Թողարկումից տասը տարի անց Porsche-ն ներկայացնում է Macan-ի երկրորդ սերունդը՝ այս անգամ ամբողջովին էլեկտրական մոդելի տեսքով: Առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնով, Porsche-ին բնորոշ կատարողականությամբ, մեծ ընթացքի պաշարով եւ առօրյա գործնականության բարձր մակարդակով նոր Macan 4-ը եւ նոր Macan Turbo-ն նախագծված են բավարարելու SUV նախընտրող Porsche հաճախորդների բոլոր պահանջները:
«Մենք տեղափոխում ենք Macan-ը բոլորովին նոր մակարդակի. բացառիկ էլեկտրական կատարողականություն, նոր վարորդական փորձ եւ չափազանց տպավորիչ դիզայն»,- ասում է Porsche AG կառավարման խորհրդի նախագահ Օլիվեր Բլյումը՝ ելույթ ունենալով Սինգապուրում կայացած շնորհանդեսին:
«Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք նպատակ ունենք առաջարկելու ամենասպորտային մոդելն այս սեգմենտում», - նշում է Յորգ Կերները՝ Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահը:
Porsche-ն օգտագործում է վերջին սերնդի սինքրոն (PSM) էլեկտրական շարժիչները առջեւի եւ հետեւի սռնիների վրա՝ կատարյալ արդյունավետություն եւ ելքային հզորության օպտիմալ վերարտադրում ապահովելու համար: Ցուցանիշներն ինքնին խոսում են էլեկտրական կատարողականության բարձր մակարդակի մասին. Macan 4-ի պարագայում Launch Control-ով հավելուրդային հզորությունը կազմում է մինչեւ 300 կՎտ, իսկ Macan Turbo-ի պարագայում՝ 470 կՎտ:
Macan 4-ի պարագայում արագացումը 0-ից 100 կմ/ ժամ տեղի է ունենում 5.2 վայրկյանում, իսկ Macan Turbo-ի դեպքում՝ 3.3 վայրկյանում: Երկու մոդելների առավելագույն արագությունը կազմում է համապատասխանաբար 220 եւ 260 կմ/ժ:
Նոր Premium Platform Electric հարթակ
Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից, որի համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչեւ 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչեւ 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչեւ 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում:
400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչեւ 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչեւ 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչեւ 11 կՎտ հզորությամբ:
Երթեւեկության ընթացքում էլեկտրական շարժիչները ունակ են վերաօգտագործելու 240 կՎտ էներգիա: Ներկառուցված Power Box-ը (IPB) նույնպես բարձրացնում է Macan-ի նոր մոդելների արդյունավետության մակարդակը, ինչպես նաեւ նվազեցնում է քաշը եւ տարածք է խնայում: Նորարարական եւ կոմպակտ IPB-ն իր մեջ համատեղում է երեք բաղադրիչ՝ ներկառուցված AC լիցքավորիչ, բարձրավոլտ ջեռուցիչ եւ DC/DC փոխարկիչ: Ընթացքի էլեկտրական պաշարը համակցված ցիկլում (WLTP) Macan 4 մոդելի համար կազմում է մինչեւ 613 կմ եւ Macan Turbo մոդելի համար՝ 591 կմ:
Սպորտային համամասնություններ եւ coupé մոդելներին բնորոշ ուրվագծեր
Ավելի հստակ համամասնությունների եւ Porsche դիզայնի ԴՆԹ-ի շնորհիվ նոր Macan մոդելներն ունեն դինամիկ եւ գերիշխող տեսք: «Ամբողջովին էլեկտրական Macan-ով մենք ներկայացնում ենք առաջին Porsche-ն, որում արտադրանքի արդեն իսկ հաստատված ինքնությունից փոխառել ենք էլեկտրական տարբերակը»,- ասում է Մայքլ Մաուերը՝ Porsche Styling-ի փոխնախագահը. «Նոր Macan-ը հեշտությամբ կարելի է ճանաչել որպես Porsche ընտանիքի անդամ՝ ապրանքանիշին բնորոշ իր բնույթի շնորհիվ: Porsche-ի դասական համամասնությունները վերամշակվել եւ համապատասխանեցվել են էլեկտրական մոդելի նախագծման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար: Սա նպաստել է Macan-ի ավելի սպորտային, արդիական եւ դինամիկ տեսք ունենալուն: Դիզայնից ինքնին պարզ է դառնում, որ իր սեգմենտում Macan-ը մնում է որպես սպորտային մեքենա՝ նույնիսկ էլեկտրական տարբերակում»:
Կապոտի թեթեւ թեքությունը եւ հստակ արտահայտված թեւերը 4,784 մմ երկարություն, 1,938 մմ լայնություն եւ 1,622 մմ բարձրություն ունեցող ամենագնացին հաղորդում են դինամիկ տեսք՝ նույնիսկ ավտոմեքենայի անշարժ վիճակում: Նոր Macan-ը համալրված է 22 դյույմանոց անվահեծերով: Գլխավոր լուսարձակները բաժանված են երկու մասի. հարթ վերեւի բլոկը՝ չորս կետանոց ցերեկային լույսերով, ներկառուցված է թեւերում եւ ընդգծում է ավտոմեքենայի լայնությունը: Գլխավոր մոդուլը, որն ունի օպցիոնալ մատրիցային տեխնոլոգիայով լուսադիոդային լուսարձակներ, տեղակայված է առջեւում՝ մի փոքր ավելի ցածր: Porsche-ին բնորոշ ուրվագիծը միաձուլվում է հետեւի տափակ պատուհանի հետ: Առանց շրջանակների դռներով համադրելու արդյունքում մեքենան ստանում է նրբագեղ սպորտային արտաքին տեսք: Porsche տարբերանշանը այժմ գտնվում է 3D լուսագծի կենտրոնական հատվածում:
Ակտիվ եւ պասիվ աերոդինամիկա՝ ընթացքի ավելի մեծ պաշարի համար
Porsche-ն համադրում է իր դիզայնի ԴՆԹ-ն աերոդինամիկայի հետ՝ ընթացքի պաշարն օպտիմալացնելու համար: Ակտիվ ու պասիվ տարրեր եւ 0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics (PAA) համակարգի շնորհիվ նոր Macan-ը ամենաարդյունավետ ամենագնացներից մեկն է շուկայում: PAA համակարգը ներառում է ադապտիվ հետեւի սփոյլեր, ակտիվ հովացնող սահափականներ առջեւի օդամղիչների վրա եւ թափքի հատակի ճկուն ծածկեր՝ ամբողջությամբ փակ: Գլխավոր լուսարձակների մոդուլի ներքեւում գտնվող օդապատվարները եւ առջեւի հատվածի ցածր նստեցվածքը օպտիմալացնում են օդի հոսքը: Հետեւում կողային եզրերն ու կողային դիֆուզորն ապահովում են աերոդինամիկ արդյունավետություն:
Երկու բեռնախցիկ եւ սրահի ավելի մեծ տարածք
Նոր Macan-ը կատարողականության վրա հիմնված ամենագնաց է, որն ունի առօրյա օգտագործման գործնականության բարձր մակարդակ, բարձրորակ սարքավորումներ եւ սրահի ընդարձակ տարածություն: Էլեկտրականացումը հանգեցրել է Macan-ի ուղեբեռի համար նախատեսված տարածքի ավելացմանը: Կախված մոդելից եւ տեղադրված սարքավորումներից՝ հետեւի բեռնախցիկի ծավալը մինչեւ 540 լիտր է (բեռնված ռեժիմ): Բացի այդ, կապոտի տակ գտնվում է երկրորդ բեռնախցիկը՝ 84 լիտր ծավալով: Սա 136 լիտրով ավելի է նախորդ մոդելից։ Երբ հետեւի նստատեղը ամբողջությամբ ծալվում է, հետեւի բեռնախցիկի ծավալը մեծանում է մինչեւ 1348 լիտր: 2000 կգ առավելագույն քաշող ուժի հզորությունը լրացնում է նոր Macan-ի բացառիկ գործնականությունը:
Կախված մոդելից եւ սարքավորումներից՝ վարորդն ու առջեւի ուղեւորն այժմ նստում են նախկինից 28 մմ-ով ցածր, իսկ հետեւի ուղեւորները՝ 15 մմ-ով ցածր՝ ոտքերի համար նախատեսված մեծ տարածքի շնորհիվ: Ինտերիերն անկասկած բնորոշ է Porsche-ին. խցիկի լայնությունն ընդգծված է ներկառուցված սեւ վահանակով: Բարձրացող կենտրոնական վահանակն ուժեղացնում է ցածր եւ կատարողականությանն ուղղված դիրքի տպավորությունն ավտոմեքենայում: Միեւնույն ժամանակ մեծ պատուհանները սրահում ստեղծում են թեթեւության եւ ազատ տարածության զգացողություն: Ի լրումն ժամանակակից թվային ինտերֆեյսների՝ կան նաեւ առանձին անալոգային կառավարման տարրեր, օրինակ՝ օդափոխության անցքերի եւ օդորակման կառավարման մարմինների վրա: Խցիկի եւ դռների ներդիրներում ներկառուցված է լուսադիոդային ժապավեն, որն ապահովում է թույլ լուսավորություն, ինչպես նաեւ հաղորդակցման լույս է: Կախված իրավիճակից՝ այն տեղեկացնում է կամ նախազգուշացնում, օրինակ՝ լիցքավորման մասին:
Նոր Macan-ի սարքավորումներն ապահովում են նաեւ անհատականացման բարձր աստիճան: Porsche-ն նաեւ նպատակ ունի օգտագործելու էկոլոգիապես ավելի մաքուր նյութեր: Նման նյութեր են օգտագործվել նաեւ ամբողջովին էլեկտրական նոր Macan-ի սրահի տարբեր հատվածներում:
Driver experience. բարձր հաշվարկային կատարողականություն եւ միացման հնարավորություններ
Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ եւ երեք ցուցասարք ունեցող կառավարման հայեցակարգով, որը ներառում է 12,6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակը եւ 10,9 դյույմանոց կենտրոնական էկրանը: Առաջին անգամ իր համար նախատեսված օպցիոնալ 10,9 դյույմանոց էկրանի վրա կարող է տեղեկատվությունը դիտել նաեւ ուղեւորը, անել տեղեկատվական-ժամանցային համակարգի կարգավորումներ կամ դիտել տեսանյութ, երբ մեքենան շարժման մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով համալրված էկրան: Վիրտուալ տարրերը, ինչպիսիք են՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջեւ եւ համապատասխանում է 87 դյույմանոց էկրանի չափերին։
Porsche-ի ստանդարտ Communication Management (PCM) համակարգը նոր Macan-ում նոր մակարդակի է հասցնում հաշվարկային կատարողականությունը: Օրինակ, «Hey Porsche» ձայնային օգնականը կայծակնային արագությամբ առաջարկում է երթուղիներ, ներառյալ՝ կանգառները լիցքավորման համար: Նոր Porsche App Centre-ում ուղեւորների համար հասանելի են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների հավելվածները, որոնք կարող են ներբեռնվել եւ տեղադրվել անմիջապես նոր Macan-ում:
Հետեւի քարշակ համակարգով առաջին Macan-ը
Porsche-ն մշակել է Macan-ը` հատուկ ուշադրություն դարձնելով Porsche-ին բնորոշ վարման դինամիկային եւ ղեկակառավարման յուրօրինակ զգացողությանը: «Նստատեղերի առանձնահատուկ սպորտային դիրքով եւ ցածր ծանրության կենտրոնով, ինչպես նաեւ իր տպավորիչ շարժման դինամիկայով եւ ղեկի ճշգրտությամբ՝ նոր Macan-ը իսկական սպորտային մեքենայի զգացողություն է ստեղծում», - նշում է Macan մոդելային շարքի արտադրական գծով փոխնախագահ Յորգ Կերները:
Macan 4-ը եւ Macan Turbo-ն համալրված են լիաքարշակ համակարգով: Երկու էլեկտրական շարժիչներն էլ կառավարվում են ուժային էլեկտրոնիկայով գրեթե իրական ժամանակում: Էլեկտրակառավարվող Porsche Traction Management (ePTM) համակարգն աշխատում է գրեթե հինգ անգամ ավելի արագ, քան ստանդարտ լիաքարշակ համակարգը:
PASM-ն այժմ օժտված է երկփականային ցնցամեղմիչներով: Սա ապահովում է հարմարավետության եւ կատարողականության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաեւ ավելի նկատելի է դարձնում տարբերությունը մեքենայի վարման տարբեր ռեժիմների միջեւ: Առաջին անգամ Macan-ի համար առաջարկվում է օպցիոնալ հետեւի քարշակ համակարգ: Շրջադարձի առավելագույն անկյունը կազմում է հինգ աստիճան: Սա թույլ է տալիս 11.1 մետր շառավղով շրջադարձ կատարել քաղաքային պայմաններում վարելու ընթացքում եւ մանեւրելու ժամանակ, միեւնույն ժամանակ ապահովելով բացառիկ կայունություն բարձր արագությունների դեպքում։ Սրան նպաստում է հետեւողական եւ ճշգրիտ առջեւի քարշակումը, ինչով հայտնի է ապրանքանիշը:
2014-ից ի վեր Porsche-ն ամբողջ աշխարհում մատակարարել է ավելի քան 800,000 Macan մոդել: Այս հաջողության պատմությունը կշարունակվի, երբ ասպարեզ կգա նրա ամբողջովին էլեկտրական իրավահաջորդը, որը Porsche Լայպցիգի գործարանում արտադրվում է ածխածնի զրոյական արտանետումներով: Նոր մոդելներն առաջին հաճախորդներին կմատակարարվեն այս տարվա երկրորդ կեսին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: