Մինչ ձնառատ Երեւանում մարդիկ շարունակում էին հարմարվել եղանակային փոփոխություններին, «ԿինոՄոսկվա»-ում «Շախմատիստը» 8 մասանոց սերիալի վերջին 2 սերիայի փակ դիտումն էր դերասանների ու հանդիսատեսի մասնակցությամբ։
Մանկուց Աշխարհի չեմպիոն դառնալու երազանք ունեցող Անդրանիկն (Միկա Ղափլանյան) այն այդպես էլ իրականություն դարձնել չի կարողանում. նրան ձախողված ու դժվար կյանք է բաժին հասնում։ Նեյրոստիմուլյատորի ազդեցությամբ միայն նա հետագայում սկսում է հաղթանակներ գրանցել, բայց եւ տարբեր մարդկանց մասնակցությամբ վտանգավոր խաղի մեջ ներքաշվում։ Չնայած մեծ ձգտումներին՝ նա իրեն սովորական շախմատային զինվոր է համարում, որի միակ նպատակը միշտ եղել է հասնել խաղատախտակի եզրին ու վերափոխվել այլ խաղաքարի։
Ու նրան վիճակվում է իր ամենակարեւոր պարտիան անցկացնել, արդյոք կկարողանա՞ հասնել հաղթանակի ու ազատվել դեղերի ազդությունից, թե՞ ամեն ինչ չափից շատ հեռուն է գնացել, կիմանան «Կինոդարան» հարթակում սերալին հետեւողները։ Ամեն դեպքում ավարտն ավելի շատ մտորումների տեղիք է տալիս, քան որեւէ լուծում առաջարկում։ Դրամայի ստեղծողներն այդպես են արել սերիալի շարունակությունը նկարելու նպատակով։
Կադրը՝ «Շախմատիստը» ֆիլմից
Սերիալում մասնակցությունն են ունեցել Արթուր Դարբինյանը, Խորեն Լեւոնյանը, Մարջան Ավետիսյանը, Սոնա Մաթեւոսյանը, Արամ Կարախանյանը, Սաշ Սուքիասյանը, Հարություն Սարգսյանը, Գրիգոր Խոջայանը, Ռանուշ Ավոյանը, որոնցից ոչ բոլորն էին ներկա ցուցադրությանը։
Միկա Ղափլանյանին նախագիծը հատկապես լավ սցենարով ու տարբերվող գաղափարով է գրավել, հավանել է նաեւ դերասանական ու ռեժիսորական կազմը, սակայն մինչեւ իր համաձայնությունը տալը վախեր ու մտահոգություններ է ունեցել։
«Սցենարը կարդալուց ու կերպարը հավանելուց հետո ստեղծագործական կազմի մոտ եմ գնացել ու հրաժարվել մասնակցությունից, ինչին իրենք ծիծաղով արձագանքեցին ու հավաստիացրին ինձ. «Գիտենք, որ կարող ես, դրա համար էլ քեզ ենք ընտրել»։ Փորձեցի ու իսկապես ստացվեց։ Խոր կերպար է, դրա համար էլ ի տարբերություն իմ նախորդ դերերի, ոչ թե րոպեներ, այլ ռեժիսորի հետ ժամեր եմ անցկացրել այն ստեղծելու համար։ Այդ ընթացքում շատ մեծ վախեր հաղթահարեցի»,- խոստովանել է դերասանը։
Նշում է, որ մինչեւ նկարահանվելն էլ շախմատ սիրել է, փոքր տարիքում անգամ երեխաների միջեւ անցկացված առաջնության է մասնակցել ու մրցանակային տեղ զբաղեցրել։ Ղափլանյանի համար «Շախմատիստն» առաջին հերթին ընկերության, մարդկանց փոխհարաբերությունների եւ ինչ-որ առումով կախվածության մասին է։
Միկա Ղափլանյանը
«Արդեն էկրանին ֆիլմը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ այն տարբերվող է ու մեր սերիալներին հատուկ ձեւով չէ նկարահանված։ Հիանալի են ռեժիոսրական եւ օպերատորական աշխատանքները։ Իմ խաղից բոլոր մասերում չէ, որ գոհ եմ, որոշ դրվագներում բավարարված եմ: 10-ից 9-ը կգնահատեմ իմ մասնակցությունը»,-ավելացրել է նա։
Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ պատահական չեն սերիալի նկարչական լուծումների համար անգույն ու մռայլ երանգներն ընտրել, քանի որ դրանք տրամադրություն են փոխանցում՝ կերպարների կյանքում ուրախանալու եւ ոգեշնչվելու ոչինչ չկա։
«Ավելի շատ ցույց ենք տալիս, թե ինչ չարժե անել, քան պետք է անել։ Օգտագործվող դեղահաբով արտահայտել ենք մեր երկրում ու քաղաքում առկա խնդիրն ու այդկերպ հակաքարոզ իրականացրել երիտասարդների համար։ Որպես ռեժիսոր՝ ֆիլմի վերջաբանում իմ լեզվով ցույց եմ տվել, որ դեղահաբեր ընդունելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- շեշտել է նա։
Գոշ Հակոբյանը
Ռեժիսոր չի համարում, որ կատարյալ արդյունք են ստացել ու հասել վերջնակետին, քանի որ միշտ էլ ավելին անելու հնարավորություն կա։ Աշխատանքը սկսելիս նպատակ է ունեցել որակային նոր նշաձող սահմանել ու նոր կինոշուկայի ստեղծմանը նպաստել. «Երբ որեւէ բան սիրում ես, դժվարությունների մասին, սովորաբար, չես էլ մտածում։ Ինձ համար ամենաբարդն այն էր, որ մեկ տեղում իսկական աստղաբույլ էր հավաքվել, ու սխալվելն անթույլատրելի էր։ Եթե գործ ունենայինք սկսնակների հետ, ինչ-որ առումով կարելի էր փորձարկումներ անել, բայց երբ տեսախցիկիդ առջեւ սիրված ու ճանաչված դերասաններ են, ամեն ինչ այլ է։ Բարդությունն իրենց պլաստիլինի հետ խաղալիս չսխալվելն էր»։
Անկեղծանում է՝ մաքսիմալիստ է ու միշտ բավարարված չի լինում վերջնարդյունքից, իսկ ամենահաջողվածն իր գործերից ամենավերջինն է համարում։ Ամեն անգամ նոր ֆիլմի նկարահանումները ստանձնելիս ավելի մեծ վախով է մոտենում։ Հաջորդը գեղարվեստական ֆիլմ է լինելու, սակայն մանրամասներ դեռ չհայտնեց, միայն ընդգծեց. «Երջանիկ մարդ եմ, քանի որ մասնագիտական առումով ինձ գտել եմ»։
«Շախմատիստ»-ի պրոդյուսեր Ռաֆայել Թադեւոսյանի խոսքով՝ Հայաստանում ժանրերի բազմազանության պահանջարկ կա, դրա համար էլ իրենք նախապատվությունը տվել են գիտաֆանտաստիկային. «Բարդ է եղել գաղափարից մինչեւ նկարահանումն իրականացնելը, քանի որ մեր երկրում պրոֆեսիոնալ արտադրանք ստանալու համար նախ պետք է թիմ ունենալ։ Բավական ժամանակ ենք ծախսել այն հավաքելու վրա, ապա երկար աշխատեցինք, որ լավ արտադրանք ստանանք։ Դատելով դիտումների քանակից՝ սերիալը ստացվել է: Դիտել են նույնիսկ նրանք, ովքեր նախկինում հայկական սերիալներ չեն նախընտրել»։
Ռաֆայել Թադեւոսյանը
Մեկնաբանություններում իրենց կարծիքները հայտնելիս, ոմանք սերիալի գաղափարը նմանեցրել են Բրեդլի Կուպերի մասնակցությամբ «Խավարի տիրույթում» ֆիլմին։ Պրոդյուսերը միայն դեղահաբի օգտագործման հարցում է նմանություն տեսնում, իսկ մնացած առումներով համարում, որ աշխատանքները լիովին տարբեր են։ Ապա Թադեւոսյանն առաջարկում է ցանկացած ֆիլմ նշել, ու զուգահեռներ կգտնի, առաջարկում եմ «Անորա»-ն։
«Նույն «Սիրունիկն» է, պարզապես այնտեղ հերոսուհու մղումները հասկանալի են, իսկ «Անորա»-ի դեպքում հետաքրքիրն այն է, որ չգիտես սկզբունքի՞, թե՞ գումարի հարցն է նրան առաջ մղում։ Բոլոր նոր գործերն էլ ստեղծվում են տարբեր ժանրերի ու ֆիլմերի միքսից։ Մեր հաջորդ աշխատանքը ֆուտբոլի մարզչի մասին է, ով մանկական գաղութի թիմի հետ է աշխատելու։ Բնականաբար, ֆուտբոլի եւ մանկական գաղութի մասին ֆիլմեր արդեն կան»,- հավելել է նա։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանակարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: