Արդեն բոլորը հասցրել են քննարկել 98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողներին: Հիմա էլ հերթը միջոցառման ժամանակ տեղի ունեցած ինտրիգային, անսպասելի ու զվարճալի երեւույթներինն է:
Հատկապես ուշադրության կենտրոնում են հայտնվել Պեդրո Պասկալը եւ Լեոնարդո ԴիԿապրիոն: Պասկալը սափրել էր դեմքը, իսկ ահա ԴիԿապրիոյին յուրահատուկ հմայք էին փոխանցում բեղերը: Սոցիալական ցանցերում կատակում են, որ նրանք փոխանակվել են կերպարներով: Որոշ օգտատերեր էլ խոստովանել են, որ տարիներ անց առաջին անգամ Լեոնարդոն նորից գրավիչ տեսք ունի:
Արարողության ընթացքում հաղորդավար Քոնան Օ'Բրայենը ԴիԿապրիոյին «մեմերի արքա» է անվանել, ապա առաջարկել է նորը ստանալ: Այնուհետեւ տեսախցիկը խոշոր պլանով ֆիքսել է դերասանի շփոթված դեմքը: Կադրն արդեն միլիոնավոր դիտումներ է գրանցել, բայց ոչ բոլորն են գնահատել հաղորդավարի կատակը:
Եվ ԴիԿապրիոյի հետ կապված եւս մեկ հետաքրքիր հանգամանք: «Պայքար պայքարից հետո»-ն դերասանի մասնակցությամբ 12-րդ աշխատանքն է, որն «Օսկար»-ի է առաջադրվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: ԴիԿապրիոն միայն մեկ արձանիկ ունի՝ «Փրկվածը» ֆիլմի համար:
Օ'Բրայենն անդրադարձել է Թիմոթի Շալամեի շուրջ ծագած սկանդալին: Նա վերջերս օպերան ու բալետն արվեստի մեռնող ճյուղեր էր անվանել: Հաղորդավարը կատակել է. «Այսօր երեկոյան անվտանգությունը չափազանց խիստ է: Ինձ ասացին, որ օպերայի եւ բալետի համայնքների կողմից հարձակումների վերաբերյալ մտահոգություններ կան: Նրանք պարզապես զայրացած են, որ մոռացել ես հիշատակել ջազի մասին»:
Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը եւ Էնն Հեթեուեյը հայտարարել են «Զգեստների լավագույն դիզայն» անվանակարգում հաղթողին։ Նրանք իրենց խոսքում մի քանի հղում են կատարել «Սատանան կրում է Պրադա» ֆիլմին, որի գլխավոր հերոսուհի Միրանդա Փրիսթլիի նախատիպը հենց Վինտուրն է:
«Աննա, ինձ պարզապես հետաքրքիր է, թե ինչ կարծիքի ես իմ զգեստի մասին», - նյարդայնացած հարցրել է Հեթեուեյը՝ կրկնելով Էնդի Սաքսի ֆիլմում իր կերպարի խոսելաձեւը։ «Իսկ անվանակարգի թեկնածունե՞րը...», - պատասխանել է Վինտուրն ու դերասանուհուն «Էմիլի» անվանել: Հենց այդպես է ֆիլմում Փրիսթլին սխալ անունով դիմում Էնդիին:
Աննա Վինտուրը նաեւ բոլորին զարմացրել է՝ բեմում հայտնվելով առանց իր հայտնի արեւային ակնոցի, ապա միանգամից իրավիճակը շտկել է:
Արարողության ժամանակ անակնկալ հյուր է եղել՝ «Մանդալորցին» մուլտֆիլմի կերպարներից մեկը՝ Գրոգուն։ Նա տեղավորվել է Քեյթ Հադսոնի կողքին։ Սիգուրնի Ուիվերն ու Պեդրո Պասկալը բեմից ջերմությամբ են ողջունել Գրոգուին:
Դերասաններ Ռոբերտ Դաունի Կրտսերը եւ Քրիս Էվանսը, որոնք Marvel-ի կինոաշխարհում մարմնավորել են «Երկաթե մարդ»-ուն եւ «Կապիտան Ամերիկա»-ին, վերամիավորվել էին «Օսկար»-ի բեմում: Ելույթի ժամանակ Դաունի Կրտսերը փայլուն սթրինգ է ցուցադրել ու պնդել, որ այն Չենինգ Թաթումը հագել է «Սուպեր Մայք» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ֆիլմում դերասանը մերկապարողի դերում է: Հանդիսատեսի շարքերում նստած Թաթումը բացականչել է, որ այն դեռ իրեն պետք է գալու:
Այս տարվա «Լավագույն դերասանուհի» ճանաչված Ջեսսի Բաքլիի զգեստը ոգեշնչված էր օսկարակիր դերասանուհի Գրեյս Քելլիի կերպարից: Դերասանուհու պատվերով կարված զգեստը հարգանքի տուրք էր Գրեյս Քելլիին, որը նմանատիպ զգեստով ներկայացել է 1956 թվականի «Օսկար»-ին: Բաքլիի զգեստի հեղինակը Chanel նորաձեւության տունն է: Vanity Fair-ը Բաքլիի կերպարը նկարագրել է որպես «հին Հոլիվուդի այցեքարտ»։
Եվ էլ ի՞նչ օսկարյան միջոցառում առանց Քիմ Քարդաշյանի: Նա ներկա է եղել մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին ու բոլորին զարմացրել իր ընտրած անհաջող բարձրակրունկներով: Թեեւ ոսկեգույն զգեստն ընդգծել է Քարդաշյանի կազմվածքը, դիմահարդարումն ու կոշիկները բավական անհաջող են եղել ու նրան ծերացրել են, այդպես են համարում շատ օգտատերեր:


×
182





