×


Անժելա Հեքիմյանի 1-ին տեսահոլովակի շնորհանդեսն ու Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի խոստովանությունները

Դերասաններ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի թոռնուհին՝ Jielmya զարդերի հայկական ապրանքանիշի հիմնադիր Անժելա Հեքիմյանը, որոշել է վերադառնալ իր առաջին մասնագիտությանն ու նորից զբաղվել երաժշտությամբ:

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջն ու Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինն ավարտած Հեքիմյանն իր առաջին՝ «Չիմանայի» երգի տեսահոլովակն է ներկայացրել:


BRAVO.am-ին պատմել է, որ զարդերով զբաղվելու պատճառով ստիպված է եղել 3 տարով թողնել երաժշտությունը:

«Բայց դադարները շատ լավ են անդրադառնում, քանի որ ավելի լիցքավորված, մոտիվացված ու ասելիքով լեցուն ես վերադառնում: Մեկ տարի առաջ հարսանիքիս ամուսնուս նվիրված երգ կատարեցի, այնքան էր հուզվել ու այնպես հիացած էր նայում ինձ, որ երբեք այդ հայացքը չեմ մոռանա։ Հարսանիքի հաջորդ օրն ասաց, որ անպայման պետք է երգչուհի լինեմ, բայց ժամանակ պետք եղավ, որ հասկանամ, թե ինչ եմ ուզում անել»,-նշել է Հեքիմյանը:


Որոշել է գործունեություն ծավալել էստրադային ժանրում, որը սիրում է ու իրեն հոգեհարազատ համարում: Արդեն 4 ամիս սովորում է դասախոսի մոտ ու շատ բան է հասցրել յուրացնել: Այնպես է ստացվել, որ տեսահոլովակում հենց ամուսնու հետ է նկարահանվել:

«Ուզում էի կիսվել, որ ամուսնացած եմ ու երջանիկ: Ամուսինս թեեւ նկարվելու փորձ չունի, բայց միանգամից մտավ դերի մեջ ու ինձ զարմացրեց: Տեսահոլովակը բավական արագ ենք նկարել՝ ընդամենը 17 ժամում: Հուսով եմ՝ մարդիկ կսիրեն: Փորձել եմ երգի միջոցով սեր փոխանցել, որպեսզի ունկնդիրները զգան իմ ջերմությունն ու էներգիան։ Շարունակելու եմ նաեւ զարդերով զբաղվել, մեծ ցանկության դեպքում կստացվի համատեղել: Ինձ համար առաջնայինն ընտանիքս է, ապա երգեցողությունն ու զարդերը»,- ավելացրել է նա:


Իրենց թոռնուհուն աջակցել ու այդ կարեւոր օրը նրա կողքին են եղել Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը: Դերասանուհին խոստովանել է, որ անակնկալի են եկել, երբ իմացել են՝ Անժելան մտադիր է տեսահոլովակ նկարել.

«Ամեն ինչ ինքն է նախաձեռնել՝ պրոդյուսեր ու կոմպոզիտոր գտավ եւ անցավ գործի: Մեր երեխաներին ու բոլոր թոռներին այնպես ենք դաստիարակել, որ ոչ թե պիտի հպարտանան մեզնով, այլ կարողանան որեւէ բանի հասնել ու այնպես անել, որ մենք իրենցով հպարտանանք: Շատ անհանգիստ էինք, որ ամեն ինչ լավ ստացվի ու մեր ճակատը պարզ լինի: Անժելային միշտ ասել ենք, որ բացասական կարծիքն էլ ասելու ենք, ու նա պետք է ընդունի, քանի որ միայն գովասանքներ լսելով՝ ճիշտ ճանապարհով առաջ չես գնա»:


Ալլա Վարդանյանը նաեւ հավելել է. «Հաջողություն եմ մաղթում Անժելային, որպեսզի կարողանա հասնել իր նպատակներին, բայց նրան միշտ ասում եմ, որ կարեւորն ընտանիքն է»:

Արմեն Մարությանն էլ հուսով է, որ երգը հաջողություն կունենա. «Այն կենսագրություն ունի, հեղինակը՝ Արման Անտոնյանը, զուսպ ու հետաքրքիր է գրել, մնում էր, որ Անժելան կարողանա ճիշտ մատուցել: Դժվար էր, քանի որ օպերային երգչուհի է, բայց համառորեն աշխատեց ու վատ չստացվեց: Հպարտանում եմ իմ թոռնիկով, համառ երեխա է, որը կարողանում է հասնել իր ուզածին»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW