×


«Անահիտից Անահիտ». անցյալի եւ ներկայի երկխոսությունը

Հայաստանի պատմության թանգարանում մայիսի 30-ին տեղի ունեցավ Անահիտ Առաքելյանի «Անահիտից Անահիտ» գրքի շնորհանդեսը։ Ստեղծագործության կենտրոնում երկու տարբեր ժամանակաշրջանների հերոսուհիներն են՝ Անահիտ աստվածուհին եւ 21-րդ դարի աղջիկը, որոնք մարմնավորում են հայ կնոջ անկոտրում, ուժեղ եւ քաջ տեսակը:

Գրքի ստեղծման ընթացքում կարեւոր դեր է ունեցել Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսը, որը հեղինակին հնարավորություն է տվել թեման շարունակել եւ զարգացնել ավելի գիտական հենքի վրա։


Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ թանգարանի առաքելությունը միայն մշակութային արժեքների պահպանումը չէ, այլեւ դրանց փոխանցումն ու նոր գաղափարների ծնունդը։ Նրա խոսքով՝ «Անահիտից Անահիտ» գիրքը հենց այդ երեւույթի լավագույն օրինակներից է, երբ ցուցահանդեսը վերածվում է ստեղծագործական ներշնչանքի, իսկ ներշնչանքը՝ գրքի։

Անահիտ Առաքելյանը ներկայացրեց գրքի կառուցվածքն ու գաղափարական հիմքը: Ստեղծագործությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը՝ «Նա, որն աստվածուհի չէր», պատմում է 21-րդ դարում ապրող երիտասարդ կնոջ մասին՝ անդրադառնալով նրա ապրումներին, հասարակական մարտահրավերներին, արժեհամակարգային խնդիրներին եւ ինքնության որոնումներին։ Այն ներառում է իրական կյանքից վերցված պատմություններ, որոնց հերոսները մեր կողքին ապրող մարդիկ են։


Գրքի երկրորդ մասը՝ «Անահիտը, որն աստվածուհի է», նվիրված է հայկական դիցաբանության կարեւորագույն կերպարներից մեկին՝ Անահիտ աստվածուհուն։ Անահիտ Առաքելյանի խոսքով՝ երկու տարի առաջ «Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի ընթացքում ակտիվ քննարկումներ էին ծավալվում Անահիտ աստվածուհու ծագման շուրջ՝ արդյոք այն հայկական, թե իրանական կամ այլ արմատներ ունի։ Հեղինակը ներկայացնում է պատմական, գիտական եւ ակադեմիական աղբյուրների վրա հիմնված ուսումնասիրություններ՝ անդրադառնալով հայկական մշակութային ժառանգության մեջ նրա տեղին։ Գիրքը փորձ է պահպանելու պատմական հիշողությունը, ազգային ինքնությունը եւ մշակութային շարունակականությունը մի ժամանակաշրջանում, երբ հաճախ վիճարկվում են պատմական արմատները։


Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաեւ հյուրերը, որոնք ընդգծեցին գրքի կարեւորությունը որպես կամուրջ անցյալի եւ ներկայի միջեւ։ Նրանք նշեցին, որ պատմությունը օգնում է հասկանալ սեփական ինքնությունը, արմատներն ու մշակութային ժառանգությունը։

Միջոցառման ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան ձեռք բերել գիրքը, ստանալ հեղինակի մակագրությունը եւ մասնակցել Հայաստանի պատմության թանգարանի ցուցասրահներով շրջայցին։

Լիա Սահակյան
Լուսանկարները՝ հեղիանկի

Կարդալ ավելին

Quality Sign BW