×


Կյանքը՝ բրազիլական ձեւով. Վահագն Գրիգորյանի լուսանկարները Ռիոյից

Լուսանկարիչ Վահագն Գրիգորյանը հունվարին այցելել է Բրազիլիա ու իր մեկշաբաթյա այցի ընթացքում հետաքրքիր կադրեր որսացել: Լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին ու պատմել ձեռք բերած փորձի մասին:

Դեպի Հարավային Ամերիկա իր ուղեւորության ընթացքում Գրիգորյանը եղել է Բրազիլիայում եւ Արգենտինայում: Ռիո դե Ժանեյրոյում փորձել է հնարավորինս ծանոթանալ տեսարժան վայրերին ու տեղացիների ապրելակերպին:


«Ասում են՝ ֆավելաներում վտանգավոր է, բայց շատերն են ուզում այդ թաղամասերը ներսից տեսնել: Ես էլ բացառություն չեմ ու ֆավելայի ներսում արշավի մասնակցեցի: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր տեղացիների ապրելակերպը, բնությունն ու ծովափը լուսանկարելը: Տպավորված եմ, թե որքան բարի ու կարեկցող էին մարդիկ, կամ գուցե ինձ են այդպիսինները հանդիպել: Նաեւ տպավորված եմ տուրիզմից առավելագույնս օգուտ քաղելու պետական մոտեցումից: Օվկիանոսի ափն ու զբոսաշրջային այլ վայրերը միշտ մաքուր էին, իսկ քաղաքային տրանսպորտը լավ էր աշխատում: Նաեւ զարմացած եմ ռեստորանների ցածր գներից»,- պատմել է նա:

Գրիգորյանին ուրախացրել է, որ մարդիկ սիրում էին լուսանկարվել, եւ այդպես էլ չի հանդիպել մեկին, ով ֆոտոխցիկի դիմաց կաշկանդվել է: Նույնիսկ շատ դեպքերում իրենք են ցանկացել հայտնվել նրա օբյեկտիվում: Տեղացիների մեծ մասն անգլերեն չի խոսում, ու հաղորդակցվելը բարդ էր, բայց տեխնոլոգիաների շնորհիվ կարողացել են «լեզու գտնել»: Երբեմն էլ բրազիլացիներից ժեստերով է լուսանկարելու թույլտվություն հարցրել:


«Ռիոն ինձ զարմացրեց գիշերային ակտիվ կյանքով. գրեթե մինչեւ առավոտ բոլոր բարերն ու ակումբները բաց էին եւ լեփ-լեցուն: Թե՛ տեղացիները, թե՛ զբոսաշրջիկները վայելում էին կյանքը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ բացասական երեւույթ էլ կար՝ ամենուր էին թմրանյութեր վաճառողները»,- պատմել է նա:

Նկատել է, որ Ռիո դե Ժանեյրոյում տեղացիները շատ անհոգ ու ազատ են, ինչը չես կարող ասել այլ քաղաքում ապրողների մասին: Դա նրանից է, որ զբոսաշրջային մեծ կենտրոն համարվող Ռիոն իրեն թույլ է տալիս որոշ բաներ, ինչն այլ քաղաքներում գտնել հնարավոր չէ: Այդպիսի մեկնաբանություն է նրան տվել Սան Պաուլու քաղաքի բնակիչներից մեկը:


«Հանգստյան օրերին տեղացիները չէին աշխատում, շատ խանութներ ու սուպերմարկետներ փակ էին: Ամենուր գարեջուր խմողների տեսա, որոնք ուրախ, զվարթ ման էին գալիս: Ինձ ավելի նյարդային ու կաշկանդված էր դարձնում այն հանգամանքը, որ ամեն րոպե կարող էին գողանալ իրերս, բայց փառք Աստծո, այդպիսի փորձառություն չունեցա»,- նշել է լուսանկարիչը:

Վահագն Գրիգորյանին շատ է տպավորել Իգուասու ջրվեժը, որը, նրա խոսքով, նույնքան գեղեցիկ է եղել թե՛ բրազիլական, թե՛ արգենտինական հատվածում:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Վահագն Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW