×


61-ամյա Պաուլինա Պորիզկովան ամուսնացել է «Ընկերներ»-ի սցենարիստներից Ջեֆ Գրինշտեյնի հետ

Ծանոթությունների էլիտար հավելվածում հանդիպելուց 3 տարի անց սուպերմոդել Պաուլինա Պորիզկովան ու հոլիվուդյան սցենարիստ Ջեֆ Գրինշտեյնն ամուսնացել են:

Պորիզկովայի պատմությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ երջանիկ դառնալու համար տարիքը երբեք էլ խոչընդոտ չէ: 61 տարեկանում սուպերմոդելը կրկին հարսանեկան զգեստ է հագել եւ «այո» է ասել 62-ամյա Գրինշտեյնին: Վերջինս «Ընկերներ» եւ «Հուսահատ տնային տնտեսուհիներ» կուլտային սերիալների սցենարիստներից եւ պրոդյուսերներից մեկն է:


Նրանց պատմությունը 2023 թվականին սկսվել է բավական անսպասելի՝ ծանոթությունների հավելվածում, որը ոչ բոլորին է հասանելի։

«Այս պատմությունն արդեն իսկ ծիծաղելի է: Ինչո՞ւ պետք է ապշեցուցիչ նախկին սուպերմոդելը ծանոթությունների հավելվածում հավաներ անփույթ ու ճաղատ կատակերգու գրողի էջը: Պարզվեց՝ որքան էլ վատն էր իմ էջը, նրա համար հիանալի սաունդթրեք էի ընտրել՝ Ջոնաթան Ռիչմանի եւ The Modern Lovers-ի «Ժամանակակից աշխարհը» (Modern World)», - իր ոճով Vogue-ի հետ զրույցում կատակել է Գրինշտեյնը:


Պորիզկովան խոստովանել է, որ երգը հավանել է, ու սկսել են շփվել: «Շուտով հաղորդագրություններից անցանք FaceTime-ի, թեյից՝ տեկիլայի, եւ զրույցներն ավելի ու ավելի երկարեցին։ Մինչեւ Պաուլինան, ակնհայտորեն նյարդայնացած, որ քայլ չեմ անում, գրեց. «Թղթի վրա դու իմ կատարյալ տղամարդն ես։ Ե՞րբ ես գալիս Նյու Յորք»»,- շարունակել է սցենարիստը։

Այդ հանդիպումը ճակատագրական էր նրանց համար։ Գրինշտեյնն ամուսնության առաջարկություն է արել նախորդ ամռանը՝ Կառլովի Վարի կատարած ուղեւորության ժամանակ։ Այս առիթի համար նա հատուկ մատանի էր ընտրել, որն ավելի քան մեկ դար առաջ ստեղծել է հայտնի չեխ ոսկերիչը: Պորիզկովայի համար այդ ժեստը հատուկ նշանակություն ուներ. նա բազմիցս խոստովանել է, որ իր համար պատմություն ունեցող իրերը շատ ավելի կարեւոր են, քան շքեղությունը։


Ոչ պակաս խորհրդանշական էր տոնակատարության վայրը. զույգն այն անցկացրել է իտալական Պիեմոնտի առանձնատներից մեկում, որը Պաուլինան առաջին անգամ տեսել էր մոտ 30 տարի առաջ՝ ֆոտոշարքերից մեկի ընթացքում։ Նա հիացել էր հին կալվածքի գեղեցկությամբ՝ երբեք չկասկածելով, որ մի օր այնտեղ կնշի իր սեփական հարսանիքը:

Արարողությունը տեղի է ունեցել մի քանի փուլով: Հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ Պորիզկովան եւ Գրինշտեյնը Իտալիայում պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները: Այդ լուսանկարները հրապարակվեցին չեխական Elle-ում:


Հարսանիքի համար Պորիզկովան ընտրել էր House of Gilles-ի կիսաթափանցիկ ու բացվածքով զգեստ, որը համադրել էր արծաթափայլ սանդալների եւ երկար սպիտակ քողի հետ։ Արարողությանը ներկա էին եղել միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները։

«Ուզում էի զրոյից կարված զգեստ, այլ ոչ թե սովորական մի բան: Ու նաեւ չէի ուզում, որ այն սպիտակ լինի: Որպես մոդել՝ բազմաթիվ սպիտակ հարսանեկան զգեստներ եմ հագել: Ուզում էի, որ այն հստակ գույն չունենա: Հարսանեկան խնջույքի ժամանակ մեր հյուրերից մեկը մոտեցավ ու ասաց. «Ձեր զգեստը տարերքի գույնն ունի: Այսինքն՝ մի գույն, որը չի կարելի նկարագրել, ինչպես ջրի դեպքում է»: Այնպես որ, կարծում եմ՝ ստացել եմ այն, ինչ ուզում էի»,- պատմել է հարսը:

Կարդալ ավելին

Quality Sign BW