×


«Ոսկե դուբլ»-ի պրեմիերան Երեւանում, կամ «Մենք հին տղաներ ենք ու նման բաները կարեւորում ենք»

«Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային մեծ մտավախություններով ու անհանգստությամբ էի գնում: Մտովի բազում անգամներ էի պատկերացրել Կիեւի «Դինամո»-ի հետ Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական ստադիոնում ԽՍՀՄ Գավաթի եզրափակչում «Արարատ»-ի պատմական հաղթանակն ու լսել 60 հազար երկրպագուների ձայնը: 

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստներից ու ականատեսներից այնքան էի լսել խաղի մասին, որ ասես ինքս էի ներկա եղել այդ դիմակայությանն ու տեսել, թե ինչպես է խաղավարտից 1 րոպե առաջ Լեւոն Իշտոյանը հավասարեցնում հաշիվը, իսկ 103-րդ րոպեին խփում հաղթական գոլը: Համոզված էի, որ վաղ թե ուշ մեր մեծագույն թիմի մասին ֆիլմ կնկարեն, սակայն ցանկանում էի, որ այն լավագույնը լինի՝ ինչպիսին «Արարատ»-ն էր:


Մհեր Մկտչյանի «Ոսկե դուբլ»-ը, ցավոք, գլուխգործոց չի ստացվել: Ֆիլմն ավելի շատ փորձում է բացահայտել Նիկիտա Սիմոնյանի մարդկային կողմերն ու որպես մարզիչ անկոտրում ոգին, բայց երկրորդ պլան են մղվել ակումբի ֆուտբոլիստներն ու 1973-ի հաղթանակներում նրանց ունեցած մեծ ներդրումը: Ստեղծագործական թիմն ավելի շատ շեշտը դրել է հին ու բարի ժամանակների, մարդկանց պարզ ու ջերմ փոխհարաբերությունների վրա՝ թե ինչպես է հարեւանների ջերմությունից հալվում երկար տարիներ Մոսկվայում ապրած եւ 22 տարի «Սպարտակ»-ում աշխատած Սիմոնյանի սիրտը: Բայց միայն դա քիչ է՝ ցույց տալու այն իսկական մեծությունը, ինչպիսին Նիկիտա Սիմոնյանն էր: Միայն կարգապահության եւ խստության հաշվին էր, որ կարողացավ «Արարատ»-ն իր բուռը հավաքել ու իսկական թիմ դարձնել:


«Ամենաբարդը դերասանների ու պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների թիմ ստեղծելն էր՝ իր էներգետիկայով, կանոններով ու տրամադրությամբ։ Շատ տաղանդավոր ու շնորհքով դերասաններ կային, որ ֆուտբոլ խաղալ չգիտեին: Նրանք 2-3 ամիս շաբաթը մի քանի անգամ պարապել են՝ տիրապետելու համար այն նվազագույնին, որը պետք էր նկարահանումների համար: Ցանկացել ենք փոխանցել այն էներգետիկան, մաքրությունն ու հավատը, որ տղաներն ունեին: Ասում եմ՝ տղաներ, բայց նրանք վաղուց արդեն հասուն մարդիկ են: Իսկ երբ հավատում ես, հնարավոր է հաղթել. դա շատ կարեւոր է»,- նշել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: 


«Ոսկե դուբլ»-ի պրոդյուսեր, սցենարի համահեղինակ Վալերի Սահարյանը ցավով է նշել, որ Նիկիտա Սիմոնյանը ֆիլմի պրեմիերայից 2 ամիս առաջ մահացել է ու չի հասցրել ֆիլմն ամբողջությամբ դիտել, թեեւ որոշ հատվածներ տեսել է: «Երբ «Արարատ»-ի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարն առաջացավ, առաջինը հենց Նիկիտա Սիմոնյանի հետ եմ խոսել ու խորհրդակցել: Երկար տարիներ աշխատել ենք սցենարի վրա ու այդ ամբողջ ընթացքում նրա հետ կապ պահել: Նա ամենաուղիղ մասնակցությունն է ունեցել ֆիլմի ստեղծման գործում»,- պատմել է Սահարյանը: 

Նրա խոսքով՝ ֆիլմն արդեն ցուցադրվում է Ռուսաստանի 1846 կինոթատրոնում՝ Կամչատկայից մինչեւ Կալինինգրադ, ու նախկին ԽՍՀՄ-ի երկրներում. «Կարող է չափազանցված հնչել, բայց իսկապես երեկ ֆիլմը դիտել եմ 755-րդ անգամ, ու միեւնույն է՝ փշաքաղվել եմ, հուզվել եւ ցանկացել արտասվել։ Բայց իրավունք չունեմ ֆիլմին գնահատական տալ: Թող դա հանդիսատեսն անի։ Կարծում եմ՝ այս ֆիլմը մեր ազգի համար թթվածնի պես կարեւոր է»։ 


Պրոդյուսերի ոչ բոլոր տեսակետներն է կիսում «Արարատ-73»-ի լեգենդար խաղացող Սերգեյ Բոնդարենկոն: «Մենք ֆիլմում համարյա չկանք: Խաղ են ցույց տալիս, որում զիջում ենք Լվովի «Կարպատներ»-ին: Մրցաշրջանի ընթացքում 18 հաղթանակ ենք տարել, դրանց մասին պիտի պատմեին: Այսպիսի մի հատված կա. «Բոնդարենկոյին ասեք՝ գնդակները շուտ փոխանցի», բայց ամենամաքուր փոխանցողը ես էի։ Մեզ «Լեգենդար «Արարատ»» են անվանում, հենց այդ հպարտանալու պահերը պետք է ցույց տային: Գիտեմ, որ փաստագրական ֆիլմ չէ, բայց միեւնույն է՝ ցավալի է, որ մեր երկրորդ մարզիչ Հովհաննես Աբրահամյանը ֆիլմում ընդհանրապես չկա։ Մենք հին տղաներ ենք ու նման բաները կարեւորում ենք: Մեր կողքին շատ մարդիկ կային, եւ նրանք իսկական թիմ էին ու մեզ օգնեցին այդ հրաշքը կյանքի կոչել»,- ասել է կիսապաշտպանը:


«Արարատ-73»-ի անկրկնելի ավագի՝ Հովհաննես Զանազանյանի դերում Լեւս Դավթյանն է: Անկեղծության համար պետք է նշել, որ նրա խաղն այդքան էլ համոզիչ  չէ. չի փոխանցում ավագի ոգու կեսն անգամ: 

Դերասանը խոստովանել է, որ Զանազանյանին մարմնավորելը շատ բարդ ու պատասխանատու է եղել, եւ նկարահանումն իրեն դժվար է տրվել. «Մենք ֆուտբոլիստ չենք՝ դերասան ենք: Երկար պարապմունքներից ու քրտնաջան աշխատանքից հետո ենք սովորել ֆուտբոլ խաղալ: Ցավոք, Զանազանյանը մեզ հետ չէ, բայց նրա մասին հարցուփորձ եմ արել իր խաղընկերներից եւ ընկերներից։ Նա ինձ շատ հոգեհարազատ է, որովհետեւ Երեւանի տղա էր, ուժեղ, մաքրամաքուր մարդ եւ բոլորի կողմից հարգված: Իսկական հայ տղամարդ էր, թիմի ավագ ու առաջնորդ:  Կերպարը ստեղծելիս փորձել եմ չկրկնօրինակել նրան, այլ իր հատկանիշներն իմ մեկնաբանությամբ ներկայացնել»:


Անահիտ Կիրակոսյանը Նիկիտա Սիմոնյանի հարեւանի՝ Անուշի կերպարում է. «Դերս այս մեծ ֆիլմում շատ փոքր է: Իմ փոքր դերակատարմամբ փորձել եմ ցույց տալ հայկական իրական կոլորիտը եւ հայ կնոջ կերպարը, ինչպես նաեւ բարություն ու սեր տարածել: Ինձ համար մեծագույն պատիվ է մասնակցել պրեմիերային ու ներկա լինել այս տոնին»: 

Ֆիլմում սեր իսկապես շատ կա. «Արարատ»-ին այլ կերպ ընդունել ու մեծարել հնարավոր էլ չէ: Սիրով են իրենց աշխատանքին մոտեցել դերասաններն ու ստեղծագործական կազմը, փորձել ցույց տալ հայերի ոգին ու Նիկիտա Սիմոնյանի մեծությունը: 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW