Դերասանուհիներ Ջուլիանա Մուրը, Թիլդա Սուինթոնն ու ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը հայտնվել են իսպանական Vogue-ի սեպտեմբերյան համարում: Նկարահանումը նվիրված է նրանց համատեղ՝ «Կողքի սենյակը» ֆիլմին, որը Ալմոդովարի կյանքում առաջին ամբողջությամբ անգլալեզու աշխատանքն է:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է աշնանը՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակում, եւ այն արդեն համարվում է տարվա ամենասպասված ու կարեւոր աշխատանքներից մեկը: Գլխավոր գործող անձինք կանայք են, որոնք ապրում են Նյու Յորքում: Նրանցից երկուսը մայր ու դուստր են, որոնք բավական խճճված հարաբերություններ ունեն, ու մոր ընկերուհին, որի հետ մտերիմ են եղել տարիներ առաջ ու հանգամանքների բերումով նորից են հանդիպել:
«Այնքան էլ ծեր չեմ, բայց ժամանակի պակաս եմ զգում ու մտածում այն մասին, թե որքան է դեռ մնացել: Սթրես եմ ապրում. ուզում եմ հնարավորինս շատ բան քաղել ու արդյունավետ օգտագործել ժամանակը: 2020-ից սկսած՝ շատ եմ աշխատել, սակայն ունեցել եմ նաեւ սպասման պահեր, որոնք ինձ ծանր են տրվել, քանի որ իմ տարիքում այնքան էլ հեշտ չէ համբերատար լինել: Այդ ընթացքում էլ սկսել եմ գրել «Կողքի սենյակը»»,- խոստովանել է Ալմոդովարը:
Սուինթոնն էլ հիշել է, թե երբ է առաջին անգամ ռեժիսորն անկեղծորեն խոսել իր հետ նոր ֆիլմի ու դերակատարման մասին. «Կարծում եմ՝ «Ձայն մարդկային» ֆիլմի նկարահանումների ժամանակ էր, բայց համոզված չէինք, թե քովիդից հետո ինչ տեղի կունենա: Նա շատ շռայլ էր ու ասաց, որ նորից է ցանկանում աշխատել հետս, սակայն ոչինչ չմանրամասնեց»:
Իսկ ահա Մուրը հստակ հիշում է, թե ինչպես է Ալմոդովարը կապվել հետը. հաղորդագրություն է ուղարկել.
«Խելագարություն էր, քանի որ լրիվ անսպասելի էր: Մի օր առավոտյան միացրի համակարգիչս, ու նրանից նամակ ունեի, իսկական խենթություն: Ամուսնուս ասացի, որ Ալմոդովարն առաջարկում է նկարահանվել իր ֆիլմում, ու նա խորհուրդ տվեց միանգամից համաձայնել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: