×


Լուսանկարը՝ Համլետ Առաքելյանի

««Անհայտ բաժանորդ»-ում խաղում էի այն, ինչ իմ կյանքում կատարվում էր այդ ժամանակ»․ Անի Խաչիկյան

Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին եւ պատմել «Կյանք ու կռիվ» ֆիլմի ազդեցության, իր եւ Սոս Ջանիբեկյանի սիրավեպի մասին լուրերի, սարերում անցկացրած հղիության շրջանի եւ այն մասին, թե ինչ որակներ պիտի ունենա այն տղամարդը, որի հետ հարաբերություններ կսկսի:

««Ոսկե ծիրանն» է ինձ դարձրել այն, ինչ կամ»

2011-2014 թվականներին ես իմ ամառների երկու շաբաթն անցկացնում էի «Ոսկե ծիրան»-ում։ Սկզբում կամավորում էի, հետո փոքրիկ աշխատավարձ էլ ունեցա, որովհետեւ լուսանկարում էի ասուլիսները։ Երբ մտածում եմ, թե որն է այն վայրը, որտեղ ես թրծվել եմ, մտքիս գալիս է «Մոսկվա» կինոթատրոնը եւ այս տարածքն ընդհանուր առմամբ, որտեղ անցկացվել են «Ոսկե ծիրան»-ի միջոցառումներն ու ցուցադրությունները։ Այստեղ ես ծանոթացել եմ հեղինակային կինոյին։ Գալիս ու հայտնվում ես մի իրականության մեջ, որը հեքիաթի է նմանվում, որտեղ քեզ շատ մոտ տեսնում ես մեծ կինոգործիչների ու անվանի արտիստների։ Հիմա եմ հասկանում, որ «Ոսկե ծիրանն» է ինձ դարձրել այն, ինչ կամ։

««Կյանք ու կռիվը» բեկումնային էր»

«Կյանք ու կռիվը», թերեւս, այն աշխատանքն է, որն առանձնացնում եմ միանշանակ։ Այն բեկումնային էր, որովհետեւ եթե մինչ այդ նկարահանվելով պարզապես գումար էի աշխատում, ապա «Կյանք ու կռվից» հետո նորովի բացահայտեցի ու սիրեցի կինոն, հասկացա՝ «Ուաո՜ւ, ես կարողանում եմ, ու սա անհավանական սիրուն աշխարհ է, ես ուզում եմ շարունակել ավելի ու ավելի»։ Հիացած աչքերով գնում էի նկարահանման հրապարակ, ամեն վայրկյան հաճույք էի ապրում։

«Հետազոտեցին ու ասացին՝ «Անցար ծնարան»»

Իմ հղիության ամբողջ շրջանն անցել է Խուստուփին ապրելով ու տարբեր սարերի ճանապարհներին։ Բայց ես չեմ փոշմանում։ Ճիշտ է՝ երկրորդ անգամ նույնը չեմ կրկնի (ժպտում է,- հեղ․)․ շատ դժվար էր։ Բայց երբ հիշում եմ, թե այդ պահին ինչ ֆանտաստիկ էր իրողությունը․․․ Այդ գիշեր, երբ հասկացա՝ ծննդաբերական ցավերը սկսվում են, պատրաստվում էի Կապանից մինչեւ Երեւան հասնել։ Հղիության 8-րդ ամսում էի, այլ կերպ էի պլանավորել ծննդաբերությունը։ Պայմանավորվածություն ունեինք բժշկի հետ, պետք է գայի Երեւան, ամեն ինչ առնեի, պատրաստվեի ու սպասեի։ Բայց երեխան գիշերն ասաց՝ «Ես ավելի շուտ եմ ուզում ծնվել, ճիշտն ասած»։ Ես ու Տեսլայի պապան այդպես ճանապարհ ընկանք սարերի միջով, ոչ սովորական ու խորդուբորդ ճանապարհներով։

Հենց հասանք Կապան, բուժկենտրոն գտանք, որ հասկանանք՝ ամեն ինչ նորմալ է, թե չէ։ Գիշերվա ժամը 3-ն էր մոտավոր, այդ բուժկենտրոնում լույսերն անջատված էին, միայն մի թրթռացող լույս կար միջանցքում, մարդ չկար նույնիսկ։ Զանգեցինք, ինչ-որ մեկը քնաթաթախ եկավ, բացատրեցինք իրավիճակն, ու խնդրեցի ստուգել ինձ։ Հերթապահ բժիշկը մոտեցավ, ստուգումն արեցին ու ասացին՝ «Անցար ծնարան» (ժպտում է,- հեղ․)։

«Անհայտ բաժանորդ»-ից հետո իմ եւ Սոսի մասին խոսակցությունները մնացին

Խոստովանեմ՝ ոչ մեկը չէր կարող այդ դերն ավելի լավ խաղալ, քան՝ ես, որովհետեւ խաղում էի այն, ինչ իմ կյանքում կատարվում էր այդ ժամանակ: Մի քիչ ավելի բուռն եւ խորքային իրադարձություններ էին իմ կյանքում, իհարկե, բայց նույն կարգի ցավոտ: Դրանից որոշ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները:

Ֆիլմն ավարտվեց, բայց ասեկոսեներ մնացին իմ եւ Սոսի մասին, որովհետեւ այդ ժամանակ նույն անցումային շրջանն էր թե՛ իմ, թե՛ Սոսի կյանքում։ Անցավ որոշ ժամանակ, մի օր ես ու Սոսը պատահաբար հանդիպեցինք մեկ ուրիշ ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ողջունեցինք իրար, ու հենց այդ պահին մեզ խնդրեցին նկարվել միասին։ Հաջորդ օրն արթնացանք մի նոր սիրային պատմությամբ, թե իբր իրականում այդ ֆիլմից հետո մեր միջեւ սիրավեպ է սկսվել, ինչի պատճառով էլ մենք՝ երկուսս, բաժանվեցինք (ծիծաղում է,- հեղ․)։

«Մտածում էի՝ ինչ անեմ, որ ինձ չտեսնեն, շուտ փախչեմ, գնամ»

Թատրոնն իմ կյանք ավելի ուշ եկավ, քան՝ կինոն։ Շատ ավելի վախենալու էր սկզբում. ինձ շատ փոքր ու շատ կորցրած էի զգում բեմի վրա։ Մտածում էի՝ ինչ անեմ, որ ինձ չտեսնեն, շուտ անեմ ինչ պետք է, խոսեմ, գնամ, փախչեմ։ Մարդկանցից էի վախենում, բեմի չափերից էի վախենում, հետո էլ՝ բեմական փորձ չունենալը թողնում է իր ազդեցությունը։ Սկիզբն այդպիսին էր, բայց հիմա իրենց միջեւ չեմ ընտրի՝ կինո՞ն, թե՞ թատրոնը, եւ նախապատվություն չեմ տա մեկին կամ մյուսին։ Որովհետեւ շատ եմ սիրում երկուսն էլ։

Ինչպիսին պետք է լինի Անի Խաչիկյանի տղամարդը

Պետք է կարողանա սիրել։ Գիտես, առհասարակ, այնպես չէ, որ սիրելը բոլոր մարդկանց մոտ է ստացվում, տղամարդկանց դեպքում էլ մասնավորապես բարդ է։ Բայց պետք է կարողանալ սիրել։ Ինձ թվում է՝ այդ մի դրվագը շատ կարեւոր է ու ամեն ինչ կարող է տեղը գցել։

Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW