×


Միակ «Կոման», որտեղից կարող ես դուրս գալ, երբ ցանկանաս. Գարիկ Պապոյան

«Կոմայում էի, այնտեղ ամեն բան ուրիշ էր, հնչում էր բարձր երաժշտություն, վառ լույսեր էին, համեղ կոկտեյլներ, ֆանտաստիկ միջավայր ու մթնոլորտ». արդեն մի քանի օր է՝ հայտնիների սոցիալական էջերը ողողվել են «Կոմայում էի» հաղորդագրությամբ հոլովակներով։ Պարզել ենք, որ «կոմայի» համահեղինակը երաժիշտ Գարիկ Պապոյանն է. նա եւ Գեղամ Սահակյանը Ծաղկաձորում՝ Պահլավունյաց 61 հասցեում, նոր ձեւաչափով ակումբ են հիմնել եւ անվանել «Կոմա»։  Ինչո՞ւ «Կոմա», ինչո՞ւ հենց Ծաղկաձորում եւ ժամանցի ինչպիսի՞ նոր մշակույթ է առաջարկում ակումբը, այս ամենի մասին պատմում է Գարիկ Պապոյանը։

«Կոման» ամբողջացնելու է ծաղկաձորյան անմոռանալի հանգիստը

Ծաղկաձորն իմ ամենասիրելի քաղաքներից է, հանգստի ու ժամանցի համար միշտ եղել է առաջնային եւ ցանկալի ուղղություն։ Սիրում եմ օգտվել Ծաղկաձորի զբոսաշրջային ու ակտիվ հանգստի բոլոր հնարավորություններից ու յուրահատկություններից՝ սկսած սարերում դահուկներ քշելուց, մինչեւ հետաքրքիր ռեստորաններում համեղ սնվելը։

Բայց ամեն անգամ Ծաղկաձոր գնալիս միշտ թվում էր, որ հանգիստը թերի է, որովհետեւ, օրինակ, ընկերների հետ ամբողջ օրվա ընթացքում լավ ժամանակ անցկացնելուց հետո չէինք կարողանում օրը շարունակել եւ մեր հանգիստն ամբողջացնել բարձրորակ երաժշտությամբ որեւէ վայր այցելելով։

Վերջերս հենց իմ օրինակով էլ հասկացել էի, որ քաղաքն այդքան սիրելով հանդերձ՝ սկսել եմ շատ քիչ հաճախել, եւ պատճառը հենց այն էր, որ մտածում էի՝ հանգիստը կատարյալ չի լինելու։

Իմ վաղեմի եւ շատ մտերիմ ընկերը՝ Գեղամ Սահակյանը, Ծաղկաձորում ամառանոց ունի։ Մոտ երկու տարի առաջ իր ամառանոցում էինք, երեկոյան նստած զրուցում էինք, երբ ասացի. «Ինչքան լավ կլիներ, եթե մի հետաքրքիր ակումբ լիներ այստեղ»։ Գեղամը հարցրեց. «Մտքեր կա՞ն, թե ինչ տեսակի ակումբ»։ Իսկ ես ոչ միայն մտքեր, այլեւ հստակ ուրվագծված երազանք ու կոնցեպտ ունեի մտքումս։ Նկարագրեցի, թե ինչ ու ինչպես եմ պատկերացնում, Գեղամն արագ թղթի վրա նկարեց շենքի էսքիզը։ Այդ օրվանից մանրակրկտորեն աշխատում ենք այս գաղափարի շուրջ։

Ակտիվ հանգիստ, դահուկներ եւ սնոուբորդ՝ սարերում, համեղ ուտեստներ՝ յուրահատուկ ռեստորաններում, իսկ հետո… «Կոմա»։ «Կոմա» ակումբով պատասխանում ենք «Իսկ հետո ի՞նչ անել, ո՞ւր գնալ, որտե՞ղ եզրափակել հանգիստն այնպես, որ ոչ մի ժամը զուր չկորչի» հարցերին։ Մեր նպատակն է այնպես անել, որ Ծաղկաձորը հյուրընկալի ավելի շատ մարդկանց, եւ ստեղծվի միջավայր, որ քաղաքի հյուրերը կարողանան այնտեղ պլանավորել 24-ժամյա ակտիվ ու անմոռանալի հանգիստ թե՛ սպորտային, թե՛ համեղ ու թե՛ մշակութային, ժամանցային։

«Կոման» ժամանակակից չափանիշներով հարթակ է՝ պատրաստ հյուրընկալելու միջազգային լավագույն արտիստներին եւ խմբերին

«Կոմա» ակումբի շենքն ամբողջությամբ նոր է. մենք ենք կառուցել։ Որոշեցինք, որ ոչ թե համակերպվելու ենք եղած շենքերի առանձնահատկություններին, այլ սեփականն ենք ունենալու, որպեսզի համապատասխանի մեր պատկերացումներին ու չափանիշներին։ Իսկ այդ չափանիշները շատ հստակ էին ու ձեւավորվել էին իմ երաժշտական ամբողջ կարիերայի ընթացքում՝ Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ համերգասրահներում ու ակումբներում լինելուց հետո։

Կարելի է ասել, որ մեր ակումբի ձեւաչափն իմ՝ որպես արտիստի, այս տարիների ընթացքում ունեցած անհարմարությունների, տեսած հիմնախնդիրների եւ սխալների «ուղղումն» է։ Ամեն անգամ որեւէ խնդրի բախվելիս մտքումս իմ վիրտուալ ակումբն էի կառուցում, որտեղ շատ լավ պատկերացնում էի տվյալ խնդիրների լուծումը։

«Կոման» նախագծելիս մենք առաջնորդվել ենք ոչ միայն հաճախորդների համար հետաքրքիր միջավայր ստեղծելու, այլեւ արտիստների, երաժիշտների համար հարմարավետ ու պրոֆեսիոնալ հարթակ ապահովելու մտքով։ Խոսքը թե՛ ձայնային որակի, թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ առանձնասենյակների առկայության եւ թե՛ անվտանգության մասին է։ Սրանք այն պահանջներն ու չափանիշներն են, որոնց սովոր են միջազգային արտիստները, եւ որեւէ երկրում համերգ ունենալուց առաջ անպայման հաշվի են առնում։

Առանձնահատուկ ուզում եմ շեշտել, որ ակումբի միջավայրը, ներքին հարդարումը կարողացել ենք ստանալ մեր պատկերացումներին համապատասխան՝ շնորհիվ Pro Decor-ի եւ Արա Մանուչարյանի, ով ի սկզբանե մեր կողքին է եղել։

DJ Cody Currie-ն՝ Լոնդոնից. «Կոմայի» բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին

«Կոման» ռեստորան չէ, այլ ժամանցի տարբերակ ռեստորաններից հետո։ Ունենալու ենք հարուստ բար, հետաքրքիր ու յուրահատուկ կոկտեյլներ, որոնք ամբողջացնելու են երաժշտական երեկոները։

Մեր պաշտոնական բացման միջոցառմանը հրավիրել ենք DJ Cody Currie-ին Լոնդոնից։ Վստահ եմ, որ մեր հատուկ հյուրերը բարձր կգնահատեն ու անմոռանալի ժամանակ կանցկացնեն։

Ամեն ամիս հյուրընկալելու ենք միջազգային լավագույն արտիստներին ու DJ-ներին։ Ինձ համար մեծ պատիվ եւ ուրախություն է, որ արտիստների հետ աշխատանքը համակարգում է Rambalkoshe-ն («Ռամբալկոշե» ժամանակակից արվեստի թանգարան), որը հայտնի է լավագույն էլեկտրոնային երաժիշտներին Հայաստանում հյուրընկալելու եւ թեմատիկ միջոցառումներ կազմակերպելու իր հաջողված փորձով եւ յուրահատուկ ձեռագրով։

«Կոման» նաեւ հարթակ է բենդերի, երաժշտական խմբերի համերգներ կազմակերպելու համար, որովհետեւ ունենք ձայնային եւ ակուստիկ ժամանակակից բոլոր հնարավորությունները։ Նաեւ նախատեսում ենք ստենդափ երեկոներ ունենալ՝ ժամանցի այս տեսակը եւս Ծաղկաձորում զարգացնելու համար։

«Կոմայի» հյուրերը Ծաղկաձոր այցելող բոլորն են՝ զույգերը, երիտասարդները, բարձրորակ երաժշտության սիրահարները։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ զույգերը կարող են հանգիստ լինել՝ «Կոմայում» ապահով է ու անվտանգ։ Մեզ մոտ ուժեղացված Face control համակարգ է գործելու։

«Կոման» բաց է երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ… հյուրերի «Կոմայից» դուրս գալը

Կոման առեղծվածային, միստիկ երեւույթ է. բոլորին միշտ հետաքրքրում է, թե ինչ է լինում կոմայում։ Մենք փորձել ենք դա ցույց տալ դրական տեսանկյունից. «Կոմա» ակումբում դու մի քանի ժամով կտրվում ես իրական կյանքի խառնաշփոթից, հայտնվում միանգամայն այլ աշխարհում, որտեղ վառ լույսեր են, ֆանտաստիկ երաժշտություն, տրամադրող ու խենթ միջավայր, համեղ կոկտեյլներ ու, իհարկե, մարդիկ։ Մեր «Կոման» միակ կոման է, ուր կարող ես հայտնվել եւ դուրս գալ, երբ ցանկանաս։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW