×


«Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է». Անի Ավդալյանը՝ «Միջազգային որակի նշան-Դուբայ 2023» մրցանակի մասին

Աշնանը Դուբայում կայացած «Միջազգային որակի նշան-Դուբայ 2023» (International Quality Mark Dubai 2023) ամենամյա մրցանակաբաշխությունն իր շուրջն էր հավաքել տարբեր ոլորտների հայ լավագույն մասնագետներին, գործարարներին, կազմակերպություններին ու հանրային ծառայողներին: Նրանք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց ուշագրավ գործունեությամբ եւ հասել մասնագիտական բարձր ցուցանիշների: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։

Լավագույն մասնագետների թվում էր նաեւ ոճաբան, վարսահարդար Անի Ավդալյանը: Նա մրցանակի է արժանացել «նորաձեւությանը յուրօրինակ շունչ հաղորդելու» համար եւ մրցանակաբաշխության շրջանակում գեղեցկության ոլորտի միակ հաղթողը դարձել:

BRAVO.am-ի հետ զրույցում Ավդալյանը խոստովանել է, որ մեծ պատիվ էր արժանանալ նման բարձր գնահատականի: Նա պատմել է, որ անակնկալի է եկել՝ տեղեկանալով մրցանակի մասին:

«Երբ զանգ ստացա, Փարիզում մասնակցում էինք վարսահարդարների եւ դիմահարդարների աշխարհի առաջնությանը: Վերադարձել եմ Երեւան ու մի քանի օրից մեկնել Դուբայ. վիզան միայն վերջին պահին եմ ստացել: Այնքան անպատրաստ էի, բայց միաժամանակ ուրախ, որովհետեւ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է»,- նշել է ոճաբան-վարսահարդարը:


Նա կարեւորում է այն հանգամանքը, որ հաջողությունների հասնում է՝ սիրելի աշխատանքով զբաղվելու արդյունքում. «Դա ինձ համար անգին է, դրսում ուժերս փորձելիս ամեն ինչ անում եմ Հայաստանը բարձր մակարդակով ներկայացնելու համար: Շատ-շատ մրցանակներ ունեմ, բայց այսպիսինն առաջինն է, որովհետեւ ամենատարբեր ոլորտների մարդիկ էին առաջադրված տարբեր անվանակարգերում: Շատ մեծ ու տարբերվող էր հարթակը, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ինձ ընտրել են»:

Ավդալյանի համար այն առաջին հերթին ցուցիչ է, որ իր ջանքերը գնահատվում են: Իրեն համարում է այնպիսի մասնագետ, որը միշտ ձգտում է հասնել ավելիին ու կանգ չառնել:

«Ստեղծագործող մարդկանց խորհուրդ եմ տալիս կյանքում ունենալ նպատակ, ձգտել ու հասնել դրան: Վերելքի ուղին մաքուր պահելն ինձ համար առաջնային է, քանի որ արդար ճանապարհով առաջ գնալիս խոչընդոտներ չեն լինում, միայն հարգանք, պատիվ ու գնահատական ես ստանում»,- եզրափակել է նա:

BRAVO.am
Լուսանկարը՝ Անի Ավդալյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW