×


«Փահլեւան». Ռաֆայել Երանոսյանի նոր ներկայացման թեման եւ պրեմիերայի հյուրերը

Ճոճվող լարի վրա հե՞շտ է պահել հավասարակշռությունը, իսկ կյանքի տարբեր իրավիճակներն արդյո՞ք մեզ չեն տանում դեպի այդ լարը՝ այս հարցերի պատասխանների հետքերով դերասան Ռաֆայել Երանոսյանը ներկայացրեց «Փահլեւանը»՝ իր երրորդ մոնոներկայացումը։ Ընկերների եւ հանդիսատեսի հետ պրեմիերան տեղի ունեցավ մայիսի 15-ին՝ «Բոհեմ» թատրոնում։

«Երկրում ստեղծված իրավիճակը եւ մեզ հուզող այլ հարցերը, որոնց մասին կուզենք խոսել, համեմում ենք հետաքրքիր ձեւով եւ ներկայացնում հանդիսատեսին։ Իմ նախորդ ներկայացումները այլ էին, այն ժամանակ երիտասարդ էի, իսկ այս անգամ շատ չենք անդրադարձել կենցաղին։ Տարիքի հետ նյութն ընտրում ես մի քիչ ավելի զգույշ եւ նրբորեն, որ, օրինակ, հաջորդ տարի, երբ դառնամ 44 տարեկան, մարդիկ չասեն՝ մեծ մարդ եմ, էս ինչերի՞ մասին եմ խոսում», - ելույթից հետո ասաց Երանոսյանը՝ հավելելով, որ այս անգամ հուզմունքը կրկնակի էր։


Մոնոներկայացման հիմքում հավասարակշռություն պահելու ունակության եւ իրավիճակը ճիշտ գնահատելու գաղափարն է անձնական խնդիրներից մինչեւ համազգային հարցերում։ Ինչպես լարախաղացն է ճոճվում, բայց գալիս բալանսի, այնպես էլ՝ մեզնից յուրաքանչյուրը։ Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Սահակյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Նրանք Ռաֆայելի հետ ընտրել են հիմնական թեմաները եւ որոշել զարգացումները։


«Ինչպես Ռաֆոն նշեց, միայն հարս-սկեսուրների եւ կենցաղային այլ թեմաներով չենք ուզում ծիծաղեցնել, դրան զուգահեռ պետք է լինի գլխավորը խնդիրը։ Տեղի է ունենում մտքերի բախում, ամենքս մեր տարբերակն ենք առաջարկում, գրվում է, մաքրվում, խմբագրվում։ Նաեւ պետք է հասկանանք՝ ինչքանով է ասելիքը համապատասխանում դերասանին», - նշեց Արմեն Վարդանյանը:


Ռաֆայել Երանոսյանն էլ հավելել է, որ ընկերների հետ փորձում են բարձրաձայնել այս բարդ ժամանակներում իրար լսելու կարեւորության մասին. «Չենք լսում իրար։ Այ, հենց այդ լսելն էլ կօգնի, որ հավասարակշռությունը պահենք ու բոլորս միասին փահլեւանի կարգավիճակում չհայտնվենք»։

Ներկայացման վրա աշխատել են վեց ամիս, բայց թեմաները նորացվում են. «Ռաֆոն ասես ամուսնացել է բեմի հետ, որտեղից էլ խոսում է իրեն հուզող թեմաների մասին: Ներկայացման հիմքում իրական դեպքեր են. հանդիսատեսին չես կարող խաբել իրականությունից կտրված բաներով»։


Հայրենիք, սեր, ընտանիք, երգարվեստ՝ մեկ ներկայացման մեջ ստեղծագործական թիմը խտացրել է բազմաթիվ շերտեր։ Բեմում Երանոսյանը խոսեց նաեւ ամուսնացած չլինելու մասին, իսկ հարցին՝ ո՞րն է պատճառը, կատակեց. «Մեծացել, քթի մազ եմ դարձել»։

Դերասանը երեւանյան հանդիսատեսին մի քանի անգամ ներկայանալուց հետո նախատեսում է «Փահլեւան»-ով շրջագայել նաեւ եվրոպական երկրներում:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW