«Եթե մենք ցանկություն ունենայինք, խնդիր չէր լինի, կվերականգնեինք հարաբերությունները»,- Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման շրջանակում խոսելով իր եւ դերասան Խորեն Լեւոնյանի բաժանման մասին՝ ասել է դերասանուհի, «Laki Dessert Art Studio»-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը։ Մի քանի դրվագ ենք առանձնացրել զրույցից:
«Ինձ համար եմ ապրելու»
Երբեք ինքս ինձ համար չեմ ապրել. միշտ իմ սիրելիների, հարազատների համար եմ ապրել: Ցանկացել եմ, որ իրենց կյանքում ամեն ինչ կատարյալ լինի: Վազել եմ, հասել եմ, ամեն ինչ արել եմ: Ես երբեք իմ եսը շատ բարձր չեմ պահել։ 50 տարեկան եմ դարձել ու հասկանում եմ, որ արդեն պիտի ինձ համար ապրեմ։ Կփոխեմ իմ կյանքի ռեժիմը, չեմ ապրի էլ ոչ մեկի համար: Ապրելու եմ ինձ համար, վերջ (ժպտում է,- հեղ․)։ Տարիքի հետ է գալիս այդ իմաստությունը, որ «մի րոպե, բա ե՞ս»։ Եվ երբեք ուշ չէ։
«Բաժանվեցինք ամուսնությունից երկու տարի անց»
Արամը շատ փոքր էր, նոր էր ծնվել՝ 40 օրական էր, երբ մենք սկսեցինք առանձին ապրել։ Պարզապես այդպես պետք էր: Հենց Արամի համար էր պետք, որ երեխան մեծանա ավելի առողջ մթնոլորտում։ Մենք հա՛մ երջանիկ էինք, հա՛մ երջանիկ չէինք։
Միասին հաղթահարեցինք բաժանումը։ Մեր ամուսնության տարիներն ավելի կարճ էին, քան բաժանման տարիները։ Որոշեցինք եւ ամեն մեկս գնացինք մեր ծնողների տուն, բայց միասին էինք դեռ երկար ժամանակ։ Այսինքն՝ ես երեխային վերցնում էի, գնում էի իրենց տուն, ես եւ Խորենը միասին ինչ-որ տեղեր էինք գնում, բայց մենք ապրում էինք առանձին։ Պարզապես չուզեցինք մեկս մյուսին ցավ պատճառել, եւ մեր բաժանումը տարանք նրան, որ կամաց-կամաց մաշվի ու մարվի։ Դա բավական երկար տեւեց․ մենք բաժանվեցինք ամուսնությունից երկու տարի անց, դրանից հետո մոտ 6-7 տարի այդ մարման ընթացքն էր, եւ երկուսս էլ գիտակցում էինք, որ արդեն պիտի վերջանա։ Եթե մենք չենք ուզում միանալ, ապա իմաստը ո՞րն է այսպես շարունակելու։
Շփումը կամաց-կամաց մաշվեց, բայց մտերմությունը կա մինչ օրս: Մենք միասին մեծացնում ենք մեր Արամին, հարգանքը միմյանց հանդեպ միշտ եղել է: Նա շատ օգնում է ի՛նձ էլ, Արամի՛ն էլ. մեր տղան չի զգում պապայի բացակայությունը։
Ինչպես որդին ընդունեց հայրիկի նոր ամուսնության լուրը
Կամաց-կամաց փորձում էի Արամին բացատրել, հասկացնել, որ պապան մենակ չի կարող մնալ. կին է պետք։ Մի պահ եղավ այդ սթրեսը, երբ երեխային, երեւի, թվաց՝ պապային կորցնում է, բայց կարողացա ճիշտ մոտեցում գտնել, բացատրել, որ իր համար ցավոտ չլինի գիտակցումը՝ մենք էլ երբեք չենք միանալու։ Իհարկե, մայրս էլ օգնեց այդ հարցում, եւ Արամը դա շատ նորմալ ընդունեց։
Միայնության մե՞ջ է գտել երջանկությունը
Գուցե եւ այո։ Եթե ինձ հնարավորություն տրվի նորից ամուսնանալ, կհրաժարվեմ։ Պատճառն, իհարկե, Արամը չէ․ ես նրան այնքան լավ եմ բացատրել ամեն ինչ, որ նման խնդիր չի կարող լինել։ Պարզապես իմ պատկերացրած մարդը գոյություն չունի, այդքան բան, եւ ես դրա հետ հաշտ եմ։
Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ տեսել եմ սեր, միմյանց հանդեպ շատ լավ վերաբերմունք՝ թե ինչպես են իրար խնայել, իրար համար ապրել․․․ Իմ իդեալն իմ պապան է, եւ նրա նման տղամարդ այլեւս գոյություն չունի։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: