×


Լուսանկարը՝ Լեոն՝ մայրիկի՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ

«Մայրիկ չունեցող բալիկներին երգովս ուզում էի ասել՝ իմ մայրը ձեզ կգրկի». Լեոյի հաջողությունները «Наше Поколение»-ում

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ից հանրությանը հայտնի Լեո Մկրտչյանը Տաշքենդում օրեր առաջ տեղի ունեցած «Մեր սերունդը 2026» («Наше Поколение») երգի միջազգային մրցույթում իր «Մամ» երգով ճանաչվեց պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության հաղթող:

Bravo.am -ի հետ զրույցում Լեոն պատմել է մրցույթին մասնակցելու որոշման, երգի կարեւոր ուղերձի, ծնողների՝ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի աջակցության, ինչպես նաեւ առաջիկայում սպասվող համագործակցության մասին։

- «Наше Поколение»-ին մասնակցելու ցանկությունը քո՞նն էր, թե՞ ծնողներդ ոգեւորեցին։

- Մրցույթից մոտ մեկ ամիս առաջ կազմակերպիչներից հրավեր ստացա՝ ներկայացնելու Հայաստանը։ Մենք էլ սիրով ընդունեցինք առաջարկը՝ իմանալով, թե որքան լուրջ կազմակերպված մրցույթ է։

- Մրցույթին ներկայացար «Mom» երգով: Կպատմե՞ս՝ ինչպե՞ս ծնվեց այս երգը:

- Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, իսկ խոսքերինը՝ Անիտա Հախվերդյանը։ Ես ի սկզբանե ցանկացել եմ, որ երգը գրվի հենց մոր եւ որդու կապի մասին։



- Հետաքրքիր է՝ մայրիկիդ՝ Հռիփսիմեի արձագանքն ինչպիսի՞ն էր, երբ առաջին անգամ լսեց երգը։

- Ինձ վերաբերող ամեն հարցով մայրիկս է զբաղվում, դրա համար երգը նրա համար նորություն չէր, բայց, իհարկե, ամեն անգամ լսելիս հուզվում է։

- Հայրդ՝ Մարտինը, նույնպես ուշադիր հետեւում է քո բոլոր ելույթներին ու ամեն անգամ շատ է հուզվում: Բեմում կանգնած զգո՞ւմ ես նրա այդ ուժեղ էմոցիոնալ աջակցությունը։

- Իհարկե, զգում եմ, եւ դա ինձ շատ մեծ ուժ է տալիս։

- Այս անգամ ո՞վ էր պատասխանատու կերպարիդ ու բեմականացման համար։

- Ինչպես ասացի, թե՛ երգի ընտրության, թե՛ երգեցողության եւ թե՛ բեմական կեցվածքիս հարցում միշտ մայրս է ստանձնում այդ ծանր գործը։ Այս անգամ հետաքրքիր բեմական լուծումների հարցում մեզ շատ է օգնել ռեժիսոր Արթուր Մանուկյանը, որին շատ շնորհակալ եմ։ Իսկ հագուստիս հեղինակը դիզայներ Արմեն Գալյանն էր։


- Երբ մայրիկի մասին երգ էիր կատարում միջազգային բեմում, ի՞նչ էիր զգում։ Ի՞նչ գլխավոր ասելիք էիր ուզում փոխանցել հանդիսատեսին ու ժյուրիին։

- Ամենակարեւորը՝ ուզում էի բոլոր մայրիկների սրտերը ջերմացնել, առանձնահատուկ՝ իմ մայրիկինը։ Նաեւ ուզում էի երգովս այն բալիկներին, ովքեր մայրիկ չունեն, ասել, որ մենակ չեն․ եկեք՝ իմ մայրիկը ձեզ կգրկի:

- Հանդիսատեսն ու մյուս երկրների մասնակիցներն ինչպե՞ս արձագանքեցին քո ելույթին ու երգին։ Կա՞ր մի պահ կամ խոսք, որը քեզ ամենաշատն է տպավորել։

- Շատ-շատ լավ արձագանքներ ու գովեստի խոսքեր ստացա։ Ամենից շատ տպավորվել է այն, որ ելույթիցս հետո դահլիճում տեսա հուզված աչքեր։

- Մասնագիտական ժյուրիի կարծիքով՝ դու լավագույնն էիր: Ի՞նչ զգացողություններ ունեիր հենց այդ պահին, երբ հայտարարվեցին արդյունքները։

- Ես հաղթեցի ժյուրիի քվեարկությամբ, ինչն ինձ համար ամենակարեւորն էր, քանի որ 18 երկրի պրոֆեսիոնալ մասնագետներ ընտրեցին ինձ՝ Հայաստանի ներկայացուցչին, որպես լավագույնի։ 

- 2024-ին ներկայացրիր Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։ Այդ փորձը որքանո՞վ օգնեց «Наше Поколение»-ի բեմում՝ ինքնավստահության, հուզմունքը կառավարելու եւ բեմական պահվածքի առումով։

- Շատ օգնեց. արդեն ավելի փորձառու էի եւ ինքնավստահ։

- Ի՞նչ նոր երազանքներ ու երաժշտական պլաններ ունես։ Արդեն մտածո՞ւմ ես նոր երգերի եւ տեսահոլովակների մասին։

- Հենց վերադարձիս հաջորդ օրը դուետի առաջարկ ստացա մյուս հաղթողից՝ Բելառուսի մասնակցից, եւ սիրով ընդունեցի։ Այնպես որ, շուտով կունենանք գեղեցիկ զուգերգ։

Զրուցեց Լիանա Թեհմուրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Լեո Մկրտչյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW