Առաջին հիբրիդային Porsche 911 սպորտային ավտոմեքենան մեկնարկային փուլում է: Մշակման եւ թեստավորման լայնածավալ ծրագրից հետո բարձր արդյունավետությամբ հիբրիդային տեխնոլոգիայով նոր 911 մոդելը պատրաստ է սերիական արտադրության:
Ավելի քան հինգ միլիոն կիլոմետր փորձարկման ճանապարհ
«Մեր լեգենդար ավտոմեքենայի 61-ամյա պատմության մեջ առաջին անգամ մենք համալրում ենք 911 մոդելը հիբրիդային շարժաբեր համակարգով: Այս նորարարական հիբրիդային համակարգը 911-ը դարձնում է ավելի դինամիկ», - նշում է Ֆրենկ Մոզերը՝ 911 եւ 718 մոդելային շարքերի գծով փոխնախագահը:
Ֆրենկ Մոզերը
«Մշակման ընթացքում մենք ոչինչ չենք թողել բախտի քմահաճույքին եւ նոր 911-ը թեստավորել ենք տարատեսակ պայմաններում ամբողջ աշխարհով մեկ՝ Էքստրեմալ ցրտից մինչեւ կիզիչ շոգ, ինչպես օրինակ՝ Դուբայում անցնող փորձարկման եզրափակիչ փուլերում: Անկախ նրանից՝ դա փոխհաղորդակի մեծ բեռնվածությունն էր լեռնանցքները հաղթահարելու դժվարին պայմաններում, թե խցանումներն էին քաղաքային երթեւեկության պայմաններում, նոր 911-ը գերազանց դիմակայեց իր առջեւ դրված անգամ ամենաբարդ մարտահրավերներին: Ընդհանուր առմամբ, մեր ինժեներներն ու փորձարկող վարորդները թեստավորման փուլում անցել են ավելի քան հինգ միլիոն կիլոմետր»,- ասում է Ֆրենկ Մոզերը:
Նյուրբուրգրինգի վազքուղու վրա 8.7 վայրկյանով ավելի արագ, քան նախորդ մոդելը
911-ի մշակման փուլում մեծ նշանակություն ունեին փորձարկումներն ու կարգաբերումները Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ» կոչվող հատվածում:Փորձարկումների ժամանակ Porsche ապրանքանիշի դեսպան Յորգ Բերգմայստերը շրջանն անցավ 7:16.934 րոպեում՝ 8.7 վայրկյանով ավելի արագ, քան նախորդ մոդելի համապատասխան տարբերակի դեպքում: Թեստ-դրայվի մեքենան համալրված էր ճանապարհային ստանդարտ անվադողերով, ինչպես նաեւ աերոդինամիկ որակները բարելավող՝ ֆիքսված հետեւի հակաթեւով, որը որպես օպցիա հասանելի է մոդելների մի քանի սերունդների համար եւ բարձր արագությունների ժամանակ ավելացված սեղմումային ուժ է ապահովում:
«Նոր 911-ը մրցուղու վրա զգալիորեն ավելի արագ է դարձել», - նշում է Բերգմայստերը. «Մենք ունենք ավելի լավ կցորդում ճանապարհածածկի հետ, զգալիորեն ավելի մեծ հզորություն, իսկ բարձր արդյունավետությամբ հիբրիդային համակարգի ավելի ինքնաբերական արձագանքը հսկայական առավելություն է»:
Հեռարձակումը՝ Porsche Newsroom-ում
Նոր Porsche 911-ի համաշխարհային շնորհանդեսի հեռարձակումը կարելի է դիտել մայիսի 28-ին, ժամը 15:00-ին (CEST)՝ Porsche Newsroom-ում, ինչպես նաեւ Porsche-ի YouTube եւ LinkedIn ալիքներով: Հետագայում եւս այն հասանելի կլինի դիտման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: