28-ամյա Քենդալ Ջեններն այս տարի նշում է իր մոդելային գործունեության 10-ամյակը, ինչի առիթով էլ հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: Ջեններն ամենահայտնի, պահանջված ու բարձր վարձատրվող մոդելներից մեկն է արդեն 6 տարի:
Հարցազրույցում նա պատմել է, որ 7 տարեկանից խուճապի նոպաներ է ունեցել ու չշփվող երեխա եղել, մոդելային կարիերան նրան շատ է օգնել ու փոխել, քանի որ ամեն օր աշխատել է բազմաթիվ մարդկանց՝ լուսանկարիչների, ոճաբանների ու այլ մասնագետների հետ: Աստիճանաբար սկսել է նաեւ ընկերներ ձեռք բերել ու իր իսկ հակապատկերը դարձել: Սակայն ամբողջովին ձերբազատվել նոպաներից չի ստացվել, կարիերայի 2-րդ տարում դրանք վերադարձել են եւ ինքնաթիռում իրեն վատ է զգացել. «Սրտխառնոց ունեի, գլխապտույտ, շնչահեղձում, ծակոցներ: Զանգահարում էի մայրիկիս ու հիստերիկի պես արտասվում»:
Ժամանակի ընթացքում սովորել է դրանք վերահսկել. օգնել են մեդիտացիան, առողջ ապրելակերպը, օրագիր պահելը, շնչառական վարժություններն ու մասնագետի հետ խորհրդատվությունը:
«Երբ նոր էի մոդելային ասպարեզում, շատերն ինձ չէին հավատում, հատկապես համացանցում շատ էին քննարկում, ինչը ցավ էր պատճառում: Այն տարիներին ամենահայտնի դեմքը, երեւի, Քարա Դելեւինն էր, որը հայտնի էր նաեւ մոդելային աշխարհից դուրս: Նա ինձ համար բացեց այդ դուռը»,- ասել է Ջենները:
Նա պատմել է, որ ծանր պահերին իրեն օգնության են հասնում քույրերը, ընկերներն ու ձիերը. «Ինձ ամենաշատը սարսափեցնում է որեւէ բանի ավարտը: Այնքան վատ եմ «ցտեսություն» ասելու հարցում: Կյանքն է այդպիսին, միշտ էլ նման մտքեր եմ ունենալու եւ փորձելու հաղթահարել դրանք: Հիմա իմ կարիերայում բավական կայուն ու հուսադրող շրջան է: Ծանր 2 ամիս եմ ունեցել, ինքս ինձ նման չեմ եղել, ու ընկերներս տեսնում էին դա: Ավելի տխուր էի ու անհանգիստ, քան՝ նախկինում: Չեմ ցանկանում ձեւացնել, թե ամեն ինչ կատարյալ է»:
Քենդալը Քրիս Ջենների 5 աղջիկներց միակն է, որը երեխա չունի եւ մայրիկի տնից մի քանի րոպեի հեռավորության վրա չի ապրում: Մոտ 7 տարի առաջ է բնակարան գնել ու տեղափոխվել:
«Երիտասարդ տարիքում ասում էի, որ մինչեւ 27 տարեկանը երեխաներ կունենամ: Սակայն հիմա կարծում եմ, որ դեռ շատ երիտասարդ եմ դրա համար: Առանց երեխաների վայելում եմ իմ ազատությունը»:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Vogue-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: