×


48 տարի առաջ Vogue-ում հայտնված Սեւանն ու «Արշալույս» արձանը

1975 թվականին բրիտանական Vogue ամսագրի նկարահանող խումբը եղել է Հայաստանում: Ամսագրում է հայտնվել Երեւան-Սեւան մայրուղում գտնվող «Արշալույս» մոնումենտալ քանդակը, որի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է:

Նկարահանումն արել է հեղինակավոր լուսանկարիչ Նորման Փարքինսոնը, իսկ կադրում մոդել, դերասանուհի Ջերի Հոլն է՝ ռոք-աստղ Միք Ջագերի նախկին կինը:

Ջերի Հոլը՝ Սեւանում


Նկարահանող խումբը եղել է նաեւ Սեւանի ափին, որտեղ լուսանկարվելիս Հոլը կրել է Yuki ապրանքանիշի լողազգեստ, Britmarine գլխարկ ու Manolo Blahnik-ի սանդալներ: Կադրերը լույս են տեսել 1976 թվականին բրիտանական Vogue-ի հունվարյան համարում:

Ամսագիրը որոշել էր բացահայտել «Երկաթե վարագույրի» հետեւում գտնվում Խորհրդային Միությունը: Նկարահանող թիմում էին Փարքինսոնն ու նրա կինը՝ Վենդան, որը նախկին մոդել էր ու գրում էր ամսագրի համար, 18-ամյա Ջերի Հոլը, ամսագրի երկար տարիների աշխատակից Գրեյս Քոդինգթոնը եւ նկարիչ-դիմահարդար Ժերմեն Մոնտեյը:


Մինչ այդ գլամուրային արտասահմանյան ամսագրերը ԽՍՀՄ-ում երբեւէ նկարահանումներ չէին արել: Փարքինսոնն ու նրա թիմը ջերմ ընդունելության են արժանացել:

«1970-ականների կեսերն էին, շրջում էինք ուղեկցողների հետ, նկարելուց հետո ժապավենը մեզնից վերցնում էին, ինչն անհանգստացնում էր Փարքսին՝ վախենում էր, որ սխալ կվարվեն, ու կադրերը կփչանան: Դրա համար էլ ինձ խնդրեց դրանք թաքցնել տաբատիս մեջ: Հետո, իհարկե, ժապավենը հանձնեցինք նրանց: Հետո ամուսինս խոստովանեց, որ ռուսներն ավելի լավ են երեւակել ժապավենը, քան՝ իրենք»,- պատմել է մոդելը:

Ջերի Հոլը՝ Սեւանում


Փարքինսոնն իր մասին միշտ նշել է, որ արհեստավոր է, ոչ թե նկարիչ: Իր կարիերայի ողջ ընթացքում նա դիմանկարների ու նորաձեւության ոլորտի ամենահեղինակավոր մասնագետներից մեկն էր համարվում: Նրա աշխատանքները բրիտանական նորաձեւության աշխարհում հեղափոխական են դարձել՝ մոդելներին տաղավարային նկարահանումներից տեղափոխելով բաց երկնքի տակ: Հայաստանյան նկարահանումն էլ դրա վկայություններից մեկն է: Փարքինսոնի աշխատանքների առանցքային կողմերից մեկը հումորն է եղել, ինչն ավելի է գրավել ամսագրի ընթերցողներին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Vogue-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW