Porsche-ն թողարկել է դինամիկայի տեսանկյունից լավագույն սերիական մոդելները՝ Panamera Turbo S E-Hybrid-ը եւ Panamera GTS-ը: Panamera GTS-ի բարձր կատարողականություն ապահովելուն ուղղված թյունինգը սահմանում է պուրիզմի եւ մանեւրականության չափանիշներ: Իր հերթին Turbo S E-Hybrid-ը տպավորիչ է վարման բնութագրերի եւ մրցարշավային մակարդակի բարձր կատարողականության տեսանկյունից:
Porsche Panamera-ն վերաիմաստավորել է պատկերացումները շքեղ սեդանների մասին: Այն յուրօրինակ կերպով համատեղում է հարմարավետ վարումը Porsche սպորտային ավտոմեքենաների բնութագրերի հետ: Մոդելային շարքն այժմ համալրվել է առանձնապես հզոր եւ սպորտային երկու տարբերակներով: Դրանք տարբեր կողմնորոշման մեքենաներ են. Panamera GTS-ը դինամիկ սպորտային սեդան է, որտեղ առաջին պլան է մղվում վարելու զգայական փորձառությունը: Panamera Turbo S E-Hybrid-ը մոդելային շարքի ամենահզոր, ամենաարագ եւ ամենաշքեղ տարբերակն է: Այս թոփ մոդելը նոր ռեկորդակիր է Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ»-ի՝ ներքին այրման շարժիչով ամենաարագ ավտոմեքենաների եւ լյուքս դասին պատկանող հիբրիդային սեդանների պաշտոնական վարկանիշային աղյուսակում:
Երկու մոդելներն էլ համալրված են բարելավված 4.0 լ աշխատանքային ծավալով V8 բիտուրբո շարժիչով, որն արդեն իսկ օգտագործվում է Panamera Turbo E-Hybrid-ի համար: Այս հզոր շարժիչը մշակվել է Եվրո 7 ստանդարտներին համապատասխան, որոնք սահմանում են տրանսպորտային միջոցների արտանետումների ամենախիստ սահմանները: Անցումը երկփող (twin-scroll) տուրբոմղիչից միափող (single-scroll) տուրբոմղիչի կրճատում է կատալիտիկ փոխարկիչների տաքացման փուլը: Արտանետման գազերի մինչեւ 1,000°C ջերմաստիճանը եւ, արդյունքում, մաքուր այրումը, ինչպես նաեւ այրման խցիկներում միջին պիկային ճնշման բարձրացումը մինչեւ 140 բար, ապահովում են ավտոմեքենայի ընթացքի արդյունավետությունը հատկապես դինամիկ վարման ժամանակ: 8-աստիճան PDK փոխանցումատուփը զգալիորեն վերամշակվել է: Էլեկտրահաղորդման օպտիմալացված մակերեւույթների եւ ավելի բարձր ջերմային բեռի շնորհիվ այն ի վիճակի է գործադրել Panamera Turbo S E-Hybrid-ի հսկայական ոլորող մոմենտը:
Ամենահզոր Panamera-ն՝ Panamera Turbo S E-Hybrid-ը
Porsche-ում Turbo մատնանշումն ավանդաբար խորհրդանշում է առավելագույն արտադրողականությունը ճանապարհի համար նախատեսված մոդելային տարբերակների շարքում: Միեւնույն ժամանակ, Turbo-ն նշանակում է տեխնոլոգիական առաջատարություն համապատասխան սեգմենտում: Բարձր արդյունավետությամբ ներքին այրման շարժիչների եւ էլեկտրական ուժային համակարգի համակցությունը հնարավորություն է տալիս ապահովելու առանձնակի հզոր ընթացք եւ բացառիկ արտադրողականություն:
Նոր Panamera Turbo S E-Hybrid-ը մինչ օրս արտադրված ամենահզոր Panamera-ն է: Նրա V8 բիտուրբո շարժիչն ունի 441 կՎտ (600 ձիաուժ) հզորություն, իսկ PDK-ի պատյանի եւ հովացման համակարգում ամբողջությամբ ինտեգրված էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 140 կՎտ (190 ձիաուժ): Նախորդ մոդելի համեմատ համակարգի հզորությունն ավելացել է 75 կՎտ-ով (102 ձիաուժ)՝ մինչեւ 575 կՎտ (782 ձիաուժ), իսկ համակարգի ոլորող մոմենտն աճել է 150 Նմ-ով՝ մինչեւ 1000 Նմ: Panamera Turbo S E-Hybrid-ի՝ 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 2.9 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Սա նշանակում է բարելավում՝ 25 կմ/ժ-ով եւ 0.5 վայրկյանով:
Միեւնույն ժամանակ նոր Panamera Turbo S E-Hybrid-ն արդյունավետ է վարելու համար: Նախորդ սերնդի համեմատ դրա հիբրիդային շարժիչն առաջարկում է ընթացքի ավելի մեծ էլեկտրական պաշար, ավելի արագ լիցքավորում եւ ավելի ճկուն արձագանք: 25.9 կՎտժ (համախառն) հզորությամբ բարձրավոլտ մարտկոցը պահեստավորում է 45 տոկոսով ավելի շատ էներգիա, քան նախորդ մարտկոցը: Սա ամենահզոր Panamera-ին տալիս է մինչեւ 88 կմ ընթացքի էլեկտրական պաշար (WLTP EAER City): Ռեկուպերացիայի հզորության մինչեւ 88 կՎտ աճի շնորհիվ Panamera Turbo S E-Hybrid-ն ամբողջությամբ էլեկտրական ռեժիմում ընթանում է ավելի արդյունավետ, քան երբեւէ: Համապատասխան հզորության աղբյուրի դեպքում 11 կՎտ ներկառուցված ՓՀ լիցքավորիչը լիցքավորում է մարտկոցը 0-ից մինչեւ 100 տոկոս մոտ երկու ժամ եւ 39 րոպեում:
Տուրբո մոդելների յուրահատուկ դիզայնը
Porsche-ն ընդգծում է Տուրբո մոդելների դերը որպես այդ մոդելային շարքերի լավագույն կատարողներ՝ թափքի գույնով ներկված յուրահատուկ հետեւի թափարգելի եւ տպավորիչ առջեւի մասի օգնությամբ։ Հետեւի մասի մուգ բրոնզագույն, քրոմապատ արտանետման խողովակների գլխադիրներն ամբողջացնում են ավտոմեքենայի արտաքին տեսքը։ Turbo S E-Hybrid-ի ստանդարտ սարքավորումը ներառում է Porsche (PCCB) կոմպոզիտային կերամիկական արգելակային համակարգ՝ դեղին գույնի արգելակային հենակներով։ Թթվային կանաչը նույնպես հասանելի է որպես E-Hybrid-ին հատուկ գույն։
Turbonite-ը՝ նրբաճաշակ մետաղական մոխրագույն երանգը, բացառապես վերապահված է Turbo մոդելների համար։ Panamera Turbo S E-Hybrid-ում այս գույնով են ներկված օդային շեղբերը՝ մեքենայի առջեւում, հետեւի թափարգելի ժապավենը եւ 21 դյույմանոց կռածո Panamera Turbo S անվասկավառակները։ Porsche-ն Turbonite-ն օգտագործում է նաեւ սրահի ինտերիերում, օրինակ՝ ամրագոտիների, կենտրոնական վահանակի եւ ղեկանվի վրա։ Turbonite գույնի կոնտրաստային թակալակարերը առկա են նաեւ նստատեղերի, դռան հարդարանքի, ցուցիչների վահանակի եւ գորգիկների վրա։ Տանիքի երեսպատումն ամբողջությամբ իրականացված է Race-Tex զամշանման գործվածքով։
Նոր ռեկորդ Panamera Turbo S E-Hybrid-ի համար
Նույնիսկ նախքան իր թողարկումը, նոր Panamera Turbo S E-Hybrid-ը սահմանեց լավագույն ժամանակը: Porsche-ի թեստ-դրայվի վարորդ Լարս Քերնը Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ» մրցուղու (20.832 կիլոմետր) մեկ շրջանն ավարտեց ընդամենը 7:24.172 րոպեում: Այս ժամանակով Porsche-ն ռեկորդ սահմանեց ներքին այրման եւ հիբրիդային շարժիչով ամենաարագ բարձրակարգ սեդանի համար Nürburgring 1927 GmbH & Co. KG-ի պաշտոնական դասակարգման մեջ: Նոր Panamera-ն այս մեքենաների դասում գոյություն ունեցող ռեկորդը բարելավեց 3.62 վայրկյանով: Լարս Քերնը ռեկորդային շրջանը վարեց հուլիսի 12-ին: Ռեկորդ սահմանած Panamera-ն վարորդի պաշտպանության նպատակով հագեցված էր մրցարշավային նստատեղով եւ անվտանգության վանդակով, սակայն մնացած ամեն ինչով համապատասխանում էր սերիական տարբերակին:
Արդեն 2016 եւ 2020 թվականներին «Հյուսիսային օղակ»-ում Լարս Քերնն Panamera-ով սահմանել էր դասի ռեկորդներ, վերջին անգամ՝ Panamera Turbo S-ով: Panamera Turbo S E-Hybrid-ի կողմից այս նոր, ավելի արագ ժամանակը չորս դռնանի սպորտային մեքենայի հետեւողական հետագա զարգացման ապացույցն է: 7:24.172 նոր ժամանակով Լարս Քերնը 5.64 վայրկյանով բարելավեց իր 2020 թվականի ռեկորդը:
Մրցարշավային անվադողեր եւ կարբոնե Aerokit՝ Panamera Turbo մոդելների համար
Այս ռեկորդով նոր Panamera-ն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ։ Մեքենայի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նոր ածխածնային Aerokit -ով եւ Michelin-ի կողմից հատուկ մշակված UHP անվադողերով։ Aerokit-ը հասանելի է Panamera Turbo եւ Turbo S E-Hybrid սպորտային սեդանների համար։ Այն ներառում է օդային շեղբեր, կողային փեշեր եւ ածխածնից պատրաստված հետեւի դիֆուզոր, ինչպես նաեւ օպտիմալացնում է աերոդինամիկ հավասարակշռությունը՝ մրցուղու վրա վարելու համար։ Առջեւի սպոյլերի եզրային հատվածն ամբողջությամբ չեզոքացնում է առջեւի առանցքի բարձրացումը։ Համակցված Գերնի թեւիկով (Gurney flap) ադապտիվ (4-դիրք) հետեւի սպոյլերի հետ՝ դրա ընդհանուր ազդեցությունը սեղմումային ուժ գեներացնելն է:
200 կմ/ժ արագության դեպքում այն 60 կիլոգրամով բարելավում է սեղմումային ուժը եւ ավելի բարձր արագությունների հասնելու հնարավորություն է տալիս մի շարք բարդ շրջադարձերի ժամանակ։ N0 նշագրմամբ Michelin Pilot Sport Cup 2 անվադողերն ավելի են բարելավում կցորդումը ճանապարհածածկի հետ։ Michelin Pilot Sport Cup 2 անվադողերը (275/35 ZR 21՝ առջեւում եւ 325/30 ZR 21՝ հետեւում) հատուկ մշակվել են Panamera-ի եւ դինամիկ վարման իրավիճակների համար։
Panamera Turbo S E-Hybrid-ի սարքավորումների լայն ընտրանի
Porsche-ն Panamera շարքի թոփ մոդելի՝ Panamera Turbo S E-Hybrid-ի ստանդարտ համալրման մեջ ներառել է Porsche Active Ride կախոցը։ Այս նորարարական կախոցը զուգակցված է 400 Վ բարձրավոլտ համակարգի հետ եւ, հետեւաբար, տեխնիկապես հասանելի է միայն E-Hybrid Panamera մոդելների համար։ Յուրաքանչյուր ցնցամեղմիչ ունի էլեկտրական հիդրավլիկ պոմպ, որն ակտիվորեն չեզոքացնում է սեղմումն ու հետհարվածը։ Այս կերպ կախոցը գրեթե ամբողջությամբ փոխհատուցում է թափքի շարժումները եւ դինամիկ վարման ժամանակ մեքենան պահում հորիզոնական դիրքում։ Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնելու նորարարական գործառույթներ, ինչպիսիք են ճոճի եւ կողաթեքման գերփոխհատուցումը։ Այն նաեւ համապատասխանեցնում է անիվների բեռնվածքի բաշխումը կցորդման մակարդակին՝ այդպիսով օպտիմալացնելով քարշուժը։ Panamera Turbo S E-Hybrid-ի համար առկա սարքավորումների համապարփակ շարքը ներառում է նաեւ վարման դինամիկայի վերահսկման բոլոր համակարգերը, ետեւի առանցքի անիվների ղեկակառավարումը, Porsche Ceramic Composite Brake (PCCB) համակարգը՝ առջեւում 440 միլիմետր եւ հետեւում 380 միլիմետր տրամագծով արգելակային սկավառակներով, ինչպես նաեւ Bose® ձայնային համակարգը։
Ամենաճկուն Panamera-ն՝ Panamera GTS-ը
GTS նշանակում է Gran Turismo Sport։ Porsche-ի՝ այս մատնանշմամբ ավտոմեքենաներն առաջարկում են սպորտայնության լրացուցիչ չափաբաժին եւ առավելագույն վարելու հաճույք՝ միաժամանակ ունենալով բարձր առօրյա օգտագործելիություն։ Համապատասխան այս փիլիսոփայությանը՝ Panamera GTS-ը նույնպես առանձնանում է բարձր արտադրողականության համար կարգաբերված կախոցով, էքսկլյուզիվ SportDesign փաթեթով եւ սպորտային, բարձրորակ սրահով։ Այն բարձրակարգ սպորտային սեդանի առանձնակի պուրիստիկ եւ մանեւրունակ տարբերակն է։ Panamera GTS-ում հատկապես ինտենսիվ վարելու փորձառության հարցում մեծ դեր է խաղում հզոր, համապարփակ արդիականացված V8 բիտուրբո շարժիչը։ Այն առաջարկում է հզորության գծային մատակարարում, որը հստակորեն նկատելի է նույնիսկ 6000 պտույտ/րոպեից բարձր արագությունների դեպքում։
Շարժիչն արտադրում է է 368 կՎտ (500 ձիաուժ) հզորություն, որը 20 ձիաուժով ավելի է, քան նախորդ մոդելինը: Սա հանգեցնում է ավելի բարձր կատարողականության, դինամիկայի եւ նույնիսկ ավելի մեծ արդյունավետության: Չորս դռնանի սպորտային մեքենայի՝ 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 3.8 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը կազմում է 302 կմ/ժ: Panamera GTS-ի ստանդարտ սպորտային արտանետման համակարգը հատուկ մշակվել է հզոր եւ հուզական ձայնային միջավայր ստեղծելու համար:
Panamera GTS-ի ստանդարտ համալրման կազմում առկա է երկխցիկ եւ երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով եւ հատուկ սպորտային կարգավորումներով: 10 միլիմետրով նվազեցված գետնահեռությունը եւ լայնական կայունության կայունարարներն ապահովում են նկատելիորեն ավելի սահուն եւ փափուկ վարում: Էլեկտրական PTV Plus համակարգն ապահովում է ոլորող մոմենտի օպտիմալ բաշխումը անիվների միջեւ: Իրար հետ համակցված լինելով այս միջոցառումներն ապահովում են բարձր կայունություն եւ նվազեցնում են ճոճի եւ կողաթեքման չափը նույնիսկ ամենաբարձր արագությունների ժամանակ: Այս ավելացված դինամիկան ապահովվում է առանց հարմարավետության զգալի նվազեցման:
GTS-ոճի բացառիկ դիզայն եւ սարքավորումներ
Ինչպես բոլոր մոդելային շարքերի պարագայում՝ Porsche GTS մոդելները կարելի է ճանաչել իրենց յուրահատուկ սպորտային դիզայնով: Մեքենայի կողային հատվածներում եւ հետեւի մասում սեւ GTS տարբերանշանները, եզակի առջեւի հատվածը, մգացված HD մատրիցային LED լուսարձակները եւ հետեւի լույսերը, ինչպես նաեւ կարմիր արգելակային հենակներն ապահովում են Panamera GTS-ի միանշանակ ճանաչելի տեսքը: Ստանդարտ Sport փաթեթը ներառում է նաեւ փայլատ սեւ գույնով շեշտադրումներ թափքի վրա: Դրանք ընդգրկում են կողային փեշերը, առջեւի հատվածի ներդիրները, կողային պատուհանների շրջանակները եւ հետեւի թափարգելը: Սպորտային արտանետման խողովակների գլխադիրները մուգ բրոնզագույն են եւ ստեղծում են հետաքրքիր կոնտրաստ: Լրացուցիչ շեշտ են ավելացնում 21-դյույմանոց Turbo S կենտրոնական փականով անվասկավառակները, որոնք ներկված են Anthracite Grey գույնով:
Սրահում Porsche-ն առատորեն օգտագործում է Race-Tex զամշանման նյութը: Դրանով են երեսպատված տանիքը, արմնկակալները եւ դռների պանելները, ինչպես նաեւ 18 դիրքով կարգավորվող սպոտային նստատեղերի կենտրոնական հատվածները:
Porsche-ն երկու GTS-ի համար առաջարկում է նաեւ յուրահատուկ սրահի հարդարման փաթեթներ՝ Carmine Red կամ Slate Grey Neo գույներով: Դեկորատիվ կարերը եւ ամրագոտիներն ընտրված փաթեթի գույնով են: Հասանելի է նաեւ «Carbon matt» սրահի հարդարման փաթեթը: Panamera GTS-ի ստանդարտ համալրումը ներառում է նաեւ Bose® ձայնային համակարգը եւ Sport Chrono փաթեթը՝ վայրկենաչափով ու push-to-pass գործառույթով:
Հասանելիությունը շուկայում եւ գները
Porsche Panamera Turbo S E-Hybrid-ը եւ Panamera GTS-ն այժմ հասանելի են պատվերով՝ որպես սպորտային սեդաններ։ Երկու մոդելներն էլ ունեն Panamera-ի երրորդ սերնդի բազմաթիվ նոր առանձնահատկությունները։ Դրանք ներառում են Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը, բարձր լուսաչափով եւ հեռահարությամբ HD մատրիցային LED լուսարձակները, կապի ընդլայնված գործառույթները, ինչպիսիք են՝ Apple CarPlay®-ի ավելի խոր ինտեգրումը, տեսանյութեր հեռարձակելու հնարավորությունը որպես օպցիա հասանելի Passenger Display-ի վրա եւ սմարթֆոնի հավելվածի միջոցով մեքենան դրսից կայանելու հնարավորությունը։ Panamera Turbo S E-Hybrid-ի Executive երկար անվաբազայով տարբերակն առաջարկվում է՝ կախված շուկայի առանձնահատկություններից. քառագոտի օդորակման ավտոմատ համակարգը (Climat Control) եւ մեծ կենտրոնական վահանակը ներառված են ստանդարտ համալրման կազմում։ Panamera GTS-ը հասանելի է բացառապես որպես սպորտային սեդան՝ կարճ անվաբազայով։
Գերմանիայում Panamera Turbo S E-Hybrid-ի գները սկսվում են 229,400 եվրոյից, իսկ Panamera Turbo S E-Hybrid Executive-ինը՝ 240,700 եվրոյից՝ ներառյալ ԱԱՀ-ն եւ երկրին բնորոշ սարքավորումները։ Panamera GTS-ի բազային գինը 165,300 եվրո է։ Մատակարարումները կսկսվեն 2024 թվականի աշնանը։
Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաեւ տեսանյութերը եւ լուսանկարները հասանելի են Porsche Newsroom-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: