«Երկու ամուսնություններիս համար էլ իսկապես չեմ ափսոսում: Շատ շնորհակալ եմ նրանց, որ ինձ երկու հրաշալի զավակ են նվիրել։ Ուզում եմ, որ առողջ ու հաջողակ լինեն երկուսն էլ, բայց այդ պատմություններն ավարտվել են: Դրանք շարունակական են միայն մեր զավակների մեջ»,- Հերմինե Ստեփանյանի «HerMine Dialog» հաղորդման շրջանակում խոսելով սիրված լինելու, կարոտի, միայնության, անձնական կյանքում գեղեցիկ ու բարդ փորձառությունների մասին՝ պատմել է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Նկարիչը
Վերջին երեք տարին նկարելու առումով շշմելու շրջան է: Մեկ ամիս անցկացնում եմ Շորժայում, որտեղ ամբողջ ընթացքում նկարում եմ, լսում լավ երաժշտություն, համեղ պատրաստում եմ: Մայրամուտներն ու այգաբացներն եմ վայելում: Ձկնորսներին եմ դիմավորում, երբ իրենց նավակով մեզ ձուկ են բերում:
Երկու տարեկան էի, երբ հայրս նվիրեց Բոտիչելլիի գիրքը: Դա իմ առաջին գիրքն էր: Հավանաբար, հետքը շատ մեծ է, որովհետեւ միշտ հրեշտակներ եմ նկարում: Նրանց գտնում եմ Շորժայի երկնքում. սահող ամպերը ձեւավորում են այդ պատկերը: Ճայեր եմ շատ նկարում:
Սա իմ անձնական երջանկությունն է: Այնքան սեր կա դրանում: Առաջնայինն, իհարկե, զավակներիս, մայրիկիս, հարազատներիս առողջ լինելն է:
Ընկերը
«Քո բոլոր ընկերները գժվում են քեզ համար»,- նկատում է Հերմինե Ստեփանյանը: Պետրոսյանն էլ ավելացնում է. «Եվ դա փոխադարձ է: Ընկերության մեջ կարեւոր բան կա՝ վստահելը: Իրենք գիտեն, որ ես լավ ընկեր եմ եւ ինձ կարող են վստահել: Դավաճանություններ շատ են եղել, բայց ոսկե շերտը մնացել է: Ես հարուստ եմ իրենցով:
Սկզբունքները
Պատեհապաշտությունը սարսափելի բան է: Թույլ մարդուն է բնորոշ սկզբունքներին դավաճանել պատեհապաշտ լինելու պատճառով: Չի կարելի երկիրը սիրել միայն այն ժամանակ, երբ քեզ համար լավ է, երբ նորմալ աշխատավարձ ես ստանում: Բայց պատրաստ ես դավաճանել, հեռանալ կամ միանալ այլախոհներին, որոնց գերագույն արժեքը քո հայրենիքը չէ, այդպես չի լինում: Մի քիչ չեն սիրում հայրենիքը, ինչպես մամային մի քիչ չեն սիրում:
Երբ համատեղ կյանքը փոխզիջում է
Առաջին ամուսինս սիրում էր ռոք: Նրա շնորհիվ ծանոթացա ժամանակակից ռոք երաժշտությանը, թեեւ մինչ այդ էլ լսում էի հին, հայտնի ռոք խմբերին։ Դա փոխզիջում էր այն ժամանակ, որովհետեւ ես միայն ջազ եւ սոուլ էի լսում։ Հետո հասկացա, որ եթե ուզում ես լիարժեք տիրապետել քո արվեստին, պիտի առհասարակ իմանաս ոլորտը՝ բոլոր ոճերով ու ժանրերով։ Երբ ասում են՝ «Ես ջազմեն եմ, ռոք չեմ սիրում», լուրջ չեմ վերաբերվում։ Իհարկե, կան ոճեր, որոնք չեմ կարողանում երգել, որովհետեւ իմը չէ, բայց պիտի լսեմ, ճանաչեմ։
Երկրորդ ամուսինս չէր սիրում, որ ես ծխում էի: Միշտ սպորտային կյանքով է ապրել։ Ես փորձում էի իր ներկայությամբ չծխել, ինչը նորմալ է։
Բաժանումների եւ ընկերության մասին
Առաջին ամուսնուս հետ ուսանողական տարիներից շատ լավ ընկերներ ենք։ Ես պարզապես չհամաձայնեցի նրա հետ մեկնել հայրենիքից, եւ դա եղավ բաժանման պատճառը: Տղայիս հետ մնացի այստեղ։
Հետո հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որն ինձ ուղղակի «հետապնդում էր»։ Ամեն Աստծո օր ես ունեի երկուսից երեք նամակ՝ գեղեցիկ հայերենով, լավ պոեզիայով։ Նա հետեւողականորեն ամեն ինչ արեց, որ մենք ամուսնանանք։ Սիրված լինելը գժվելու բան է եւ մեկ-մեկ գայթակղիչ, իսկ նա ինձ շատ սիրուն պահեր է նվիրել։ Մենք տասը տարի ապրել ենք միասին: Նա տասը տարի ինձ անվերջ տոներ է նվիրել։
Առաջին սիրահարվածությունը
Դպրոցում էր, հիշում եմ։ Լուրջ սիրահարվածություն էր (ժպտում է,- հեղ․)։ Այդ տղան 10-րդ դասարանում էր, ես՝ 7-րդ կամ 8-րդ։ Նա չգիտեր, որ սիրահարված եմ իրեն, բայց ես այնքան էի սիրահարված, որ երբ գալիս էր դպրոց, իմ օրը գունավորվում էր։ Այդքան բան: Շատ հեքիաթային էր սերը։
Որ ասում են՝ առաջին սերն ուրիշ է, պիտի ասեմ՝ առհասարակ յուրաքանչյուր սեր ուրիշ է: Յուրաքանչյուր սեր առաջին սեր է։
Ամենագրավիչը տղամարդու մեջ
Ամենակարեւորն ու գրավիչն ինձ համար խելքն է։ Կարծում եմ՝ խելացի եւ հումորով տղամարդն ամենագայթակղիչը կարող է լինել։ Եվ, իհարկե, առատաձեռն տղամարդը, որովհետեւ ժլատ տղամարդիկ զզվանք են առաջացնում։
Վերջին շրջանում ունեցած զգացողությունների եւ անսերության մասին
Մարդը սիրահարվում է, երբ շատ հանգիստ է լինում, խաղաղ է լինում։ Ես հանգիստ ու խաղաղ չեմ, այնպես որ... Շատ լավ բան է սիրահարված լինելը, սիրուն բան է եւ շատ կարեւոր։
Իմ սիրային պատմությունները հիմա իմ համերգներն են։ Իմ անսերությունը լցվում է նկարչությամբ, որը դարձյալ սեր է։ Իմ անսերությունը լցվում է՝ բոլոր ընկերներիս սիրելով։
Չեմ կարողանում, բայց շատ եմ ուզում սիրահարվել։ Նայիր, չեմ ասում՝ տղամարդ եմ ուզում, ասում եմ՝ ուզում եմ սիրահարվել, բայց չի ստացվում, ու դա ինձ նման չէ։
Այսօր տղամարդու կերպարն այնքան խեղված է մեր օրերը լցնող թեմաների պատճառով։ Իմ շրջապատի տղամարդիկ ինձ համար մարտական ընկերներ են՝ գաղափարակիրները, Արցախը սիրող տղերքն են, որոնք որ չեն լռում այդ մասին: Բայց իրենց այլ կերպ չեմ կարող ընկալել:
Սիրո կարիքը շատ կա, որովհետեւ դա նոր հույսեր է լցնում քո մեջ, այտերդ են շառագունում, կյանքդ է փոխվում, օրվա բույրն է փոխվում, ամեն ինչն է փոխվում։ Ես այդ ամեն ինչը գիտեմ եւ կարոտել եմ։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝


×
376





