×


Արմեն Մարգարյանը

«Մեղքի զգացողություն ունեմ իմ հանդիսատեսի ու ընկերների առաջ»․ Արմեն Մարգարյան

Երբ այստեղ մտերիմներս ասում են՝ գնանք տուն, ամեն անգամ ինձ հարց եմ տալիս՝ որտե՞ղ է իմ տունը։ Ախր տունը, օջախը լիովին այլ հասկացողություն են։ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Արմեն Մարգարյանի տանն եմ՝ Լոս Անջելեսում։ Արմենը տեւական ժամանակ է՝ ապրում է օվկիանոսից այն կողմ։ Երբ ԱՄՆ-ում հայտնի ու ճանաչված մարդկանց հետ զրուցում էի, առաջին հարցս հենց դա էր լինում՝ ինչո՞ւ գնացիք հայրենիքից։

- Դժվար հարց է: Շատ եմ ինքս ինձ կեղեքել։ Ուղղակի ժամանակն այդպես թելադրեց։ Կարող էի գալ ինձ համար ավելի շահեկան ժամանակահատվածում, բայց հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումն արվեստին միշտ գերիշխել են քմահաճույքներիս։ Մութ ու ցուրտ տարիներին ընտանիքս Մոսկվայում էր բնակվում, եւ ես կարող էի այնտեղ իմ տաքուկ կյանքը վայելել, հնարավորություն կար անգամ Ջիգարխանյանի թատրոնում խաղալ, սակայն «Սունդուկյան» թատրոնն իմ երազանքների գագաթնակետն էր, իսկ Խորեն Աբրահամյանը՝ դերասանի վարպետության խորհրդանիշը։

Արմեն Մարգարյանը


Որտեղ էլ զբաղված եմ եղել՝ կինո, հեռուստատեսություն, արել եմ առավելագույնը, փորձել եմ իմ մասով փոխել շուրջս տիրող անճաշակությունն ու դիլետանտիզմը: Արվեստագետը հույզերի վրա կառուցված հոգի ունի։ Նրան եւ իր երկրին ուղղված անարդար ու ստի վրա կառուցված արժեքները մի օր կփշրեն այդ փխրուն հոգին։ Իհարկե, սա որոշակի ազդեցություն ունեցել է իմ որոշման վրա, բայց գլխավոր պատճառը զավակներս են։ Մենք մեր կապը երբեք չենք կտրում ու կտրելու մեր հայրենիքից, հատկապես ես։ Իսկ տղաներս կրթություն ստանալուց հետո էլ իրենց  գիտելիքները ծառայեցնելու են մեր հայրենիքին։

- Արմեն, վաստակավորի կոչման արժանացար 2017-ին։ Խոսքիցդ դատելով՝ այդ կոչումները քեզ համար կարեւոր են, թե՞ առավել կարեւոր է հանդիսատեսի սերը։

- Հանդիսատեսի համակրանքն ու ծափահարությունները դերասանի գլխավոր մրցանակն են։ Թատրոնը կինո չէ, այլ անմիջական շփում դիտողի հետ. զգում ես, թե ամեն մի նախադասությունդ ինչպես է ընկալվում: Երբեք գլխավոր ռեժիսորի կամ մեկ ուրիշի սենյակում չեմ նստել, որ դեր ու կոչում ստանամ: Նույն ռեժիսորը կարող էր գիշերվա կեսին զանգել ու ասել․ «Էդ ի՜նչ արեցիր, Արմեն», բայց թատրոնում աչքերիս մեջ չէր նայում, հետս չէր խոսում, որովհետեւ որոշ դերասաններ կարող էին դժգոհել։ Այ դա միշտ կեղեքել է թատրոնը, ու դա կոտրում է քեզ։

- Ծնվել, մեծացել ու ապրել ես Չարբախում։ Ընտանիքում ոչ ոք արվեստի ճյուղը չի ընտրել։ Ծնողներիդ չզարմացրե՞ց որոշումդ:

- Բացարձակ: Հայրս շատ ոգեւորված էր, որ այդ միջավայրն եմ ընտրել։ Գուցե զարմանալի թվա, բայց ես 10 տարեկանից կինոյի ու թատրոնի աշխարհում եմ. 30 տարի է՝ պրոֆեսիոնալ թատրոնում եմ, իսկ նկարահանվում եմ արդեն 40 տարի:   


- Ասում են՝ դերասանի հետ ապրել մի հարկի տակ բավական դժվար է, առավել եւս, եթե նա կանանց ուշադրության կենտրոնում է։ Քեզ միշտ ասել են հավերժ երիտասարդ Արմենը։ Այդ «տիտղոսը» պահելը դժվա՞ր չէ։

- Ինձ հաճախ էին այդպես դիմում։ Երկար տարիներ «Պատվի համար»-ում Սուրենի դերն էին խաղում, որը 20-21 տարեկան տղա է։ Մոտ 15 տարի խաղացի, մազերս արդեն թափվել էին, բայց Վահե Սուրենիչն ասում էր՝ ես պետք է խաղամ։ Երեւի գաղտնիքը նաեւ դրանում է, որ կարողանում ես մարդկանց համոզել ու մնում ես երիտասարդ։ Բացի դա էլ, կինս ինձ լավ է պահում։ Թատրոնն իմ տուն է եղել, շատ ժամանակ մոռացել եմ կենցաղը: Մեկ-մեկ ասում էի՝ եթե ես փախնեմ աշխարհից, ինձ գտեք թատրոնում։ Ինչ վերաբերում է երկրպագուներին, կինս միշտ ըմբռնումով է մոտեցել: Ու եթե նա տրվեր այդ ինտրիգներին, ապա մենք կբաժանվեինք։

- Արմեն, «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման գլխավոր դերակատարն էիր, քո մասնակցությամբ «Գարուն ա» Ֆիլմը մեծ էկրաններին էր, երբ եկար Լոս Անջելես:  Այդ շրջանում հատկապես ուշադրության ու դերերի պակաս չունեիր, հանուն ինչի՞ թողեցիր այդ ամենը:

- Իմ ամենալավ դերը թողեցի, որին կարոտում եմ ու հիմա երազում եմ խաղում։ Շատ դժվար է։ Մեղքի զգացողություն ունեմ իմ հանդիսատեսի առաջ։ Իմ ընկերների առաջ եմ մեղավոր զգում. նրանց էլ եմ մենակ թողել ինչ-որ առումով։ Բայց հայր Արմենը հաղթեց դերասան Արմենին։

- Դերերիդ մասին այնքան կարոտով ես խոսում։ Հոգեւոր սով չե՞ս զգում այստեղ:

- Կա այդպիսի զգացողություն, բայց այստեղ գալս համընկավ «Գարուն ա» ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային՝ կարմիր գորգ, տրամադրություն... Շատերը կարծում էին՝ մասնակցելու եմ ու գնամ, չգիտեին, որ մշտական բնակության եմ եկել։ Հուրախություն ինձ՝ այստեղ էլ սկսեցի նկարահանվել սերիալներում, ֆիլմում, ներգրավվեցի մանկական ներկայացումներում, եւ ոչ միայն։  

Արմինե Գեւորգյանը եւ Արմեն Մարգարյանը


- Արմեն, ասում են՝ ռեժիսորն է դերասան կերտում, համաձա՞յն ես։

- Ռեժիսորը մեծ դեր ունի դերասանի կայացման գործում, բաց դերասանն էլ պիտի օժտված լինի: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման մեջ Արմեն Էլբակյանի շնորհիվ հանդիսատեսն ինձ նորովի տեսավ: Հիմա այդ դերը խաղում է Ստեփան Ղամբարյանը: Ուրախ եմ, որ ներկայացումն իր ընթացքի մեջ է։ Նշանակում է՝ հնարավորություն կա Երեւանում լինելիս խաղալ այն թատրոնի թույլտվությամբ։ Կարծում եմ՝ էլբակյանը չի մերժի։  

- Դե, եթե անկեղծացել ես, էլ ավելի անկեղծացիր՝ սիրային, համբույրի տեսարաններում պարզապես խաղո՞ւմ ես, «քիմիա» չի՞ լինում:

- Օ՜, շատ մասնագիտական հարց տվեցիր: Այսպես ասեմ՝ կարող ես տեխնիկապես անել, բայց դա քիչ է. նույնիսկ այդ կարճ ժամանակում պետք է սիրես։ Իսկ ներկայացումից հետո պետք է կարողանալ շուտ ձերբազատվել այդ սիրուց, չմնալ դերի տակ։ Ու խոսքը միային սիրային տեսարանների մասին չէ: Մարդ կա՝ 3 օր չի քնում, որ աչքերը կարմրած լինեն։ Իսկ մի անգամ տեսա մեկին, որը վազում էր բեմ մտնելուց առաջ, զարմացած նայեցի, ասաց՝ պետք է հոգնած տեսք ունենա։

- Ներկայացման առաջնախաղից հետո դատարկություն չե՞ս զգում։

- Կարծես ազատագրվում ես։ Կանայք ասում են՝ երեխային ծնունդ տալու նման է։ Ինձ  փորձերն ավելի են դուր գալիս, իսկ պրեմիերային շատ անհանգիստ եմ։ Փոքր երեխան ինչպե՞ս է բժշկի մոտ մտնում, այդ զգացողությունն եմ ունենում: Իսկ երբ տեսնում եմ՝ երիտասարդ դերասանը բեմ դուրս գալուց առաջ հեռախոսով է խոսում, զարմանում եմ: Այսօր մեր դերասանական դպրոցը շատ է կաղում։ Երբեմն ուղղակի ապշում եմ՝ տեսնելով, թե ովքեր են դասավանդում։

- Իսկ ինչո՞ւ դու չես դասավանդում։

- Առաջարկներ միշտ եղել են, բայց մտածել եմ՝ դեռ ժամանակը չէ։ Այստեղ արդեն դասավանդում եմ Մեդիա ակադեմիայում։

- Արմեն, Երեւանում ճանաչված արտիստ ես, իսկ այստեղ ճանաչո՞ւմ են քեզ:

- Գլենդելում երբ դուրս եմ գալիս զբոսնելու, լավ իմաստով դարձյալ հանգիստ չունեմ։


- Միշտ գլխարկ ես դնում, որ քեզ ճանաչե՞ն, թե՞ չճանաչեն։

- Զարմանալի է, քո հարցերում այնքան հետաքրքիր նրբություններ կան: Նույնիսկ ամենակորած գյուղում միշտ գլխարկ եմ դրել, էլի ճանաչել են։ Մի օր պատմեցի մեկին, ասաց՝ ինչքան թաքցնում ես դեմքդ, ավելի ես հիշվում։

- Հերթը բլիցինն է. ինչի՞ց ես վախենում:

- Անորոշությունից:

- Թույլ կողմերդ:

- Տրվել ուրիշի քմահաճույքներին:

- Ուժեղ կողմերը:

- Գնահատել դիմացինին:

- Դեպք, որ կուզեիր չլիներ:

- Հայրիկիս մահը:

- Հարց, որից նյարդայնանում ես:

- Կինդ չի՞ խանդում:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն ես հավատում:

- Աստծուն:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW