×


Լուսինե Թովմասյանի ու Վահան Խաչատրյանի 18-ամյա ընկերությունը՝ ցուցահանդեսում

Դիզայներ Վահան Խաչատրյանն ու «Միսս Հայաստան» Լուսինե Թովմասյանը Երեւանի նորաձեւության շաբաթը հիանալի կերպով օգտագործել են իրենց համագործակցության եւ ընկերության 18 տարին նշելու համար։

Ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 2-5-ը «Ընկերություն» ցուցահանդեսի շնորհիվ կարելի է տեսնել հատուկ Թովմասյանի համար Խաչատրյանի ստեղծած զգեստները, հաղորդավարուհու մասնակցությամբ ֆոտոնկարահանումների տպավորիչ կադրերն ու համատեղ լուսանկարները։


Թովմասյանը մուտքի մոտ կապույտ երկար փեշով զգեստով դիմավորում էր հյուրերին ու Խաչատրյանի հետ լուսանկարվում, ինչից հետո պատասխանեցին BRAVO.am-ի հարցերին:

- Ինչպե՞ս ու ե՞րբ է առաջացել ձեր համագործակցությունը։

Վահան. 2005 թվականին մեր ընդհանուր ընկերոջ՝ դիմահարդար Յանա Բաբաջանյանի միջոցով ենք ծանոթացել եւ սկզբում զուտ գործնական հարաբերություններ ունեցել։

Լուսինե. Հետո մտերիմ ընկերներ դարձանք ու այդպես էլ մնացինք մինչ օրս։

Վահան. Ինքներս էլ չզգացինք, թե ինչպես աշխատանքային շփումը վերածվեց ընկերության, որն արդեն 18 տարի է ձգվում։


- Իսկ կհիշե՞ք, թե ինչ զգեստից սկսվեց համատեղ աշխատանքն ու Լուսինեն ինչպե՞ս դարձավ Ձեր մուսան։

Լուսինե. Հայկական ամենամյա մրցանակաբաշխության համար զգեստ էր պետք, որը Վահանն ինձ համար ստեղծեց։ Այստեղ էլ ներկայացված է՝ ծաղիկներով բոսորագույն զգեստ է, դրան հաջորդեց փիրուզագույնն ու այդպես շարունակվեց:

Վահան. Իսկ հետո այնքան շատացան, որ հերթականությունը չենք էլ հիշում։

- Իսկ հաշվե՞լ եք, թե ընդհանուր քանի զգեստ ունեք։

Վահան. Շատ-շատ են, այստեղ ընդամենը կեսն է ցուցադրված՝ 30-ից ավելի, որովհետեւ տարածքի ու միմյանց համապատասխանելու խնդիր կար։ Չգիտեմ էլ՝ ինչպես են մուսա դառնում, պարզապես նույն կերպ ենք մտածում, ընդհանուր հետաքրքրություններ ունենք, գաղափարներով ենք կիսվում, դա էլ բերեց նման արդյունավետ համագործակցության:


- Կա՞ ամեն մեկիդ համար առանձնացող զգեստ, որի հետ այլ հիշողություններ կամ ապրումներ են կապված։

Լուսինե. Ինձ համար կարեւոր զգեստներից է հարսանեկանը, որն ամենավերջում է ցուցադրված, շատ ջերմ հիշողություններ ունեմ այդ օրվա ու զգեստի հետ կապված:

Վահան. Ամենակարեւոր ու պատասխանատու զգեստն է, որովհետեւ մարդու կյանքում հարսանիքն ամենակարեւոր օրն է, որպես դիզայներ ու ընկեր՝ իմ պատասխանատվությունն էլ մեծ էր: Ամեն ինչ արել եմ, որ այն ամենալավը լինի։


- Ինչպե՞ս է զգեստն օգնում մարդուն դրսեւորվել եւ ինչո՞ւ է հագուստն այդքան կարեւոր մեր կյանքում։

Վահան. Զգեստն ինչ-որ առումով մարդու տրամադրության արտահայտման միջոց է,  հաճախ հակառակն էլ կարող է լինել, երբ լավ զգեստից է այն բարձրանում, ամեն մեկի դեպքում տարբեր է։ Գուցե, կան մարդիկ, որոնք անտարբեր են հագուստի նկատմամբ, բայց այն մեծ հաշվով ինքնավստահություն է տալիս։

Լուսինե. Երբ զգեստն ինձ սազում է, գեղեցիկ է ու նորաձեւ, ավելի վստահ եմ զգում։ Հաճելի զգացողություն է (սկսում է հյուրերին դիմավորել,-հեղ.)։

- Ուզում եմ նաեւ Ձեր կարծիքն իմանալ առաջին անգամ Երեւանում անցկացվող նորաձեւության շաբաթվա մասին։

Վահան. Որպես կազմակերպիչ՝ գնահատական տալու համար դեռ շուտ է, պետք է ավարտին սպասել, որպեսզի հասկանանք, թե որտեղ ենք թերացել ու մյուս տարի ավելի լավ կազմակերպենք։ Դեռ ամեն ինչ լավ է ընթանում, շատ փոքր թերություններ միշտ էլ լինում են։ Երեկ, օրինակ, ցուցադրություններից մեկի ժամանակ հոսանքն անջատվեց, նման բաները հետագայում կարելի է հաշվի առնել ու պատրաստ լինել։


- Վահան, հիմա ինչի՞ վրա եք աշխատում եւ արդյո՞ք ունեք հետաքրքիր նախագծեր։

Վահան. Հիմա դեռ զբաղված եմ նորաձեւության շաբաթվա հետ կապված աշխատանքներով։ Անհատական փոքր հավաքածուներ եմ անում, նորաձեւության շաբաթվա ընթացքում էլ պայուսակներ եմ ներկայացրել։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW