×


Ջուլիա Ռոբերթսը կրկնել է 90-ականների իր հայտնի կերպարը եւ խոսել ընտանիքի մասին

56-ամյա Ջուլիա Ռոբերթսը Madame Figaro ամսագրի նոր համարի շապիկին հայտնվել է կոստյումով եւ փողկապով՝ վերարտադրելով այն կերպարը, որով 34 տարի առաջ մասնակցել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը: Այն ժամանակ 23-ամյա Ռոբերթսը ստացել է իր առաջին մրցանակը՝ «Պողպատե մագնոլիաներ» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Այդ դասական ու առաջին հայացքից պարզ թվացող կոստյումը կուլտային է դարձել շատ կանանց համար: Ամսագրի համար դերասանուհուն Լոս Անջելեսում նկարահանել է Ալեքս Լյուբոմիրսկին:


Հարցազրույցում Ռոբերթսը պատմել է իր մասնակցությամբ «Թողեք աշխարհը հետեւում» (Leave the World Behind) ֆիլմի մասին. «Նախագծերը բնազդով եմ ընտրում: Կարդում եմ սցենարն ու զգում՝ համաձայնել, թե ոչ: Ոչինչ չի կարող որոշմանս վրա ազդել, երբ այն արդեն կայացրել եմ: Միշտ եմ պահանջկոտ եղել դերերի ու աշխատանքի նկատմամբ: Իսկ հիմա նշաձողն առավել բարձր է, քանի որ նախընտրում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, ավելի քիչ աշխատել, եւ ամեն նախագիծ պետք է իմաստ ունենա»:


Դերասանուհին նաեւ խոստովանել է, որ տնային տնտեսուհու կարգավիճակում իրեն լիովին բավարարված է զգում, քանի որ միշտ այնքան անելու բան կա՝ զբոսնում է 3 շների հետ, հանդիպում ընկերներին, կարդում, գործում:  Նա զրույցի ընթացքում պայուսակից կանաչ շարֆ է հանել՝ ցույց տալով, թե ինչ է այդ պահին գործում:
Ջուլիան նշել է, որ ավագ եւ միջնեկ երեխաները սովորում են համալսարանում, իսկ փոքրը դեռ իրենց հետ է ապրում: Իր կարեւոր առաքելություն է համարում աջակցել զավակներին եւ նրանց կողքին լինել:


«Բախտս բերել է, որ հիանալի կարիերա եմ ունեցել, բայց ինձ սխալ չհասկանաք, խոսքն աշխատանքի մասին է, ոչ թե՝ իմ: Պետք է սահմաններ դնենք ու զգույշ լինենք, որպեսզի հետքայլ կատարենք ու համեստ մնանք կյանքում: Դրա համար էլ երբեք բարդ չի եղել այսպիսին մնալ կյանքում»,- ասել է դերասանուհին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW