատկությամբ: Կաննում նախապատվությունը տվել էր Alexander McQueen-ի մուգ մանուշակագույն ու խոր բացվածքով զգեստին: Միջոցառումից առաջ Ինստագրամում նրա հետեւորդների թիվը հասել էր 24 միլիոնի, ինչը դերասանուհին նշել է պարով: «24 մլն հետեւորդ, 24 մլն ժպտալու առիթ: Չեմ կարող թաքցնել հուզմունքս ու շնորհակալությունս»,- գրել էր նա:

Փառատոնի մշտական հյուրերից են սուպերմոդելները, որոնցից այս տարի տարբերվող զգեստով էր եկել Էլզա Հոսկը, նա նախապատվությունը տվել էր Viktor&Rolf կուտյուրային զգեստին: Այն բավական քննարկվել էր ցուցադրությունից անմիջապես հետո, սակայն մինչ այդ ոչ մեկը չէր համարձակվել դրանով հայտնվել կարմիր գորգին:


Ալեսանդրա Ամբրոսիոն Elie Saab-ի 2005 թվականի շքեղ զգեստով էր, որն ընդգրկում է մարմինն ու գլխարկ ունի, ինչը վերջին շրջանում բավական թրենդային է: Ջիջի Հադիդը Zac Posen-ի համեստ կերպարով էր, որի պարզությունը լրացրել էր թանկարժեք զարդերով: Սառա Սամպայոն ամեն տարի ջանք չի խնայում նորովի ներկայանալու համար: Այս անգամ նրան դրանում օգնել է Zuhair Murad-ի հասած նարնջի գույնի զգեստը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sara Sampaio (@sarasampaio)


Կաննի ամենասպասված ու սիրելի հյուրերից է հնդիկ դերասանուհի Այշվարիա Ռայը: Հագուստի նրա ընտրությունը ոչ մեկին անտարբեր չի թողնում: Այս տարի Sophie Couture-ի զգեստով էր, որի ստեղծման համար օգտագործվել են Cannes կապսուլային հավաքածուի բյուրեղները:


57-ամյա Ումա Թուրմանը Dior-ով էր ու կրտսեր որդու՝ Լեւոնի ուղեկցությամբ: Կամիր ատլասե զգեստն ու Chopard վզնոցն ավելի էին ընդգծում նրա սլացիկությունն ու բարձր հասակը: Դերասանուհին մոտ 30 տարի անց փորձել է կրկնել իր կերպարն՝ այս անգամ ընտրելով ավելի վառ գույներ:


«Աստերոիդների քաղաքը» ֆիլմի պրեմիերայի համար Սկառլեթ Յոհանսոնն ընտրել էր Prada-ի նուրբ վարդագույն զգեստն ու շատ նրբագեղ տեսք ունեցել:


Տարբերվող զգեստներով հյուրերը բավական շատ են եղել, մյուսներին կարող եք ծանոթանալ ֆոտոշարքում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Կաննի կինոփառատոնի, Vogue-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW