×


«Թող «Հին Անի»-ն միշտ լինի». մյուզիք հոլլը 3-ամյակը նշել է սիրելի երգիչների ու հանդիսատեսի հետ

«Հին Անի» մյուզիք հոլլը արդեն 3 տարի իր տարբերվող ու ջերմ հարկի ներքո է հավաքում հայտնի ստեղծագործողների, հեղինակ-կատարողների ու նրանց սիրող հանդիսատեսին: Երեկոյան հերթական մտերմիկ երեկոներից մեկն էր՝ «Հին Անի»-ի տարեդարձը շնորհավորելու էին եկել արդեն ակումբի ընկերները դարձած արտիստներն ու հավատարիմ այցելուները:

«Հին Անի»-ն բոլոր կատարողների համար հատուկ մրցանակներ էր պատրաստել նրանց երգերի բառերով, որոնք հաղորդավար Սուրեն Առուստամյանը հանձնում էր ինչպես ներկաներին, այնպես էլ նշում բոլոր նրանց անունները, ովքեր հարգելի պատճառով բացակայում էին՝ Նունե Եսայանը, Գոռ Սուջյանը, Զարուհի Բաբայանը, Սոնան, Արփին եւ  ուրիշներ:

Սուրեն Առուստամյանը


Առուստամյանի համար «Հին Անի»-ն վաղուց միայն աշխատանքի վայր չէ՝ ընտանիքի պես են: Ամեն ինչ սկսվել է 2021 թվականին՝ Արամոյի եւ Էմմա Պետրոսյանի համերգով:

«Սկզբում արտիստները մի քիչ դժվարությամբ էին վստահում, քանի որ դեռ չգիտեին, թե ինչպիսի վայր է եւ ովքեր են այցելում: Բայց մի քանի համերգից հետո պարզ դարձավ, որ մարդիկ այստեղ պարզապես լավ ժամանակ որսալու համար չեն գալիս. առօրյա հոգսերից են կտրվում, գինի վայելում եւ լսում մեր մանկության երգերը, որոնց ներքո սիրահարվել են, հուզվել, ուրախացել: Հանդիսատեսը «Հին Անի»-ում երջանիկ պահեր է որսում եւ գոհունակության ժպիտով վերադառնում տուն։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է մի հարկի տակ հավաքել կենսագրություն ունեցող երգիչների, որոնց գործերն իրենց հստակ լսարանն ունեն»,- BRAVO.am-ին պատմեց նա:

Ֆորշը եւ Արամոն


Հաղորդավարը խոստովանել է՝ եթե նախկինում իրենք էին փորձում ներգրավել կատարողներին, հիմա նրանք նաեւ սեփական նախաձեռնությամբ են կապ հաստատում ու ցանկություն հայտնում միանալ մյուզիք հոլին, ինչը հաջողության կարեւոր գրավականներից մեկն է համարում. «Մաղթում եմ այսպիսի կանաչ ու հաջող ճանապարհ, որ ընթացքը նույն կերպ շարունակվի: Իհարկե, պլաններ շատ կան, որ նոր արտիստներ միանան մեզ, այդ թվում՝ սփյուռքից, թեեւ հիմա էլ երգում են»:

Համերգային մասը սկսվեց Ռուբեն Հախվերդյանի ճանաչված ու սիրված կատարումներով, որոնք անտարբեր չեն թողել տարբեր սերունդների: «Սկզբում, երբ դեռ վերանորոգում էին անում, մտածեցի՝ այնքան էլ լավ տեղ չէ, բայց ավարտելուց հետո երեւի 10 օրը մեկ «Հին Անի»-ում մեր եռյակով համերգ ենք ունենում, ասես մեր տունը դարձած լինի: Այն ավելի շատ եմ սիրում, քան մնացած տեղերը, որտեղ համերգներ ենք ունենում: Ողջ անձնակազմը՝ մենեջերները, մատուցողները, բոլոր աշխատողներն ասեք հարազատ լինեն: Մաղթում եմ կապույտ երկինք ու կանաչ ճանապարհ»,- մինչ ելույթը խոստովանեց երաժիշտը:

Ռուբեն Հախվերդյանը


Ապա բեմում էր Հայաստանի վաստակավոր արտիստ Ֆորշը, որը սրահը լցրեց երեւանյան տրամադրությամբ ու մտերմիկ հնչյուններով: Շնորհավորեց, իր խոսքերով, հիասքանչ սրահի տարեդարձն ու իր գործընկերներին եւ ներկաներին նվիրեց «Այսպես էլ ապրում ենք» կատարումը:

Նրանից հետո բեմ բարձրացավ Դավիթ Ամալյանը եւ երգեց իր վերջին ստեղծագործությունը՝ «Ցավս վաճառքի եմ հանել»:

Դավիթ Ամալյանը


«Շնորհավորում եմ այս գեղեցիկ օջախի տարեդարձը, այստեղ իսկական ընտանիք է ու երգում ենք այնպես, ինչպես մեր տուն հյուր եկած մարդկանց համար կանեինք: Ինչպես ամեն անգամ եմ նշում, հիմա էլ կասեմ՝ ձեր լռությունից շատ ավելի բան եմ վերցնում, քան տալիս եմ իմ երգով, շնորհակալ եմ բոլորիդ»,- ավելացրեց նա։

Կատարողներն ու նրանց սիրված երգերը հաջորդում էին միմյանց, իսկ շնորհավորանքների ու ջերմ խոսքերի պակաս չկար: Արսեն Սաֆարյանն իր եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ «Հին Անի»-ում ելույթ է ունեցել հենց առաջին օրերից ու ամենաշատ համերգներն ունեցել՝ բեմ բարձրանալով ամսական 2 անգամ:

Արսեն եւ Արթուր Սաֆարյանները


«Կարեւոր հարթակ է այն մարդկանց համար, ովքեր առաջին հերթին հենց հեղինակ-կատարողներ են: Ուրախ եմ, որ մենք էլ սեփական ստեղծագործություններն ենք այստեղ երգում: Մարդիկ շատ հզոր էներգիա եւ էմոցիաներ են ստանում, որովհետեւ ամեն ինչ կենդանի հնչողությամբ է: «Հին Անի»-ին մաղթում եմ բարի ընթացք ու կանաչ ճանապարհ, որպեսզի նոր հեղինակներ ավելանան, ասելիքը շատ լինի, զգացողություններն էլ՝ տարբեր: Շնորհավորում եմ, թող «Հին Անի»-ն միշտ լինի»,- ընդգծեց Սաֆարյանը:

«Հին Անի»-ում արդեն 2-րդ տարին է՝ մենահամերգներով հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը: Նա շնորհակալ է ակումբի բոլոր անդամներին՝ իրենց ցուցաբերած հարգանքի եւ վերաբերմունքի համար:  

Շուշան Պետրոսյանը եւ Լիանան


«Այսօր բավական մեծ ոգի է պետք ունենալ՝ ինձ հրավիրելու համար, իսկ իրենք դա  արեցին առանց երկմտելու։ Նախ հետեւեցի էջին ու ծանոթանալով, թե ինչպիսի հրաշալի արտիստներ են ելույթ ունենում, համաձայնեցի: Ուրախ եմ, որ ամիսը մեկ, երբեմն էլ` 2 անգամ իմ երգերով մարդկանց տրամադրություն եմ փոխանցում, իրենցից էլ փոխադարձ ստանում: Հուրախություն ինձ՝ հիմնականում անծանոթ հանդիսատես է, ուղղակի մարդիկ են, որոնք սիրում են իմ արվեստն ու գալիս են նաեւ հետս երգելու: Շատերի հետ եմ այստեղ ծանոթացել, ոմանց արդեն 3-4 անգամ տեսել եմ համերգներիս: Մի տղա կա, որ նախ մոր հետ էր եկել, ապա՝ ընկերուհու: Շատ գնահատելի է, որ արվեստի միջոցով փորձում են իրենց հոգեվիճակը կիսել սիրելիների հետ»,- ասաց Պետրոսյանը։

Երգչուհին նշեց, որ այս ծանր ժամանակներում կարողանում է ելույթ ունենալ միայն անկեղծությամբ, որովհետեւ այն զինաթափում եւ հուզում է մարդկանց: Բազմաթիվ արձագանքներ է ստացել, որ մտահոգված եւ հոգսաշատ եկել են համերգին ու հեռացել ուժ ստացած, չկոտրվելու եւ վերջնականապես փուլ չգալու վճռականությամբ. ««Հին Անի»-ին կմաղթեմ երկար գործունեություն, բոլոր համերգներին ու անգամ առանց դրանց լեցուն սրահ, որովհետեւ նրանց աշխատանքն արժանի է գնահատանքի: Շնորհակալ եմ իրենց ու աշխատանքին հարատեւություն եմ մաղթում»:

«Հին Անի» մյուզիք հոլլի տարեդարձին


Երեկոյի հյուրերի թվում էր դիզայներ, քանդակագործ, նկարիչ Արման Նուռը, որի համար «Հին Անի»-ում հնչում է իր սիրելի երաժշտությունն ու գալիս է վայելելու ընկերների կատարումները: «Երաժշտությամբ ապրող մարդ եմ, եւ «Հին Անի»-ն ինձ համար ամենահաճելի վայրն է: Ուրախ եմ, որ այն կա Երեւանում եւ կարող եմ այցելել։ Մաղթում եմ, որ երկարակյաց լինի, դառնա լեգենդար տեղ, մեծանա եւ ընդգրկուն լինի ու մեր քաղաքի վառ գույներից մեկն արտահայտի»,- շեշտեց նա:

Իսկ ահա երգչուհի Հասմիկ Կարապետյանի համար «Հին Անի»-ն միստիկ ու ճակատագրական իմաստ ունի, որովհետեւ ամուսնանալուց եւ երեխաներ ունենալուց հետո երկարատեւ դադարից հետո հենց այստեղ է սկսել երգել:

Հասմիկ Կարապետյանը


«Մինչ այդ 2 տեսահոլովակ էի հասցրել նկարահանել, բայց իմ շատ կարեւոր գործունեությունը սկսվեց այստեղ: Արսեն Գրիգորյանի համերգի ժամանակ պատահական հանդիպեցի երաժիշտ Աշոտ Ոսկանյանին, որն ինձ ասաց. «Հասմիկ ջան, բավական է, երեխաներդ արդեն մեծ են, քեզ բենդ է պետք»: Դրա համար էլ այնքան շնորհակալ եմ ակումբին: Աշոտն ամեն ինչ արագ կազմակերպեց, եւ 2021-ի մայիսն 29-ին այստեղ նվագախմբով առաջին համերգս էր: Հետո այնքան ինձ դուր եկան մտերմիկ երեկոների մթնոլորտն ու հանդիսատեսը, որոնք գալիս են հենց քեզ լսելու: Կանաչ ճանապարհ եմ մաղթում, հետաքրքիր երգիչներ եւ նախագծեր: Ուզում եմ՝ անկախ ամեն ինչից՝ «Հին Անի»-ում ունենանք մեր հանդիպում-համերգները»,- ջերմությամբ ասաց Կարապետյանը:

«Հին Անի» մյուզիք հոլլի հասցեն է՝ Սայաթ-Նովայի 19։ Առաջիկա միջոցառումների եւ նորությունների մասին կարող եք տեղեկանալ՝ հետեւելով համերգասրահի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերին կամ զանգահարել + 374 (43) 004 883 հեռախոսահամարով:

Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին