Գաղտնիք չէ, որ երեխաներն այսօր շատ ժամանակ են անցկացնում էկրանի առջեւ, եւ հենց այդ տիրույթում է հարկավոր նրանց գրավել ու տանել դեպի գիտություն։ «Արմենիա» հեռուստաընկերության «Գիտունոիդ» մանկական ճանաչողական-ժամանցային նախագիծը մեկտեղել է դերասանական խաղն ու անիմացիոն աշխարհի հնարավորությունները, որպեսզի ավելի հասանելի եւ պատկերավոր ձեւով ներկայացնի գիտական թեմաները։
Այլմոլորակային հյուրի օգնությամբ գիտքոմի (գիտական քոմեդի) հերոսները յուրաքանչյուր սերիայում գիտապտույտով հայտնվում են անիմացիոն աշխարհում եւ ավելին իմանում որեւէ երևույթի մասին. ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը, ի՞նչ է ֆոտոսինթեզը, ինչպե՞ս են կառուցվել եգիպտական բուրգերը եւ այլն:
«Փորձեցինք կրթող, բայց միեւնույն ժամանակ ժամանցային նախագիծ ստեղծել հենց երեխաների համար։ Հուսամ՝ խիստ չեն դատի, որովհետեւ սա սկիզբն է, եւ շատ կցանկանայի, որ ուրիշներն էլ նմանատիպ արտադրանք ստեղծեն, արդյունքում կշահեն երեխաները, որոնք ավելի ուրախ կլինեն ու կզարգանան։ 16 մասից յուրաքանչյուրում նոր գիտապտույտ է ներկայացված։ Շատ երեխաներ գուցե դասեր չեն ուզում սովորել, եւ այս ժամանցային ու խորամանկ քայլի միջոցով մենք նրանց գիտելիքներ կփոխանցենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, շրջակա միջավայրի եւ այլ թեմաների մասին» ,- նշել է նախագծի պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանը:
Ֆիլմում միջգալակտիկական հյուրը, որի դերակատարը Վահագն Գասպարյանն է, աստղաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով հայտնվում է Լեւոնյանների տանը։ Նրա նոր ընկերներն են դառնում Արտեմն ու Գիսանեն։
Արտեմի դերակատարը Մհեր Գրիգորյանն է. «Կերպարս խելացի է, բայց սովորել չի սիրում ու շատ ալարկոտ է: Սիրում է ֆուտբոլ խաղալ, բայց դա էլ լավ չի ստացվում։ Նա կատակասեր ու դրական է: Նախագիծը, կարծում եմ, երեխաներին կհետաքրքիր հատկապես անիմացիոն հատվածով»։
Նրա քրոջ՝ խելացի, կազմակերպված ու համացանցային թրենդներին փոքր-ինչ այլ մոտեցում ցուցաբերող Գիսանեի դերում Լիլիթ Թոխատյանն է. «Յուրահատուկ նախագիծ է, որն էմոցիաների խառնուրդ է առաջացնում՝ թե՛ ծիծաղ, թե՛ հուզմունք, թե՛ անսպասելիություն։ Ուրախ եմ, որ հենց ինձ են ընտրել այս դերում: Խելոք ու լավ աղջիկ է, իր վլոգում ոչ թե կենցաղային թեմաներից է խոսում, այլ ուզում է գիտական, օգտակար ու լավ տեղեկություն տալ»:
Լիլիթը խոստովանել է, որ յուրաքանչյուր նկարահանումից առաջ եւ հետո իր ծնողների՝ Հրանտ Թոխատյանի եւ Լուիզա Ներսիսյանի հետ քննարկումներ է ունենում։
Ծնողների դերում Իշխան Ղարիբյանը եւ Անահիտ Կիրակոսյանն են, վերջինիս հեռուստադիտողը կտեսնի խիստ մոր կերպարում. «Ընտանեկան դիտման համար է։ Ֆիլմում էլ ունեմ հրաշալի երեխաներ. Լուիզայի եւ Հրանտի դուստր Լիլիթին արդեն իմ դուստրն է, իսկ տղաս հետաքրքիր զուգադիպությամբ իմ իրական տղայի համադասարանցին է։ Այսօր նման նախագծերի կարիք իսկապես կա, երեխաներն, ինչպես գիտենք, դժվար են զարմանում, այդ առումով սա տարբերվող նախագիծ է»։
«Գիտունոիդը» եթերում կլինի սեպտեմբերի 3-ից։ Սցենարիստներն են Վահան Մովսեսյանը, Ջեյմս Նազարյանը, Խորեն Թեւանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է: Նախագծի գաղափարի հեղինակը և անիմացիոն հատվածի պատասխանատուն «Մեդիա սթրիմ» գործակալությունն ու «L17» անիմացիոն ստուդիան են:
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: