×


«25-րդ ժամ»-ի պրեմիերային Արսեն Սաֆարյանը հուզվելու իր պատճառն ուներ

Ընտանիք, որն ամեն օր մի նոր աշխատանք է փնտրում՝ երեխաների համար լավ ապագա կառուցելու ձգտումով, բայց այդ ճանապարհին կորչում է ամենակարեւորը՝ ընտանեկան ջերմությունը։ Այս ընտանիքը վաղուց դադարել է հավաքվել սեղանի շուրջ ու զրուցել, չգիտեն միմյանց խնդիրները: Ծնող-երեխա հարաբերություններում մի մեծ անջրպետ է գոյացել. օրվա 24 ժամն ավարտվում է, իսկ 25-րդ ժամ չկա:

«25-րդ ժամն» ընտանեկան դրամա է, հերոսներին մարմնավորում են Սիրանուշ Լազյանը, Էլեն Սաֆարյանը, Անի Պետրոսյանը, Սեւակ Սանթրոսյանը եւ Սեյրան Մովսիսյանը: Պիեսի հեղինակը Կարինե Խոդիկյանն է, բեմադրիչը՝ Արթուր Սարիբեկյանը, կոմպոզիտորը՝ Տիգրան Աթայանը, բեմանկարիչը՝ Արթուր Սարյանը:


Էլեն Սաֆարյանի բեմելն է։ Խոստովանում է՝ թատրոնն այլ աշխարհ է. «Սամվելն ու Սեյրանն ասացին՝ ինձ են պատկերացնում Ջենիսի կերպարում: Շատ ոգեւորվեցի: Սա ինձ համար մարտահրավեր է, պետք է անպայման փորձեի: Իհարկե, սկզբում վախեր ունեի. մի փորձը ոգեւորված էի անցկացնում, հետո փոշմանում էի, բայց  թատերախումբն ինձ օգնեց, որ չլարվեմ»։


Էլենի Ջենիսն ունի չհասկացված լինելու խնդիր, կռիվը հիմնականում ծնողների հետ է, քանի որ սիրո եւ ուշադրության պակաս է զգում. «Ես ունեմ կերպարիս համառությունը, բայց չունեմ նրա խնդիրը։ Իմ ընտանիքում 25-րդ ժամի պակաս չի եղել։ Ծնողներս միշտ կողքիս են եղել ու հասկացել են ինձ։ Պապայի հետ տարաձայնություններ ենք ունեցել մասնագիտական դաշտում։ Ինչ վերաբերում է անձնականիս, ես կարող եմ կիսվել ծնողներիս հետ, ու իրենք ինձ միշտ հասկանում են»։

Սեւակ Սանթրոսյանը, որը մարմանվորում է հոր կերպարը, 27 տարի թատրոնի բեմ չէր բարձրացել, բայց առաջարկը ստանալուց մեկ վայրկյան անց ասել է՝ իսկ ինչո՞ւ ոչ. «Թատրոնի անուն էլ «Շունչ» է։ Մտածեցի՝ գուցե մի նոր շունչ հաղորդեմ ե՛ւ թատրոնին, ե՛ւ իմ կյանքին։ Այսօր ապրելու համար 25-րդ ժամն էլ չի հերքում։ Ծնողները, որպես չգրված օրենք, ամեն ինչ անում են երեխաներին ապահով կյանք  ապահովելու համար, ցավոք, ընտանիքի ջերմության հաշվին»։


Դերասանուհի Անի Պետրոսյանի համար ներկայացումը նոր է ու յուրահատուկ. «Դրամա է ու հոգուս ավելի մոտ է։ Կարինե Խոդիկյանը հետաքրքիր է գրում։ Ես մարմնավորում եմ ընտանիքի մորը՝ գործարար Արփենին։ Հաջողության է հասել իր ջանքերի, երկար ու անքուն գիշերների շնորհիվ։ Բայց արի ու տես՝ երեխաներիդ հետ անցկացրած ժամանակը շատ քիչ է դառնում, երբ ամբողջ կյանքդ նվիրաբերում ես աշխատանքիդ։ Նման խնդիր ունեցել եմ փոքր ժամանակ, երբ մայրս Գյումրու թատրոնի դերասանուհի էր: Իրեն շատ էի կարոտում, գիշերանոցը գրկում, քնում էի, մինչեւ ներկայացումից գալիս էր տուն։ Այս ներկայացումից հետո հանդիսատեսն այլ կերպ է նայելու իր կյանքին, այն ժամերին, որ անցկացնում է հարազատների հետ»։


Ընտանիքի որդուն մարմնավորող Սեյրան Մովսիսյանն ասում է՝ ներկայացումը հուզվելու համար չէ, այլ՝ խորհելու, նաեւ անկեղծանում է, որ ունի 25-րդ ժամի կարիքը. «Սամվել Դանիելյանի հետ որոշեցինք թեման բարձրաձայնել, քանի որ գիտենք՝ այս խնդիրն ունեցող շատ ընտանիքներ կան: Մենք նաեւ ժամանակ ենք տրամադրում անիմաստ բաների, փոխարենը մոռանում ենք ամենակարեւորի՝ ընտանեկան ընթրիքի մասին։ Հիմա փորձում եմ իմ 4 տարեկան տղայի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել»:


Եվ այս ընտանիքը դրական լույսի ներքո պետք է ներկայացնի լրագրողը, որին մարմնավորում է Սիրանուշ Լազյանը։ Դերասանուհին խոստովանում է՝ կերպարը դժվար է տրվել. «Հասկացա, թե ինչ բարդ է լրագրողական պարտականություններ կատարելը: Հասկացա լրագրողների հոգեբանական ծանր ապրումները՝ ինչպես են կարողանում մարդկանց բացահայտել, վերհանել նրանց խնդիրները։ Ներկայացումն այն ընտանիքների մասին է, որոնք ամեն ինչ անում են լավ ապրելու համար, բայց մոռանում են ամենակարեւորը՝ երեկոյան պետք է համբուրեն իրենց զավակներին եւ փոխանցեն ծնողի ջերմությունը: Պետք է վերականգնել միասին ընթրելու ավանդույթը, որովհետեւ հենց այդ ժամանակ ենք հասկանում՝ ով է տխուր, ինչ խնդիր ունի, փորձում օգնել: Իմ կերպարը կարողանում է այնպես անել, որ մարդիկ պարզ աչքերով նայեն իրար»:

Ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը ներկայացման ասելիքն ամփոփում է մեկ նախադասությամբ. «Գնահատենք այն ժամանակը, որը ունենք, եւ փորձենք այն ճիշտ բաշխել մեր ընտանիքում: Տեղավորվենք 24 ժամվա մեջ, քանի որ 25-րդ ժամը գոյություն չունի»:


Պրեմիերայից հետո երգիչ Արսեն Սաֆարյանը չթաքցրեց հուզմունքը ու դժվարացավ գնահատական տալ դստեր առաջնախաղին. «Որպես հայր՝ շատ էի հուզվել, կարծես ես էի խաղում։ Դերերը փոխվել էին. ժամանակին Էլենն էր գալիս իմ համերգներին, հիմա ես եկել եմ իր ներկայացմանը։ Բեմում Էլենին այսպիսին չէի տեսել։ Ընթացքում իր հետ մտածում էի, հետո նստած տեղից իր հետ խաղում: Դեռ շատ անելիքներ ունի, վստահ եմ՝ այս ճանապարհին դեռ շատ հղկումներ կունանա, բայց պրեմիերայից գոհ եմ»:

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW