×


Արեւիկ Գեւորգյանը՝ «Բարի լույս»-ը թողնելու, նոր նախագծի եւ Հռոմի մասին

Դերասանուհի, հաղորդավար Արեւիկ Գեւորգյանի կյանքում ստեղծագործական նոր փուլ է սկսվում: Իսկ մինչ այդ նա հասցրել է թողնել աշխատանքն «Արմենիա» հեռուստաընկերությունում, գեղեցիկ ճանապարհորդություն ունենալ դեպի Հռոմ եւ պլանավորել հետագա անելիքները: BRAVO.am-ին նա պատմել է հռոմեական բացահայտումների մասին, ինչպես նաեւ զուգահեռներ տարել Փարիզի հետ, որտեղ ավելի վաղ էր եղել:

Հռոմը հրաշալի էր, նման էր կիրակնօրյա ընթրիքի՝ ամենահարազատ մարդկանց կողքին: Երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ընտանիքը, դուք շատ տարբեր եք, ինչպես ապակու կոտրված բեկորները, բայց ամեն դեպքում՝ նույն ծաղկամանի։

Հորիզոնում մայրամուտն է այրվում, տաք հացի հոտը տարածվում է տնով մեկ, զրույցներն են սկսվում ոչնչի եւ ամեն ինչի մասին, մի փոքր փարատվում է կարոտը կորցրածի, ու ամեն բան ներելի է, բոլորն անկեղծ են օգնելու, ոչ թե ցավեցնելու համար, չէ՞ որ երբեմն մեզ ամենամոտ գտնվող մարդիկ ամենից շատ ունեն մեր կարիքը։ Ահա ինչին էր նման Հռոմը։

Հռոմը իսկապես շատ ջերմ էր, անվերջ քայլելու ու հոգնելու, աստիճաններ հաղթահարելու, որոնք միշտ քեզ տանում էին դեպի ավելի գեղեցիկ տեսարան: Երկար հերթերի ժամանակ ուղիղ մեջքով կանգնելու, եկեղեցիներ բացահայտելու, ներսում երկար մտածելու ու դեպի քեզ գնալու մասին էր։ Հռոմում շատ սուր վերապրել եմ աշխարհի պատմության անցյալը, իսկ արեւն ընկնում էր աչքերիս մեջ, մեջքիս ու տաքացնում ծանրացած գլուխս։

Երբեք չեմ հասցնում սնվել ճանապարհորդությունների ժամանակ ու նաեւ բացահայտել իրենց խոհանոցը, միշտ վերադառնում եմ պակաս կիլոգրամներով, բայց ահավոր շատ եմ սիրում թանգարանների բուֆետները. իմ սնունդը, սովորաբար, այս տեսքն ունի։


Փարիզը։ Անվերջ գեղեցիկ Փարիզը։ Փարիզը մենակ մնալու մասին է։ Փարիզը գիտի՝ որտեղ է ամենից շատ ցավում, եւ իր քամին փչում է հենց այդ ուղղությամբ, այնտեղ ես միշտ սոսնձվում եմ ու հավաքում ինձ մաս-մաս։


Փարիզն արվեստ է։ Այնտեղ ամեն ինչ արվեստ է՝ ինչպես ես ապրում, ինչպես ես հագնվում, ինչպես գրում գնումների ցուցակ, ինչպես ես խոսում, խմում թեյը, զարդարում տունը եւ սիրում։


Փորձում եմ ինձ հետ բոլոր ճամփորդություններից բերել հիշողություններ, այն ամենն, ինչ հասցրի պահել սրտում, եւ այն ամենն, ինչ հասցրի որսալ ու նկարել։ Գեղեցիկ նկարներ ստանալու հարցում ինձ միշտ օգնում են ընկերներս եւ լուսանկարիչները, որոնց հետ հասցնում եմ ծանոթանալ այդ օրերի ընթացքում եւ ընկերանալ, ու մեր միջեւ եղած հեռավորությունները սարքել մի բան, որը շատ տեսականորեն է:


Վերջերս դադարեցրել եմ աշխատանքս «Արմենիա»-ի «Բարի լույս» ծրագրում: Երկու տարի շարունակ ունեցել եմ հնարավորություն մարդկանց բարի լույս մաղթելու եւ լուսավորվելու նրանց սիրուց ու փոխանցած ջերմությունից։ Մեծ փորձառություն էր ինձ համար, բայց հիմա նոր երազանքներ կառուցելու ժամանակն է, եւ ուրեմն՝ առաջ։ Կա մի մեծ ու գեղեցիկ նախագծի գաղափար, որի փակագծերը դեռ չի կարելի բացել: Այս շրջանում ողջ ներուժս այդ ուղղությամբ է աշխատելու։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Արեւիկ Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW