«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 15-ին «Մենք ու Մունք» խորագրով միջոցառման շուրջ համախմբվել էին ջազի եւ շախմատի սիրահարները, ովքեր եկել էին աջակցելու «4090 Բարեգործական» հիմնադրամին։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ կազմակերպվում է բարեգործական համերգ, որի ողջ հասույթն ուղղվում է հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։
ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանի խոսքով՝ «4090» հիմնադրամն իրենց շատ է ոգեւորել ու նպաստել, որ նմանատիպ ծրագրեր ավելի շատ իրագործեն։
«Ուրախ ենք, որ այսպիսի նախագծերը մուտք գործեցին ԱրարատԲանկ, ինչի համար առաջին հերթին շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամին։ Թվում է՝ հակառակը պետք է լինի, քանի որ hիմնադրամի ծրագրերն իրականացվում են նաեւ բանկի շնորհիվ, բայց մի փոքր ֆինանսական ռեսուրսներ ուղղելով բարձր նպատակների իրականցմանը՝ ավելի երջանիկ ու կայացած ենք՝ որպես կառույց»,- ընդգծեց Անանյանը։
«4090 Բարեգործական» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլեւանյանը նշեց, որ այս անգամ որոշել են կիրառել միջազգային հայտնի ձեւաչափն ու համատեղել ինտելեկտուալ մարզաձեւն ու երաժշտական ժանրը։
«Ուրախ եմ, որ երկրորդ տարին շարունակ կարողանում ենք մեր գաղափարները կյանքի կոչել գործընկերների հետ՝ ի դեմս գլխավոր հովանավոր ԱրարատԲանկի։ Մեզ են միացել գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ միաժամանակյա շախմատային սեանսը կազմակերպել է Chessify ընկերությունը։ Համերգի հատուկ հյուրերն են Լեւոն Մալխասյանը, Ինգա Արշակյանը եւ Ավագ Մարգարյանը, իսկ հիմնական կատարողը Հայաստանի պետական ջազ նվագախումբն է»,- ընդգծեց Փահլեւանյանն ու ավելացրեց, որ հիմնադրամը բացել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որպեսզի կրթության միջոցով փոխեն պատերազմի մասնակից երիտասարդների կյանքի որակը։
Այս պահին Հիմնադրամը տրամադրում է կրթավճար 97 ուսանողի, քանի որ ընտրված 100 շահառուից 3-ը բարձր առաջադիմություն են գրանցել ու անվճար համակարգ անցել։ Հիմնադրամի շահառու դառնալու միակ նախապայմանը մարտական գործողություններին մասնակցած լինելն է, սակայն հաշվի է առնվում նաեւ նրանց սոցիալական կարգավիճակը, ֆինանսական կայունությունը, առողջական վիճակը եւ, իհարկե, ուսում ստանալու տենչանքը:
«Ամենակարեւորը տղաների խանդավառությունն է եւ կամավորություն անելու ցանկությունը, որը տարեկան պետք է 120 ժամ կազմի։ Ուսանողները պետք է գիտակցեն, որ այս ամենը տարբեր անհատների եւ կազմակերպությունների կողմից արվում է մեկ նպատակով, որ իրենք կարողանան լավ սովորել եւ հետագայում համապատասխան աշխատանք գտնել»,- ասաց Իրինա Փահլեւանյանը:
Մինչ հիմնադրամի գործադիր տնօրենը պատմում էր իրենց առաքելության մասին, խաղատախտակների առաջ համաժամանակյա թեժ պայքար էր ընթանում՝ 7-ից 60 տարեկան մասնակիցները լուրջ պայքար էին ծավալում Հայաստանի ուժեղագույն եւ տիտղոսակիր շախմատիստների հետ։ Թեեւ գիտեին, որ հաղթելու հավանականությունը քիչ է, սակայն հեշտ հանձնվել էլ չէին պատրաստվում։
Հյուրերը գինու գավաթները ձեռքներին հետեւում էին մեկը մյուսի հետեւից պայքարը լքող մասնակիցներին, ովքեր անպայման ցանկանում էին լուսանկարվել շախմատիստների հետ։ Էլինա Դանիելյանի խոսքով՝ նման միջոցառումները միշտ հետաքրքիր են անցնում եւ հնարավորություն են տալիս շփվելու երկրպագուների հետ։
«Շատ մեծ ու կարեւոր գործ է արվում, եւ ուրախ եմ այս նախաձեռնության մեջ մի փոքր լումա ունենալ։ Շատ հետաքրքիր մասնակիցներ էին հավաքվել, իմ մրցակիցներից կառանձնացնեմ փոքրիկ տղային ու մի տարեց տղամարդու, որը գրագետ շախմատ էր խաղում։ Ինքս էլ փոքր տարիքում մասնակցել եմ նման սեանսերի ու մրցել անվանի շախմատիստների հետ. միշտ փորձում էի լավ խաղալ, բայց ամեն անգամ պարտվել եմ։ Երջանիկ եմ, որ կարողանում եմ դրական հույզեր պարգեւել մասնակիցներին, ինչպիսին ժամանակին ես էի ստանում»,- ասաց շախմատիստուհին։
Տիգրան Պետրոսյանն էլ ուրախ էր, որ իրենց հնարավորություն էր ընձեռվել մասնակիցը լինել նման կարեւոր բարեգործական միջոցառման։ Նրան հատկապես դուր էր եկել, որ սեանսն այդքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել ու բազմաթիվ շախմատասերների հավաքել։
«Նման միջոցառումներն ուղղված են նաեւ Հայաստանում շախմատի զանգվածային դարձնելուն, բայց երեկոյի կարեւոր առաքելությունը պատերազմի մասնակից տղաներին օգնելն է։ Հուսով եմ՝ որոշ չափով մենք էլ դրանում մեր ներդրումը կունենանք։ Հաճելի էր տեսնել տարբեր տարիքի այսքան մասնակիցների, ինձ հաջողվեց բոլոր պարտիաներում էլ հաղթել։ Նման սեանսերի ժամանակ փորձում եմ հաճույք ստանալ իմ մասնակցությունից ու միաժամանակ հյուրերին էլ հաճույք պարգեւել»,- ավելացրեց գրոսմայստերը։
ԱրարատԲանկի հասարակայնության հետ կապերի գծով գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանն էլ ընդգծեց, որ իրենք արդեն երկրորդ տարին են աջակցում «4090 Բարեգործական» հիմնադրամին. երկու կառույցները համախմբվել են կարեւորագույն առաքելության շուրջ՝ այն է կրթավճարի տրամադրման միջոցով օգնել պատերազմի մասնակից տղաներին փոխել կյանքի որակը եւ հասնել իրենց նպատակներին։
«Նման կրթական ծրագրերն ԱրարատԲանկի ԿՍՊ ռազմավարության կարեւոր մասն են կազմնում։ Այս տարի պատերազմի մասնակիցներից բացի, գումար է հատկացվելու նաեւ Արցախից բռնի տեղահանված զինծառայողների կրթությանը։ Ուրախ ենք լինել այս ծրագրի կողքին, որի հիմքում ընկած է երկու ընկերությունների՝ «4090 Բարեգործական» հիմնադրամի եւ ԱրարատԲանկի թափանցիկ գործելաոճը։ Ամեն անգամ հերթական ծրագրից հետո հաշվետվությամբ ենք հանդես գալիս՝ նախորդ տարի տոմսերի վաճառքից ստացված ընդհանուր շահույթը կազմել է 11 մլն 101 հազար դրամ, եւ ամբողջն ուղղվել է ավելի քան 60 շահառուի։ Հույս ունենք այս համերգի ավարտից հետո գերազանցել սահմանված նշաձողը»,- ասաց Ալլահվերդյանը:
Շախմատային պայքարի ավարտից հետո սկսվեց համերգային հատվածը՝ նախ հնչեցին հայ հեղինակների ստեղծագործությւոններ գեղեցիկ ջազ կատարումներով, իսկ երեկոյի ավարտն ազդարարեցին ծրագրի շահառու մասնակիցները, որոնք միասին բարձրացան բեմ եւ, ինչպես ամփոփեց հաղորդավարուհի Սոնա Վերդյանը, դահլիճից բոլորը դուրս եկան «իրենց բաժին սերը թողած ու վերցրած»։
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: