Կախարդական գիրք, որտեղ հայոց պատմությունն է իր փառավոր էջերով, հերոսներով եւ, ցավոք, նաեւ դավաճաններով: Բոլորը մեր պատմության եւ իրականության մասնիկն են, որոնց հարկավոր է ճանաչել ու այդ գիտելիքը փոխանցել սերնդեսերունդ։ Կրթադաստիարակչական գաղափարներով լեցուն, մարդկային արժեքների մասին «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը» ֆիլմի պրեմիերան երեկ էր՝ «ԿինոՄոսկվա»-ում։
Ֆիլմում դպրոցի գրադարանավար Վաչիկն ինչ-որ հրաշքով անհետանում է, ու նրա փոխարեն մեր աշխարհում է հայտնվում Դոն Կիխոտը։ Այդ ամենի միակ ականատեսը 12-ամյա Հայկն է, ով այժմ պետք է բացահայտի այդ տեղափոխության գաղտնիքը, հասկանա, թե ինչ առեղծվածային գիրք է հանձնել իրեն Վաչիկն անհետանալուց առաջ ու թե ինչու է դպրոցի նորանշանակ տնօրեն Կոգովյանն ամեն գնով փորձում գտնել Վաչիկին ու նրա առեղծվածային գիրքը։
Սցենարի հեղինակ Նարեկ Ավագյանի խոսքով՝ ֆիլմի առաջին մասի հաջողությունից ոգեւորված են որոշել նկարահանել նաեւ երկրորդը. «Առաջինի հիմքում էլ հերոսությունը, գրքասիրությունը եւ ընկերությունն էին, բայց այս անգամ որոշեցինք շեշտը դնել հենց ազգայինի վրա։ Զգացինք՝ ասելիք եւ բաց տեղ կա, հուսով ենք՝ գեղեցիկ ենք մատուցում, եւ մարդիկ կուզեն ընկալել։ Ֆիլմի հիմնական ասելիքն այն է, որ չպետք է հանձնվենք. հայն իր հույսը պետք է դնի իր վրա»։
Բեմադրող ռեժիսորը Հարություն Խալաֆյանն է, իսկ օպերատորը՝ Հովհաննես Պողոսյանը։ Դոն Կիխոտի դերում Մկրտիչ Արզումանյանն է, ներգրավված են նաեւ Վահագն Գալստյանը, Սամսոն Ստեփանյանը, Անահիտ Մանուկյանը, Նիկոլ Ղուկասյանը, Արա Սարգսյանը եւ այլք։
Մկրտիչ Արզումանյանը նշեց, որ անհամբերությամբ է սպասել ֆիլմի երկրորդ մասին, դե, իսկ կերպարը շատ է սիրում. «Դոն Կիխոտն ինձ համար միշտ հետաքրքիր է եղել՝ որպես խոր, դրամատիկ կերպար, բայց այս նախագծում փոքր-ինչ այլ մոտեցում ենք ցուցաբերել, եւ շատ ճկուն կերպար է ստացվել։ Մեծ սպասումներ ունեմ, որ հանդիսատեսը կսիրի, ու երկար կյանք կունենա ֆիլմը։ Շատ կարեւոր ուղերձներ կան, կարեւորը՝ գրքի հանդեպ սեր է արթնացնում: Կարծում եմ՝ շարունակություն էլ կունենա»։
Ֆիլմում Հայկն իր ընկերների հետ փորձում է տեղափոխվել այլ ժամանակաշրջան, խոսել հայ հերոսների հետ ու գտնել լուծումներ ներկայիս դժվար իրավիճակում, բայց պատասխանը հերոսներից լինում է այսպիսին․ «Անցյալից միակ օգնությունը դասեր քաղելն է, իսկ ամեն ժամանակ իր հերոսներն ունի»։ Հայոց պատմությունն ուսումնասիրելով, ընկերության եւ միասնականության շնորհիվ էլ երեխաները կարողանում են շտկել իրավիճակը։
Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: